Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Ուղերձում մասնավորապես ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ամբողջ հայ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ:
Անցած երեսուն տարիներին Ձեր երկիրը հասարակական-քաղաքական կյանքի արդիականացման, քաղաքացիների կյանքի որակի բարելավման ու բարեկեցության մակարդակի բարձրացմանն ուղղված լայնածավալ բարեփոխումների իրականացման գործում հասել է ծանրակշիռ արդյունքների:
Ղազախստանի և Հայաստանի ընդհանուր պատմությունը, բարեկամական կապերն ամուր հիմք են՝ բազմակողմ հարաբերությունների զարգացման համար: Վստահ եմ՝ համատեղ ուժերով կարող ենք նոր լիցք հաղորդել հայ-ղազախական համագործակցությանը, այդ թվում՝ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների շրջանակում՝ ի շահ մեր ժողովուրդների»: