«Վեցերորդ անգամ վիրահատեցին վիրավոր ոտքը»․ Առուստամյանները, Շուշիիում ամեն ինչ կորցրած, սփոփվում են, որ զոհ չեն ունեցել

Արցախյան պատերազմը ամբողջովին շրջել է նաև Առուստամյանների ընտանիքի կյանքը՝ Շուշիում կորցրել են իրենց տունն ու տեղը, պատերազմի ժամանակ ծանր վիրավորում է ստացել 48-ամյա Կարո Առուստամյանը։ Կնոջ՝ 38-ամյա Կարինե Ավանեսյանի խոսքով՝ դեռ չեն պատկերացնում՝ ինչպիսին է լինելու վաղվա օրը, այժմ մտածում են միայն ամուսնու ապաքինման մասին:

«Հոկտեմբերի 13-ից մինչև էսօր ինքը բուժվում ա, վիրավորում է ստացել աջ ոտքն ու ձեռքը, փառք Աստծո, ձեռքն ավելի լավ է, բայց ոտքը երկու-երեք օր առաջ էլի վիրահատեցին՝ արդեն վեցերորդ անգամ։

Սկզբնական շրջանում շշերով, երկաթներով հավաքած էր, հետո աստիճանաբար հանելով հասել են նրան, որ պլատինից ինչ-որ երկաթ ա դրված եղել, երևի օրգանիզմը չէր վերցրել, վիրավոր ոտքում բորբոքային պրոցես էր առաջացել: Խոր մնացած վերքեր կային, նաև թարախային պրոցես կար, որ պետք է հանեին, վեցերորդ վիրահատությունը դրա համար արեցին»,- պատմում է կինը։

Կարինեն պատմում է, որ տնից տեղահանվել են պատերազմի առաջին օրը։ Մատաղիսում են բնակվել՝ աշխատանքի բերումով, կորցրել են ոչ միայն Մատաղիսի տան գույքը, այլ նաև Շուշիում գտնվող տունը, որը վերջերս էին վերանորոգել ու չհասցրեցին վայելել ու հայտնվեցին ձեռնունայն վիճակում:

«5 ժամ նկուղներում մնալուց հետո մի կերպ դուրս եկանք, անբացատրելի զգացում էր, վախի զգացումով, դղրդոցների միջով, շենքերին խփում էին: Մենք ապրում էինք Մատաղիսի սպայական շենքում՝ որպես զինծառայող էնտեղ էինք բնակվում։ Ընդամենը դուրս ենք եկել գիշերանոցներով ու դամաշնիկներով, մենակ հասցրել ենք բախտի բերմամբ փաստաթղթերը վերցնել»,- պատմում է Կարինե Ավանեսյանը։

Կարինեն երեխաների հետ ապաստան է գտնում Վանաձորում՝ բարեկամի տանը, իսկ ամուսինը մեկնում է դիրքեր:

«Ամուսինս Մատաղիս-Թալիշ՝ էդ հատվածում ա եղել։ Նույնիսկ 3-4 օր հնարավորություն չի եղել կապ հաստատել իրենց հետ, իրենք են պատմում՝ չորս կողմից ռմբակոծություններ ա եղել, չեն հասկացել՝ մեր մոտի՞ց ա, թե՞ հակառակորդի: 4 օր կորած մնացել են, մի կերպ դրանից հետո եկել, հոկտեմբերի 13-ին վիրավորվել ա ամուսինս, տեղափոխել են հիվանդանոց»,- ասում է կինը։

Կարինեի խոսքով՝ պատերազմի օրերին տեղահանվելիս իրենց մտքով էլ չէր անցնի, որ այլևս իրենց տուն վերադառնալու հնարավորություն չի ստեղծվի, ցավով ասում է, որ ինչ ստեղծել էին 18 տարվա ընթացքում, մի վայրկյանում կորցրին:

«Սկզբնական շրջանում ոչ մեկս չէր պատկերացնում, որ կարող ա նենց ստացվի, որ չվերադառնանք: Մտածում էինք՝ քառօրյա ա, բայց որ տեսանք՝ երկարում ա ամեն ինչը, վերջանալու մտադրություն չունի ու հասավ Շուշի։ Սկզբում համակերպվեցինք էն մտքին, որ Մատաղիսը չկա, ունեցվածքը, ամեն ինչը հեչ դարձավ: Ծնողներս ասում էին՝ ինչի՞ ես թանկանոց իրերը տարել Մատաղիս՝ իմանալով, որ սահմանի բերան ա, չթողեցիր Շուշի: Բայց ստացվեց նենց, որ հասավ Շուշի»,- հուզմունքով ասում է Կարինեն։

Այնուհետև նշում է, որ սփոփվում են այն հանգամանքով, որ ամուսինը ողջ է,ճիշտ է՝ վիրավոր է, բայց երեխաների կողքին:

«Միակ սփոփանքը էն ա, որ շրջվում ես տեսնում, մարդկային զոհ չես ունեցել, մնացածը նյութական ա: Նենց չի, որ ցավոտ չի, նենց չի, որ չես հիշում, սփոփվում ենք մի բանով, որ մարդկային կորուստ չունեցանք։ Հույս ունենք՝ կամաց-կամաց կհասնենք նրան, ինչ ունեինք»,- ասում է Կարինեն։

Նշում է, որ այժմ ծախսերը հոգում են պետության կողմից ստացված աջակցությամբ, սակայն դա բավարարում է տան վարձի, կոմունալների համար, այլ անհրաժեշտ ծախսերը հոգալ չի ստացվում:

«Պիտի տաս կոմունալներ, բնակարանի վարձ, գալիս, հասնում ա նրան, որ չես կարողանում անես էն, ինչ քեզ պետք ա: Ատամների խնդիր ունեմ, որը մեծ գումարների հետ ա կապված, սթրեսից էր հավանաբար, նախկին գցած ատամները թափվեցին»,- ասում է կինը: 

Նշում է, որ եթե Արցախում տան փոխհատուցում լինի, աշխատանքի հնարավորություն, և անվտանգության երաշխիքներ տրվեն, ապա ընտանիքով կվերադառնան հայրենիք, սակայն այժմ դա հնարավոր չի համարում:

«Մինչև անվտանգության երաշխիք չլինի, էնտեղ երեխա տանելու չի, 13,15 տարեկան աղջիկներ ունեմ, որպես ծնող՝ չեմ ուզենա իրենք էնտեղ լինեն։ Ես ինքս գնում-գալիս եմ Արցախ, բայց ամբողջությամբ անվտանգ չի: Մի ճանապարհ, որ անցնում ա թուրքի միջով, ճանապարհին հանդիպող մեքենաները ադրբեջանական պետհամարանիշի են լինում, չես կարող կողմնորոշվել ու ասել, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասում է Կարինեն:

Արփինե Արզումանյան

MediaLab.am