ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանի կարծիքով՝ Հայաստանում պաշտոնական տվյալներով կորոնավիրուսից մահվան օրական դեպքերի քանակն աճում է, որովհետև վարակելիությունը գրեթե մասսայական է դարձել:
«Դեպքերը շատացել են, մահերը՝ նույնպես: Բնական պրոցես է»,- «Մեդիալաբին» ասում է Տեր-Ստեփանյանը:
Նկատենք, որ Հայաստանում վերջին օրերին, պաշտոնական տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից մահվան դեպքերը երկնիշ թվերով են գրանցվում՝ փետրվարի 13-ին գրանցվել է 19 մահ, 12-ին՝ 10, փետրվարի՝ 11-ին՝ 12 մահ և այդպես շարունակ:
«Երբ հիվանդների թիվը սկսում է շատանալ, բնականաբար, բարդությունները միանգամից չեն զարգանում, այլ՝ ժամանակի ընթացքում: Այն օրերին, երբ օրական 4000-ից ավելի դեպք է գրանցվել, այդ օրերի բարդությունները հիմա ավարտվում են մահվան ելքով»,- հստակեցնում է մասնագետը:
Չնայած երկնիշ թվերով մահվան դեպքերին՝ Մերի Տեր-Ստեփանյանը, պնդում է՝ «օմիկրոն» շտամից բարդություններն ավելի քիչ հավանական են, քան «դելտայի» պարագայում էր:
««Օմիկրոնից» բարդությունները քիչ հավանական են, իսկ «դելտայի» դեպքում մահաբերությունն ավելի բարձր էր: Երբ հերթական ալիքն ավարտվի, նոր միայն կարելի է համեմատություններ կատարել ու եզրահանգումների գալ: Թե՛ հոսպիտալացումների, թե՛ ծանր հիվանդների թվով այս պահին կարելի է ասել, որ «օմիկրոնը» մի քանի անգամ ավելի թեթև ընթացք ունի, քան «դելտան»»,- նշում է մասնագետը:
Այն, որ այս հիվանդության ընթացքը թեթև է, ըստ Մերի Տեր-Ստեփանյանի, չի նշանակում, թե պետք է հանգիստ լինել ու ոչինչ չանել: Նրա խոսքով՝ այս դեպքում ամենաճիշտ միջոցը դարձյալ մնում է պատվաստումը:
«Համենայնդեպս, պատվաստվածների շրջանում ծանր դեպքերը շատ-շատ ավելի քիչ են, քան չպատվաստվածների շրջանում»,- նշում է նա:
Առողջապահության նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 մլն 959789 մարդ, որից 1 մլն 067296-ը՝ առաջին դեղաչափով: Ամբողջական պատվաստում անցել է 876951 մարդ: Տեր-Ստեփանյանն ասում է՝ եթե պատվաստումների այս թիվը գրանցվեր դեռևս 2021-ի սեպտեմբերին, ապա հոկտեմբեր-նոյեմբերին Հայաստանում համավարակի չորրորդ ալիք չէր լինի:
«Այդ պատվաստվածների մոտ արդեն նկատվում է հակամարմինների ցիկլիկ նվազում, այսինքն՝ այդ պատվաստվածների մոտ արդեն կա բուստեր դեղաչափի անհրաժեշտություն, իսկ բուստեր ստացողների թիվը Հայաստանում բավականին քիչ է: Իմունային շերտ ձևավորելու համար շատ կարևոր է բնակչության համաժամանակյա պատվաստումը, ինչը Հայաստանում չեղավ: Մեզ մոտ եղավ ալիքներով վարակի տարածում, սահմանափակում, հետո՝ պատվաստում: Դրա համար մենք կարիք ունենք ակտիվ պատվաստումների»,- կարծում է Մերի Տեր-Ստեփանյանը:
Նկատենք, որ բուստեր (խթանիչ) ստացողների թիվը Հայաստանում հասնում է 9 հազարի:
MediaLab.am