Ի նպաստ մշակութային ժառանգության կենսունակության. Սիսիանի թանգարանում բացվել է խանութ-ցուցասրահ

Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի նախասրահը վերակազմակերպվել է խանութ-ցուցասրահի, որտեղ ներկայացված են Հայաստանի տարբեր մարզերից 25 արհեստագործների ձեռագործ աշխատանքներ: 

Վաճառասրահի բացումն իրականացվել է Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի (Միջազգային զարգացման գործակալություն) ֆինանսավորմամբ: 

Որպես Սիսիանի զբոսաշրջային կենտրոն՝ թանգարանում խանութ-ցուցասրահի բացմամբ այցելուների համար կստեղծվի հաղորդակցման ժամանակակից միջավայր,  այն կնպաստի հայկական մշակութային ժառանգության կենսունակության ապահովմանը և արհեստագործական ներուժի ճանաչելիության բարձրացմանը:

Բացման արարողության շրջանակում կազմակերպվել էին վարպետաց տաղավարներ՝ այցելուների համար տեղի արհեստագործական ավանդույթներին հաղորդակցվելու հնարավորություն ստեղծելով:

Հավելենք, որ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագիրն աջակցում է մարզային թանգարաններին՝ բարելավելու այցելուների փորձառությունը և նորարարական գործունեության շնորհիվ խթանելու նրանց եկամտաստեղծ ներուժը: 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ