Եթե շարժումը գտնի, որ «պլան Բ»-ն այլևս անխուսափելի է, ուրեմն կլինի «պլան Բ», բայց ես չգիտեմ՝ դա որն է. դաշնակցական

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայրենիքի փրկության շարժման» անդամ, դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանը

– Տիկի՛ն Կյուրեղյան, գլխավոր շտաբի պետին ազատելու մասին որոշումը փաստորեն մտավ ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը այլևս ԳՇ պետ չէ: Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ:

– Այն, որ վարչապետը գնալու էր այդ քայլին և հայտարարելու էր, որ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով ազատված է աշխատանքից, սպասելի էր, որովհետև նրա վախերը ամեն ինչ ստիպում են անել:

Բայց նա մոռանում է, որ խնդիրն այստեղ միայն Օնիկ Գասպարյանը չէ, և նրա հրաժարականի պահանջի տակ, Գասպարյանից բացի, ստորագրել են նաև ամբողջ շտաբը, հրամանատարական կազմը:

Նա խնդիր ունի ամբողջ հրամանատարական կազմի հետ և միայն Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելով իր ուզած արդյունքը չի կարող ունենալ:

Բացի այդ, նախագահը դիմել է Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականության հարցը լուծելու խնդրանքով: Նախագահն իր դիմումում նշել է, որ օրենքը իրավակիրառ պրակտիկայում արծարծել է խնդիրներ, որոնք հատկապես առնչվեցին Օնիկ Գասպարյանի՝ աշխատանքից ազատման հետ:

Սա մի տեսակ պատասխանատվությունից փախչելու ձև է, որովհետև եթե զգում ես, որ օրենքը իրավակիրառ պրակտիկայում առաջացրել է խնդիրներ, ուրեմն հենց սկզբից այդ հրամանագիրն ուղարկեիր ՍԴ: 

– Նախագահն ինքն էլ էր նպատակահարմար գտնում, որ կառավարությունը և, մասնավորապես, վարչապետը հրաժարական տան: Ինչո՞ւ ինքն էլ չկանգնեց հրաժարական պահանջողների կողքին:

– Նախագահը վաղուց է իր անգործությունը դրսևորել, և երեք տարիների ընթացքում պարբերաբար առաջացել են իրավիճակներ, երբ նրա վճռորոշ գործողության փոխարեն տեսել ենք անգործություն:

Հիշեք հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի շրջափակումը, դատարանների շրջափակումը, ՍԴ դատավորների նկատմամբ հակասահմանադրական գործողությունները:

Այնպես որ, նախագահը երբեք տեր չի կանգնել իր լիազորություններին և երբեք չի հիշել, որ Սահմանադրության պահպանման երաշխավորն է: Ի՞նչ ասել մի մարդու մասին, ով մեր հարկերից աշխատավարձ է ստանում և ոչինչ չի անում՝ պաշտպանելու հարկատուներին:

Այնպես որ, ինքը լրացնում է երկիրը կործանողների շարքը: Ինքը նույնպես հավասարապես պետք է պատասխանատվություն կրի այս ամեն ինչի համար: Համոզված եմ, որ գալու է պատիժ կրելու ժամանակը: 

– Եկեք շարժման գործողությունների մասին խոսենք. դուք, ինչպես հայտարարվել էր, գիշերը փակ եք պահել Ազգային ժողովի շենքի մուտքերը, բայց հիմա կարծես ԱԺ-ում նիստեր են անցկացվում…

– Ըստ էության, գլխավոր մուտքերից ԱԺ պատգամավորները չեն կարողացել մուտք գործել խորհրդարանի շենք, բայց ես տեղեկություն ստացա, որ ԱԺ տնտեսական մուտքով կարողացել են մտնել շենք:

Այդ մուտքը նախատեսված է ապրանքների, մեքենաների մուտքի համար: Բայց դրանով, իհարկե, ոչինչ չի փոխվի: Շրջափակման իմաստն այն է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վերջապես հասկանան, որ իրենք են առաջնային մանդատ կրողը և բոլորովին պարտավոր չեն իրականացնել գերագույն գլխավոր վարչապետի հրամանները:

Նրանք նույնպես կրելու են պատասխանատվություն: Եվ եթե վարչապետն ու իր ընտանիքի անդամները միգուցե թողնեն, փախչեն, հեռանան ու ազատվեն պատասխանատվությունից, ապա պատգամավորները պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն չունեն: 

– Հնարավո՞ր է այդուհանդերձ, արտահերթ ընտրությունների թեմայի շուրջ քննարկման մեջ մտնեք իշխող ուժի հետ:

– Գիտեք, մենք իշխող ուժի հետ օրակարգային մեկ հարց ունենք քննարկելու, և դա վարչապետի հրաժարականն է: 

-Բայց, կարծես, հանրությունը, այն մեծ զանգվածը, որի պատճառով իշխանությունը հրաժարական կտար, ձեր շարժման կողքին չէ:

– Ձեզ թվում է, թե կրիտիկական զանգված չկա, եթե վարչապետը չվախենար, այդքան ոստիկանների չէր բերի, մեզ չէր շրջապատի, ինքը 100 մետրից ավելի քայլելու համար 2000 ոստիկաններով չէր քայլի:

Նշանակում է, որ ինքը վախեր ունի ու սարսափելի վախեր ունի: Նա ընդամենը մտածում է իր իշխանությունը երկարացնելու մասին: Ամեն անգամ երբ հայտարարում է արտահերթ ընտրությունների մասին, իր վախերի դրսևորումն է:

Շարժումը թափ է ստանում, և նա փորձում է իր հրաժարականի պահանջի հարցը շեղել դեպի արտահերթ ընտրություններ: Ո՛չ, արտահերթ ընտրությունների պահանջը մեր պահանջն է, բայց առանց Նիկոլի և ժամանակավոր կառավարություն ձևավորելուց հետո:

Ձեր շարժման ընդդիմախոսները, ոչ իշխանական թևից, ասում են՝ Ռոբերտ Քոչարյանն է շարժման հետևում կանգնած…

– Դաշնակցությունը 130 տարվա կուսակցություն է, և Դաշնակցությունը միշտ գործել է ազգային օրակարգով: Գործել է 100 տարի առաջ, 130 տարի առաջ, երբ պետություն է ստեղծվել, գործել է 50-70 տարիների ընթացքում՝ ընդհատակում, և ոչ մի անգամ մեր հետևում որևէ մեկը չի եղել:

– Դաշնակցությունը նաև եղել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը…

– Այն, որ տարբեր քաղաքական ուժերի շահերը, նպատակները կարող են համընկնել, և այդ հարցի շուրջ համագործակցություն լինի, նորմալ քաղաքական գործընթաց է:

Իսկ թե ընթացքում ի՛նչ կլինի… Այս պահին 17 տարբեր կուսակցություններ, տարբեր մտավորական խմբեր միավորվել են «Հայրենիքի փրկության շարժման» մեջ, և պահանջը մեկն է՝ վարչապետի հրաժարական:

Բոլորի թիկունքում Ռոբերտ Քոչարյա՞նն է կանգնած: Դա խայծ է, որ ուզում են բաց թողնել հանրության մեջ և հրաժարականից քննարկումը շեղել: Բայց դա չի ստացվի իրենց մոտ:

– Դուք պատկերացնո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի հետ ընտրություններին մասնակցությունը՝ հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում այդ մասին բավական ակտիվ տեղեկություններ են տարածվում:

– Ես էլի եմ կրկնում՝ առայժմ մեր առաջնահերթ խնդիրը վարչապետի հրաժարականն է: Այդ հրաժարականի գործը օր առաջ իրականացնելու համար պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել, ովքեր այդ խնդիրը դարձրել են առաջնային նպատակ:

– «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդը հայտարարել էր կայծակնային արագությամբ շենքեր գրավելու մասին: Կա՞ն առաջիկայում նման ծրագրեր, քննարկվո՞ւմ է նման բան:

– Դուք շարժման ղեկավար Վազգեն Մանուկյանի հայտարարության մասին եք խոսում: Նա խոսել էր «պլան Ա»-ի և «պլան Բ»-ի մասին: Ես չգիտեմ՝ «պլան Բ»-ն որն է, բայց առայժմ «պլան Ա»-ն իր բոլոր նախատեսված գործողություններով ընթանում է, և մենք քայլ առ քայլ դրական արդյունքները արձանագրում ենք:

Առայժմ «պլան Բ»-ի խնդիր չունենք: Բայց համոզված եղեք՝ եթե «Հայրենիքի փրկության շարժումը» գտնի, որ «պլան Բ»-ն այլևս անխուսափելի է, ուրեմն կլինի «պլան Բ»:

Բայց ես չգիտեմ՝ դա որն է: Սակայն պետք է ասեմ, որ առայժմ «պլան Ա»-ն իր գործն անում է:

– Դուք շարժման դրական արդյունքների մասին խոսեցիք, ի՞նչ նկատի ունեք:

– Հենց միայն այն, որ հանրապետության տարբեր մարզերից բերել է ոստիկանության ուժեր ու շրջափակել է տարածքը: Հենց միայն նրա (նկատի ունի Փաշինյանին-հեղ.) վախի դրսևորումները մեր շարժման դրական արդյունքներից են:

Նա սարսափում է 100 մետր ոտքով քայլել: Այսօր տեսնո՞ւմ եք՝ հեծանիվով գործի գնացող վարչապետն ինչպես է պաշտպանվում: Դրանից լավ հաղթանա՞կ: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am