Հայաստանի ռուսամետ ուժերին շատ քիչ ժամանակ է մնացել

Հայաստանի ռուսամետ ուժերին շատ քիչ ժամանակ է մնացել
Հայաստանի ռուսամետ ուժերին շատ քիչ ժամանակ է մնացել

Lragir.am -Մեր զրուցակիցն է հրապարակախոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

-Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը կարծես իրականություն է դառնում: Ի՞նչ վտանգներ եք տեսնում և ի՞նչ իրավիճակում է Հայաստանն այս պահին, հեղափոխակա՞ն:

-Մենք շատ ենք խոսել ԵՏՄ արտաքին սպառնալիքի մասին, մասնավորապես տնտեսական սպառնալիքի մասին, որը պայմանավորված է և արտաքին աշխարհի կողմից կիրառվող պատժամիջոցներով, և Ռուսաստանի տնտեսության աստիճանական անկումով, և ռուսական մեծապետական ամբիցիաներով, բայց հիմա արդեն ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միությունը բավականաչափ ապակայունացնում է նաև իրավիճակը սահմանին, և ինչու չէ, անդրադառնում է նաև Հայաստանի ներքին իրավիճակի վրա:

Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ներքին իրավիճակի լարվածությունն աճել է, և այդ լարվածությունը ես չեմ գնահատում հեղափոխական: Հեղափոխությունը  միշտ մեկ համակարգը մյուսով փոխարինելու միտում է: Հեղափոխությունը, չեմ ասում բարիքի կամ չարիքի համար արվող, բայց անկախ ամեն ինչից արմատական փոփոխություն է: Այսինքն՝ ենթադրվում է, որ մենք Հայաստանում պետք է ունենայինք արմատական փոփոխություն՝ ԵՏՄ անդամակցությունը եվրոպական կողմնորոշմամբ փոխարինող, մենաշնորհային տնտեսությունը հանրային տնտեսությամբ փոխարինող, կոռուպցիոն ռիսկերի նվազում և այլն, սակայն մենք այդ ամենը չենք տեսնում: Դրա փոխարեն հասկանում ենք, որ պտտվում ենք նույն արատավոր քաղաքականության ուղեծրում, որտեղ աննշան վայրիվերումներով փոխվում են դերակատարները, բայց չի փոխվում կործանարար գաղափարների այն ամբողջությունը, որը մեր երկիրը բերել հասցրել է այս խնդրահարույց իրավիճակին:

-Ձեր կարծիքով՝ հոկտեմբերի 10-ը լինելո՞ւ է այն բաժանարար գիծը, որի մասին հայտարարում են հանրահավաքի կազմակերպիչները:

-Ինչի՞ բաժանարար գիծը: Ես կարծում եմ, որ բաժանարար գիծն արդարացիորեն դժգոհ հասարակության և իշխանությունը զավթած խմբի մեջ է: Մենք ունենք հասարակություն, որը չի տիրապետում տնտեսական, իրավական, պետական ռեսուրսներին և այդ պատճառով արտագաղթում է երկրից կամ իր արդարացի բողոքն է դրսևորում, դա մի բան է: Բայց երբ այդ հասարակությունն օգտագործվում է տնտեսության լծակները բաժանող խմբերի մեջ, ես դա չեմ համարում արմատական իրավիճակ, համարում եմ ուղղակի հասարակության ուժի և դժգոհության չարաշահում հանուն ինչ-որ ներքին նպատակների:

-Այնուամենայնիվ, կհնչի՞ իշխանափոխության կոչ:

-Իշխանափոխության կոչեր կհնչեն, որովհետև ինչպես ամենուր, ես դա պայմանավորում եմ ԵՏՄ անդամակցելով: Դուք հասկանում եք, որ արմատապես սեղմվել է տնտեսական շուկայի օղակը Ռուսաստանի տիրույթում գտնվող երկրների շուրջ: Այսինքն՝ այդ մարդիկ չունեն ազատ առևտրի հնարավորություն, չունեն հնարավորություն միջազգային օգնություն ստանալու, և դա շատ կարևոր է: Այդ մարդիկ սովոր են մեծ քանակությամբ ռեսուրս սպառել, և հիմա այդ ռեսուրսը նվազել է: Ու հիմա սկսվում է ներքին պայքար ռեսուրսի մեծ մասին տիրապետելու համար: Դրա համար ես կարծում եմ, որ սա ընդհանուր Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ պայմանավորված քաղաքական իրավիճակի սրում է: ԵՏՄ-ի և մասնավորապես Ռուսաստանի ազդեցության ժամանակը ամիսներով, եթե չասեմ օրերով են հաշվում, և փորձում են այդ ընթացքում ռուսամետ շրջանակում հասնել իշխանությունը վերցնելու խնդրին: Կարդալ ավելին`սկզբնաղբյուր կայքում