«Ալիեւը մեծ նվեր արեց Պուտինին`սահմանային միջադեպեր հրահրելով». վերլուծաբաններ

«Ալիեւը մեծ նվեր արեց Պուտինին`սահմանային միջադեպեր հրահրելով». վերլուծաբաններ
«Ալիեւը մեծ նվեր արեց Պուտինին`սահմանային միջադեպեր հրահրելով». վերլուծաբաններ

Մինչ Հայաստանում եւ Ադրբեջանում հասարակությունը սահմանային լարվածության եւ երկուստեք մարդկային կորուստների ֆոնին շարունակում է կանխատեսումներ անել հնարավոր զարգացումների եւ պատերազմի վերսկսման հնարավորության մասին, շատերը փորձում են նժարի վրա դնել, եւ հասկանալ աշխարհաքաղաքական խառը իրավիճակում ում էր ձեռնտու ստեղծված աննախադեպ իրավիճակը: 

Թեեւ օգոստոսի 10-ին Սոչիում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացած Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպման եզրահանգման մեջ հնչեցին ոչ ռազմական լուծման եւ խաղաղության խոսքեր, այնուամենայնիվ, գրեթե 10 ամիս չստացվող Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ստացված հապշտապ հանդիպումը, հակասական վիճակում հայտնված ՌԴ խաղաղասիրական նախաձեռնությունը վերլուծաբանները պատահական չեն համարում:

«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, վերլուծաբան Աղասի Ենոքյանը սահմանային աննախադեպ լարվածությունը երրորդ ուժի կողմից «պրովակացիա» է համարում, որի շնորհիվ հնարավոր եղավ երկարամսյա ընդմիջումից հետո արագորեն կազմակերպել եռակողմ հանդիպումը եւ ցույց տալ Հարավային Կովկասում Ռուսաստանի ունեցած ազդեցությունը:

«Ռուսաստանի հանդեպ կիրառվող համատարած պատժամիջոցների, Արեւելյան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին, Սոչիում տեղի ունեցած հանդիպումով Պուտինը սեփական երկրում փորձում է իր ուժը ցույց տալ»,-«Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը,- անկասկած սահմանային սրացումը եւ Սոչի հանիպումը միմյանց հետ փոխկապակցված են, քանի որ իրավիճակն այնպես զարգացավ, ինչը ձեռնտու էր Ռուսաստանին»:

Տեղեկացնենք, որ հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում սկիզբ առած լարվածությունն ու հրադադարի խախտման ռեժիմն ըստ մասնագետների աննախադեպ էր 1994 թվականից ի վեր:

Բաժանարար գծի երկու կողմերում զոհերի եւ վիրավորների մասին տեղեկությունները հակասական էին: ԼՂՀ ՊԲ տվյալների համաձայն, տվյալ ժամանակահատվածում ադրբեջանական բանակն ունեցել է 25 զոհ եւ 30-ից ավել վիրավորներ, հայկական կողմում զոհերի թիվը կազմել է 5, վիրավորվել է 7 հոգի:

Չնայած իշխանությունները անկում ապրած վարկանիշին, միջադեպերի ինտենսիվությունը եւ հայկական բանակի հաջողությունները, վերջին օրերին բուռն ոգեւորության առիթ են հանդիսացել Հայաստանում`բարձրացնելով պաշտպանության նախարարի վարկանիշը, եւ առիթ հանդիսանալով առաջին գիծ մեկնողների խմբերի ձեւավորմանն ու հայրենասիրական կոչերին:

«Ռուսաստանը լինելով մեր ռազամավարական ընկերը Ադրբեջանին զենք է վաճառում, Ադրբեջանն էլ այդ զենքով գնդակոծում է մեր գյուղերը, սպանում մեր զինվորներին, սակայն հայկական բանակի ոգին միշտ էլ ուժեղ է, մեզ հնարավոր չէ հաղթել,-«Մեդիալաբին» ասում է մասնագիտությամբ շինարար, 39-ամյա Աշոտ Մակարյանը,-այսօր ավելի լավ է մենք մեկնենք ռազմաճակատ, քան մեր երեխաները` վաղը»:

Սահմանային լարվածությունը, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը եւ Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն հաղորդակվող անոթների պես իրար է կապում քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

«Այն ինչ անում է Ռուսասատանը արեւելյան Ուկրաինայում ստանում է կոշտ պատասխան, դա փորձում է հավասարակշռել խաղաղասիրական այսպես ասած պոտենցիալով,-«Մեդիալաբին» ասում է Մեհրաբյանը,-Ալիեւը մեծ նվեր արեց Պուտինին`սահմանային միջադեպեր հրահրելով, ռուսները միանգամից վերցրին փոխանցումը, բայց գոլ չխփեցին: Հայաստանը պետք է ճանապարհ գտնի եվրասիական այս ճանապարհից դուրս գալու համար, սա մի ճանապարհ է, որը Ռուսաստանը ուզում է Հայաստանի միջոցով վաճառել Ադրբեջանին»:

Մարի Ներսեսյան

© Medialab.am