Միշտ խնդիր է եղել Հայաստանում խափանման միջոց կալանքի կիրառումը․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր, մարդու իրավունքների պաշտպանության միջազգայաին օրվա ավարտին տեսա, որ բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը փոխվել է և նա դատականի նիստերի դահլիճից ազատ է արձակվել։

Ինձ համար միշտ խնդիր է եղել Հայաստանում խափանման միջոց կալանքի կիրառումը։ Կալանքը, որպես խափանման միջոց չպետք է հանրային վտանգավորության բարձր աստիճան չունեցող մարդկանց վրա կիրառվի։ Շատ կարևոր է, որ պետությունը խորապես գնահատի իր մարդկային ռեսուրսը և եթե կարելի է նրա փորձը, հնարավորությունները, մասնագիտական կարողությունները ուղղել հօգուտ պետության, այս դեպքում՝ մարդկության, քանի որ բժիշկը իր կոչումով կյանքեր է փրկում, չպետք է կործանել մարդուն և մասնագետին։

Էլ չեմ անդրադառնում բանտային պայմաններում առողջական վիճակի վատթարացման հնարավորությանը։ Թեև Արմեն Չարչյանը որևէ դժգոհություն չի հայտնել բուժանձնակազմից, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ առողջական խնդիրներ ունեցող անձի համար բանտային պայմաններն ու հնարավորությունները բավարար չեն։ Հիմա կասեք, բա լավ էր, որ քանի-քանի արժանի մարդ այն ժամանակ բանտարկվեց, խեղվեց, նույնիսկ մարդիկ մեռան։

Չէ, լավ չէր, ու դրա համար էլ ասում եմ, որ պետությունը պետություն է դառնում, երբ մարդուն գնահատում է ու չի տանում թե՛ մասնագիտական, թե՛ ֆիզիկական կործանման։Վատ պրակտիկաները պետք է վերանան, ոչ թե շարունակեն կիրառվել՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։

Հ․Գ․ Ինձ ընդհանրապես մարդկանց քաղաքական հայացքները չեն հետաքրքրում, բոլորի իրավունքները կարևոր են»։