«Արման Թաթոյանն էլ ժամանակին ԱՆ չինովնիկներից էր ու սկզբում շատ հարցերում իրեն դրսևորում էր որպես չինովնիկ». Նինա Կարապետյանց

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունները 2022 թվականի փետրվարի 23-ին կավարտվեն: Թաթոյանի թեկնածությունն առաջադրել էր այդ ժամանակ իշխող Հանրապետական մեծամասնությունը, և նա ՄԻՊ պաշտոնում ընտրվել է 2016 թվականի փետրվարի 23-ին:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվում են Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում: Այսինքն՝ մինչև փետրվարի 23-ը Հայաստանը պետք է ունենա նոր ՄԻՊ: Այդ կապակցությամբ իշխող խմբակցությունը առաջադրել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը: Ի դեպ, Արման Թաթոյանը ՄԻՊ պաշտոնում առաջադրվելու ժամանակ ևս արդարադատության փոխնախարար էր:

ՄԻՊ նոր թեկնածուի և նրա անկախ լինելու հնարավորության մասին «Մեդիալաբը» մի քանի հարց է ուղղել իրավապաշտպան Նինա Կարապետյանցին:

Տիկի՛ն Կարապետյանց, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ՄԻՊ պաշտոնում առաջադրել է արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը: Ի՞նչ կարծիքի եք:

– Քանի դեռ չի աշխատել, չեմ կարող գնահատական տալ: Բայց նախորդ աշխատանքային գործունեությունից կարող եմ եզրակացնել, որ տեսական առումով ունի շատ լավ բազա: Իմ անհանգստությունը վերաբերում է նրա պրակտիկ գործունեությանը՝ որքանով նա կարող է լինել անաչառ և բովանդակային գործունեություն իրականացնել:

– Նրա թեկնածությունից հետո տեսակետներ հնչեցին, որ նա իշխող ուժի ներկայացուցիչն է, և ՄԻՊ ինստիտուտի անկախության առումով կասկածներ հայտնվեցին: Կարծում եք իսկապե՞ս կարող է առաջանալ այդ խնդիրը:

– Նա փաստորեն հիմա կառավարության կազմում է և զբաղեցնում է փոխնախարարի պաշտոնը: Իհարկե, դա անհանգստացնող է: Բայց ես մեղավորության կանխավարկածից չեմ ելնի և չեմ բացառի, որ նա գուցե այդ պաշտոնում իրեն անկախ դրսևորի: Սակայն պետք է նկատեմ, որ ոչ մի երաշխիք չի հուշում, որ դա հենց այդպես էլ պետք է լինի:

Այլ, չեզոք դիրքորոշում ունեցող թեկնածություն ես չեմ էլ պատկերացնում, որ լինի այս իշխանությունների օրոք և բացառում եմ, որ կլիներ նման թեկնածություն: Այնպես որ, կարծում եմ՝ այլ թեկնածություն նրանց մոտ չի էլ քննարկվել:

Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը շատ կարևոր է, և միջազգային կազմակերպությունների լայն ուշադրության կենտրոնում է լինում, հետևաբար իր կենսագրությունը, իր հետագա կարիերան չփչացնելու համար ուղղակի ստիպված է լինելու ինչ-որ չափով օմբուդսմենին համարժեք ու արժանապատիվ վարքագիծ դրսևորել:

Այնպես որ, դա մեծ պատասխանատվություն ենթադրող գործառույթ է:

– Ինչո՞ւ եք բացառում, որ կլիներ չեզոք դիրքորոշմամբ թեկնածություն:

– Ես նույնիսկ չեմ բացառում կամ չեմ զարմանա, որ ստիպեն այս նոր ՄԻՊ-ին իր աշխատասենյակում փակցնել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը: Չեմ զարմանա ամենևին: Ես հույս ունեմ՝ նա կլինի ողջամիտ և չի ցանկանա տապալել իր հետագա կարիերան:

– Ընդհանրապես, երբ ասում ենք ՄԻՊ-ի անկախ գործունեություն, ի՞նչ նկատի ունենք: Օրինակը կարո՞ղ է լինել գործող ՄԻՊ-ի գործունեությունը:

– Իրականում անկախությունը օմբուդսմենի գործունեության ամենակարևոր էլեմենտն է, և, այո՛, նա չպետք է կախված լինի ո՛չ իշխող ուժից, ո՛չ ընդդիմությունից և ո՛չ առհասարակ որևէ մեկից: Դա բացի օրենսդրական, իրավական կարգավորումներից, նաև մարդուն բնորոշ հատկություն է. օմբուդսմենը չպետք է լինի որևէ մեկի ազդեցության տակ:

– Եթե կհիշեք, Արման Թաթոյանին էլ այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցությունը առաջադրեց, և այն ժամանակ նա նույնպես արդարադատության փոխնախարար էր…

– Այո՛, Թաթոյանն էլ ժամանակին արդարադատության նախարարության չինովնիկներից էր ու սկզբնական ժամանակաշրջանում՝ մինչև հեղափոխությունը, նա էլ իրեն շատ հարցերում դրսևորում էր որպես չինովնիկ: Այնտեղ, որտեղ օմբուդսմենը ռեալ կարող էր ու ի պաշտոնե պարտավոր էր հստակ, հրատապ գործողություններ իրականացնել, չէր անում:

Մենք բախվել ենք այդ խնդրին, երբ «Սասնա ծռերի» տղաները հացադուլ էին հայտարարել, ու նրանց կյանքին վտանգ էր սպառնում: Մենք դիմեցինք, ու Արման Թաթոյանը շատ չինովնիկական պատասխան տվեց, ասելով՝ դե, ես նամակը ուղարկել եմ կալանավայրերի վարչություն ու սպասում եմ նրանց պատասխանին, և նրանք 30 օր ժամանակ ունեն պատասխանելու: Դա այն դեպքում, երբ այդ մարդիկ մեկ ամիս հացադուլի մեջ էին:

Բայց պետք է ասեմ նաև, որ պատերազմի ընթացքում, պատերազմից հետո, այո՛, պարոն Թաթոյանը բացառիկ կարևորության գործ կատարեց ու բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորեց: Մենք ունենում էինք անկախ ինստիտուտի մասնագիտական տեսակետներ, ու սա շատ կարևոր էր հենց պետության համար:

Բայց էնպես չէ, որ Արման Թաթոյանն էլ չափից դուրս անկախ էր, ես կարծում եմ՝ նա էլ իմ պատկերացրած օմբուդսմենը չէր:

– Չե՞ք կարծում, որ խնդիրը, ՄԻՊ-ի անկախ լինել-չլինելու հարցը հենց այդ պաշտոնյայի ընտրության կարգից է գալիս. խորհրդարանի մեծամասնությունն առաջադրում է ու ընտրում, ըստ էության:

– Այո՛, թեկնածուն, մեծ իմաստով կախված է խորհրդարանական մեծամասնությունից: Այստեղ շեշտը դրված է խորհրդարանի ու մեծամասնության ողջամտության, պետականամետության վրա:

Լավ կլիներ, որ խորհրդարանական ուժերը առհասարակ հասկանային, թե որքան կարևոր է օմբուդսմենի ինստիտուտը երկրի համար, և առավելագույն արդյունքի հասնելու համար մենք պետք է ունենանք անկախ ինստիտուտ, պրոֆեսիոնալ մասնագետ, բարձր հեղինակություն վայելող մարդ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am