Թալիբների հետ փորձում են պայմանավորվել ռեգիոնալ պետությունները․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թալիբների հետ փորձում են պայմանավորվել բոլոր ռեգիոնալ պետությունները, որոնք կարող են ունենալ Աֆղանստանում նրանց իշխանության հաստատմամբ պայմանավորված կապված խնդիրներ: Չինաստան, Իրան, Թուրքիա, Ռուսաստան: Ու սա էն դեպքում, երբ Թալիբները շարունակում են միջազգայնորեն դիտվել ահաբեկչական կազմակերպություն:

Նրանց հետ Դոհայում քննարկումների մեջ են ամերիկացիները: Այդ ամենը սակայն չի կարող զարմանալի լինել միջազգային քաղաքականության, կամ պարզապես քաղաքականության համարժեք ընկալման պայմաններում: Խնդիրը քաղաքականության բարոյական կամ անբարոյական լինելը չէ, երբ հաճախ հնչում է այդ բանալ գնահատականը:

Բանն այն է, որ քաղաքականությունը խնդիրներ լուծելու գործունեության դաշտ է, եւ գործողությունները պայմանավորվում են լոկ ձեւակերպված խնդիրների լուծման անհրաժեշտությունից բխող տրամաբանությամբ:

Ու թալիբների հետ քննարկումների օրինակը նաեւ մեզ համար խիստ ընդգծում է պարզ հանգամանք՝ քո իսկ քաղաքականության արդյունավետության համար, անգամ թշնամի դիտարկվող սուբյեկտի հետ ուղիղ խոսակցության հնարավորության, ուղիղ խոսակցության կոմունիկացիայի կարեւորությունն ու անհրաժեշտությունը»: