Ֆրանսիայի քաղաքներում շարունակվում են Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Ֆրանսիայի քաղաքներում շարունակվում են Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումները
Ֆրանսիայի քաղաքներում շարունակվում են Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Մարտի 6-ին Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի Լիոնի մասնաճյուղի և Վիլյորբանի Հայ Մշակույթի տան նախաձեռնությամբ և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին և Արցախյան շարժմանը նվիրված երեկո։

Միջոցառումն սկսվեց Մարինա Գրիգորյանի հեղինակած «Սումգայիթ. Սովորական Ցեղասպանություն» ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո բեմ հրավիրվեց սումգայիթյան ջարդերից հրաշքով փրկված Պավել Տրդատովը, ով հրավիրյալներին ներկայացրեց ականատեսի իր վկայություններն այն մասին, թե ինչպես են իր հարազատներն ութ ժամ շարունակ պաշտպանվել ադրբեջանական հրոսակախմբերից` մի քանի տասնյակ հանցագործների հետ անհավասար կռվում զոհվելուց առաջ։

Այնուհետև սումգայիթյան ողբերգության, բայց նաև` Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպանորդը, ապա ծավալվեցին քննարկումներ, որոնց ընթացքում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչը պատասխանեց միջոցառմանը ներկա ֆրանսիացի լրագրողների, հասարակական-քաղաքական շրջանակների և Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունը:

© Medialab.am