«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը
– Պարոն Գրիգորյան, հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի զորահանդեսին։ Այս որոշումը տարբեր շրջանակներում քննարկվում է, թե որո՞նք կարող են լինել պատճառները։ Ի՞նչ գործոններ են կապված այս որոշման հետ։
– Ես կարծում եմ՝ չմեկնելու պատճառները մի քանիսն են։ Առաջին պատճառն իրոք այն է, ինչի մասին ասաց վարչապետը, այսինքն՝ պաշտոնական պատճառն այն է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում բավական լուրջ վիճակ է։ Եվ վարչապետը չի կարող լքել Հայաստանը։ Ռուսաստանում ևս տարածված է կորոնավիրուսը, և պարզ է, որ վտանգ կա, որ վարչապետն այնտեղ կվարակվի։ Նաև կա այլ պատճառ՝ կարևորագույն։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը չնվազեցրեց գազի գինը, չհարգեցին Հայաստանի խնդրանքը՝ ակնհայտ խաբելով ու արհեստական կերպով բարձր գինը պահելով։ Դա Ռուսաստանի կողմից ակնհայտ ոչ բարեկամական քայլ էր։ Ես միանշանակ համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի այդ որոշմանը։
Կան այլ պատճառներ ևս, բայց իմ թվարկած պատճառները, իմ կարծիքով, գլխավորն են։
– Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ևս կարո՞ղ է պատճառ լինել, որ վարչապետը չմեկնի Մոսկվա։
– Ես չեմ բացառում, որ դա նույնպես գործոն է։ Լարված վիճակ է, ինչո՞ւ պետք է ղեկավարը բացակայի, երբ երկրի ներսում լարված վիճակ է, այս վիճակը պետք է կարգավորել։ Այս գործոնը միանշանակ կա, բայց կարծում եմ՝ գլխավոր գործոնն այն է, որ Ռուսաստանը ոչ բարիդրացիական քայլեր է անում Հայաստանի նկատմամբ։ Մենք Ռուսաստանի հետ գտնվում ենք մեկ միասնական տնտեսական տարածքում։ Դուք գիտե՞ք, որ այդ կարգավիճակով երկրների միջև չի կարող լինել «մաքսանենգություն» հասկացություն։
Հիմա ստացվում է այնպես, որ Հայաստանից ինչ-որ ինքնաթիռներ են գնում Ռուսաստան, իրենք հայտարարում են, թե մաքսանենգ ապրանք է։ Ուրեմն պարզ է, չէ՞, որ հատուկ բացասական վերաբերմունք կա Հայաստանի նկատմամբ։ Ռուսաստանի գլխավոր հեռուստաալիքներով անընդհատ Նիկոլ Փաշինյանի դեմ քարոզչություն է իրականացվում։ Ես չեմ պատկերացնում, թե ինչո՞ւ պետք է այդքանից հետո Նիկոլ Փաշինյանը գնա ու միջազգային աջակցություն ցուցաբերի Պուտինին։
Նորից եմ կրկնում՝ գործոնները շատ են, մենք քննարկեցինք երեք գործոն՝ ներքին քաղաքական գործոնը, կորոնավիրուսը և Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները։ Ինձ համար ակնհայտ է, որ այդ հարաբերությունների գործոնը ամենակարևորն է Նիկոլ Փաշինյանի համար։ Քաղաքական մասը գլխավորն է։
– ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ գազի միասնական սակագին սահմանելն ավելի խոր ինտեգրման մակարդակ է պահանջում։ Հայկական կողմից հակադարձեցին, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ խոր ինտեգրացիոն գործընթացներին։ Ի՞նչ է ուզում Պուտինը։
– Նա ուզում է, որ մենք սուվերենությունից հրաժարվենք։ Դուք ասացիք, որ Հայաստանից արձագանքեցին այդ հայտարարությանը, ես պետք է հավելեմ, որ նման արձագանք եղել է նաև Ղազախստանից։ Ոչ մի ինտեգրման մասին խոսք չկա, Պուտինը խոսեց այն մասին, որ պետք է հրաժարվեք ձեր անկախությունից։ Ուղղակի Պուտինը չորով մերժեց մեզ։
– Օրերս հայտնի դարձավ, որ ԲՀԿ անդամները հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ։ Նրանց կհաջողվի՞ Ռուսաստանի միջոցով ինչ-որ հարցեր լուծել Հայաստանում, կամ Ռուսաստանը կկարողանա՞ այս փուլում ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքին։
– Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կկարողանա Հայաստանի ներսում ազդեցություն ունենալ, քանի որ մեր քաղաքացիներն ակտիվ են։
Բայց այն, որ Ռուսաստանը վաղուց է սկսել միջամտել, գաղտնիք չէ։ Լավրովի հայտնի ելույթն ակնհայտ միջամտություն էր Հայաստանի ներքին գործերին։ Ինչի՞ մասին է խոսքը։ Մենք տեսնում ենք՝ Ռուսաստանը հաշտվեց այն փաստի հետ, որ Նիկոլ Փաշինյանը ղեկավար է Հայաստանում։ Չեմ կարծում, որ իրենք իրատեսական են համարում, որ այստեղ կարող է իշխանափոխություն լինել։
Բայց Ռուսաստանն ուզում է մաքսիմալ թուլացնել Նիկոլ Փաշինյանին, որ Փաշինյանը հարցեր չդնի ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում, քանի որ դա գլխացավանք է Ռուսաստանի համար։ Փաշինյանն անընդհատ հարցեր է բարձրացնում, ստիպում է, որ այդ կազմակերպությունը դառնա նորմալ կազմակերպություն։
Եվ պարզ է, որ Պուտինի ավտորիտար ռեժիմի համար դա անընդունելի է։ Դա է պատճառը, որ Ռուսաստանը կամաց-կամաց ուզում է թուլացնել, բայց դա չի ստացվի։ Քանի որ ես սիրում եմ Ռուսաստանը, խորհուրդ եմ տալիս Պուտինին այդ ճանապարհով չգնալ, քանի որ չեմ ուզում, որ քանդվի այդ երկիրը։
Սովետական Միությունը քանդվեց, երբ սխալ որոշում ընդունվեց Ղարաբաղի հետ կապված։ Ես խորհուրդ եմ տալիս Ռուսաստանին չմխրճվել Հայաստանի ներքին գործերի մեջ, հակառակ դեպքում Ռուսաստանում լուրջ պրոբլեմներ կառաջանան։
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am