Սուրբ Աթոռի ներկայացուցիչ Անտոնիո Սպադարոն պատասխանել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը՝ այն որակելով որպես անզորության նշան։ Այս մասին նա գրել է X հարթակում։
«Թրամփը չի բանավիճում Լևոն XIV-ի հետ․ նա փորձում է նրան վերադարձնել այն լեզվին, որը կարող է վերահսկել։ Սակայն Պապը խոսում է այլ լեզվով, որը չի ենթարկվում ուժի, անվտանգության և ազգային շահերի քերականությանը», – նշել է Սպադարոն։
Նա ընդգծել է, որ Թրամփի քննադատությունը «անզորության խոստովանություն» է։
«Չկարողանալով ճանաչել այս ձայնը՝ իշխանությունը փորձում է այն զրկել օրինականությունից», – ասել է Սպադարոն՝ հավելելով, որ, իր կարծիքով, Թրամփը փաստացի ընդունում է Լևոն XIV-ի խոսքերի կշիռը։
«Եթե Լևոն XIV-ի խոսքերն անտեղի լինեին, ապա նա արժանի չէր լինի պատասխանի։ Փոխարենը՝ նրան հիշատակում են, անվանում, հակադրվում․ սա նշան է, որ նրա խոսքերը նշանակություն ունեն», – նշել է Վատիկանի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Թրամփը քննադատել էր Հռոմի պապին՝ Իրանի հարցում իր քաղաքականությանը չաջակցելու համար՝ նշելով, որ Լևոն XIV-ը պապ է ընտրվել «միայն այն բանի համար, որ ամերիկացի է»։



















