«ՏաԹևեր» ճոպանուղին մեկնարկում է զբոսաշրջային նոր սեզոն

Աշխարհի ամենաերկար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին պատրաստ է նոր զբոսաշրջային սեզոնին: Այցելուները կարող են վայելել պանորամիկ տեսարանով թռիչքը դեպի Տաթևի վանական համալիր, գնալ քայլարշավների, օգտվել ջիպ տուրերից, այցելել միջնադարյան Ձիթհան և «Թաքնված փաստեր Տաթևի մասին» ցուցահանդեսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մինչ ճոպանուղով թռիչքը՝ Հալիձոր կայանի մոտ այցելուների համար բաց է «Թաքնված փաստեր Տաթևի մասին» ցուցահանդեսը։ Հյուրերը կկարողանան ծանոթանալ Տաթևի դարավոր պատմությանը, Սյունիքի զարգացման գործում ունեցած դերին, ինչպես նաև տարածաշրջանի հետաքրքիր փաստերին, թվերին և իրադարձություններին:

photo1.jpg (474 KB)

Տաթևի վանք տանող ճանապարհին՝ ճոպանուղու խցիկի պատուհանից բացվում են տեսարաններ դեպի Որոտանի գեղատեսիլ կիրճ, «Սատանի կամուրջ» և Տաթևի Մեծ անապատ:

Հասնելով տարածաշրջանի հոգևոր կենտրոն՝ Տաթևի վանք, հյուրերը կարող են այցելել նաև վանական խցեր և Ձիթհան միջնադարյան թանգարան:

Ակտիվ հանգիստը նախընտրողների համար «ՏաԹևեր»- ն առաջարկում է բազմատեսակ արշավներ և ջիպ տուրեր՝ հետաքրքրաշարժ ուղևորություններ դեպի Տաթևի լքված միջնադարյան գյուղերը։

photo3.jpg (441 KB)

«Տաթևը դարձել է Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը։  Ճոպանուղի այցելում է երկրի յուրաքանչյուր հինգերորդ հյուրը։ Դրա շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիքի մարզ 2010 թվականի համեմատ աճել է 17 անգամ։ Հուսով ենք, որ այս միտումը կշարունակվի, և աշխարհի տարբեր անկյուններից ավելի ու ավելի շատ մարդիկ կկարողանան բացահայտել այս եզակի ուղղությունը», – մեկնաբանել է ճոպանուղին կառավարող Impulse Business Management ընկերության տնօրեն Մարիա Բուտենկոն:

Ավելի քան 13 տարվա գործունեության ընթացքում «ՏաԹևեր» ճոպանուղուց օգտվել է ավելի քան 1 միլիոն մարդ: Ճոպանուղին ճանապարհորդների համար բացում է Հայաստանի՝  նախկինում անհասանելի անկյունները և բարձրացնում երկրի ճանաչելիությունը: «ՏաԹևեր» ճոպանուղին գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի  ճոպանուղին (5752 մետր): Այնտեղ գրանցվել է նաև ճոպանուղու ևս մեկ ձեռքբերում ՝ նման մասշտաբային ինժեներական կառույցի համար ամենակարճ շինարարության ժամկետը (10 ամիս)։  Ճոպանուղին երկու անգամ լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ ըստ World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակաբաշխության: Առաջին մրցանակը «ՏաԹևեր»-ին բաժին է հասել 2021 թ․-ին, երկրորդը ՝ 2023 թ․-ին։

Ճոպանուղու շինարարությունն իրականացրել է ավստրո-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը, որն այս ոլորտում առաջատարն է: «ՏաԹևեր» ճոպանուղին հաջողությամբ անցնում է անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխանող ամենամյա ստուգումը:

Ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղի համայնքի զարգացմանը: «ՏաԹևեր»-ը կառավարում է Impulse Business Management ընկերությունը։