Հին հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի աստված Վահագնի կարմիր խաչը, նրա ութանիստ աստղն ու արիացիների առաջին խորհրդանշան համարվող արևախաչը` պատկերված Գողթան գավառի արիացիներից սերող Վլադիմիր Բադալյանի գունագեղ հագուստին, խորհրդանշում են նրա հոգևոր կապը բնության ու արևի հետ:
Արիացիները, որոնք կոչվում են նաև արևորդիներ, հեթանոսական համայնք են Հայաստանում, որոնց հավատը ցեղակրոնությունն է:
Դեռևս 12 տարի առաջ, որոշելով վերականգնել իր պապերի ավանդույթը, Բադալյանը սկսում է արիացիների ազգային տարազով հագուստ կարել և դիզայնով զբաղվել:
Հատուկ ընտրված կտորների գույներին նա միախառնում է հին հայկական դիցաբանության աստվածների խորհրդանշանները՝ ասեղնագործված վառվռուն գույներով, որոնք տաբատի ու շապիկի երկայնքով արևի ճառագայթների նման մինչև վերջ ձգվում են հագուստի ճոթքերը:
«Դիզայնն ինքս եմ անում, և´ գույները, և´ ձևը` ամբողջը ես եմ որոշում: Սկզբում, իհարկե, դժվար էր, օրերով սխալների վրա սովորում էի: Աշխատում էի զարդերի համաչափության, չափսերի և հերթականության վրա, որ գեղեցիկ բան ստացվեր: Մեր պապերի հագուստն էլ այս նույն գույների է եղել, պարզապես ես դիզայնն եմ մի քիչ փոխել, ավելի ժամանակակից դարձրել, որ կարողանամ առօրյայում հագնել»,- ասում է 42-ամյա արիացի դիզայները, ով սերում է Գողթան գավառի հուրիների ցեղախմբից:
Ըստ իր նախնիների` Բադալյանը հագուստի գույներն ընտրել է` առաջնորդվելով Գողթան գավառի բնության ու լեռների գույներով` կարմիր, կանաչ, ոսկեգույն, կապույտ և ծիրանագույն:
«Իսկ խորհրդանշանները, որոնք պատկերված են հագուստի վրա, բոլորն արևի հետ են կապված, քանի որ մեզ Գողթան գավառում կոչել են նաև արևորդի: Հագուստի վրա այս խորհրդանշանները վերից վար ձգվում են արևի ճառագայթների պես: Սա նշանակում է, որ վերևից մինչև ներքև դու արևի հետ կապ ես ունենում, քո մեջ աուրա է առաջանում ու պաշտպանում ամեն փորձանքից, վատ երևույթներից: Ու ինձ իրոք պաշտպանում ա»,- ասում է Բադալյանը:
Չնայած ազգային մշակույթ ներկայացնող նման հագուստ ստեղծելը բավական գումար է պահանջում, Վլադիմիրն ունի շուրջ 14 նմուշ հագուստ տարվա չորս եղանակների համար` տաբատ, շապիկ, բաճկոն, շարֆ, վերարկու, գլխարկ:
«Մի շապիկն ու տաբատը մոտավորապես կազմում են 750 դոլար (մոտ 300 հազար դրամ): Թանկ է, բայց սա այնպիսի աշխատանք է, որ նույնիսկ վաճառքի չեմ դնում, քանի որ սա ինձ համար իմ պապերից ժառանգած մի աստվածային բան է, որը ես վերականգնել եմ և իրավունք էլ չունեմ վաճառելու»,- ասում է արիացին ու հավելում, որ թեև քաղաքացիների տարօրինակ ու բացասական հայացքներին` սա իր ամենօրյա հագուստն է:
Վլադիմիրը պատմում է, որ հասարակական տրանսպորտից օգտվելիս հաճախ է ընկնում կռիվների մեջ: Թե´ կանայք, թե´ տղամարդիկ նրան վիրավորում են` անվանելով ֆաշիստ կամ խուլիգան, տեսնելով հագուստի վրայի խորհրդանշանները, որոնցից մեկը Հիտլերի ու ֆաշիզիմի հայտնի խորհրդանշան համարվող կեռախաչն է:
«Նույնիսկ փողոցում կամ կանգառում կանգնած լինեմ, կարող ա գան ու սկսեն ժամերով խոսալ հետս, կռիվ անել, թե սա ի՞նչ է: Ինչքան բացատրում եմ, որ սա մերն է, հայկական արևախաչն է, չեն հասկանում: Առաջինը հայերի մոտ է այս նշանը եղել, հետո նոր` պարսիկների, հնդիկների, աֆղանների ու սլավոնական ժողովուրդների: Հիտլերը արիացիների պատմությունն է ուսումնասիրել և, ուսումնասիրությունների համար Հնդկաստան ու Տիբեթ ջոկատներ ուղարկելով, իր համար խորհրդանշան է ընտրել այս նշանը՝ արևախաչը` իմանալով, թե այն ի´նչ նշանակություն ու հզորություն ունի»,- պատմում է Բադալյանը:
Նա նշում է, որ 2000-ից սկսած, ինչ վերականգնել է արիացիների ազգային տարազը, նրան նույնիսկ աշխատանքի չեն ընդունում` պատճառաբանելով իր ամենօրյա հագուստը: Մինչդեռ Վլադիմիրը պնդում է, որ երբեք չի հրաժարվի իր հագուստից, քանզի այսպես նա իրեն համարում է ազգային մշակույթի ու իր նախնիների ավանդույթների կենդանի կրողը:
«Չգիտեմ, թե ո´վ է ժառանգելու իմ այս հագուստները, քանի որ աղջիկների հետ շփման ընթացքում էլ այդ պատնեշը միշտ կա: Ասում են` եթե հագուստս փոխեմ, հնարավոր է` հարաբերություններն էլ փոխվեն, այլ ընթացք ստանան, բայց ես չեմ կարող հրաժարվել»:
Ղարաբաղյան պատերազմի՝ 1990-1993 թթ. կռիվներին մասնակցած արիացի Վլադիմիրն ասում է, որ այժմ գումար է վաստակում` զբոսաշրջիկների համար արշավներ կազմակերպելով, լուսանկարչություն ու նկարահանումներ կատարելով:
Լեռնագագաթները նրա համար սրբավայր են: Ազատ ժամանակ զբաղվում է նաև լեռնագնացությամբ:
«Էս հագուստով ես շատ եմ սարեր գնում: Շատ եմ սիրում լեռնագագաթները բարձրանալ, օրինակ` Արագածի, Արամազդի, Կապուտջուղի, դրանք իմ և իմ պապերի համար սրբավայրեր են: Ըստ մեր ավանդույթի` ես լեռ բարձրանալիս լեռնագագաթին պարտադիր կրակ եմ վառում: Այնտեղ էնքան էներգետիկ դաշտ կա, որ ոչ մի եկեղեցում, անգամ Գառնու տաճարում ըտենց բան չկա: Էներգիան լեռնագագաթներում միանգամից հասնում ա քեզ»,-հիացմունքով ասում է Վլադիմիրը:
Հայաստանում ապրող 1000-ից ավելի արիացիների հետ նա մասնակցում է տարվա ընթացքում անցկացվող իրենց բոլոր ազգային տոներին` Ամանորին (մարտի 21-ին), Սբ Զատիկին, Վարդավառին, Նավասարդին (օգոստոսի 11-ին), Նախնյաց հիշատակի օրվան (սեպտեմբերի 22-ին), Միհր աստծո տոնին (դեկտեմբերի 22-ին), Տրնդեզին (փետրվարի 13-ին) և այլն:
«Մենք մեզ համարում ենք նաև Նժդեհի հետևորդներ և նրան ընդունում ենք ազգի ամենազորեղ անձանցից մեկը: Մեր բոլոր տոներին սկզբում կրակ ենք վառում, իսկ եթե կնքվողներ կան, որոնք ուզում են արիացի դառնալ, օծում ենք նրանց: Օրինակ` ինձ Կապուտջուղում հայրս է օծել, երբ 4 տարեկան եմ եղել: Իմ հորական կողմից ես արյունակից եմ Դավիթ-Բեկին, իսկ մորական կողմից` Նաղաշ Հովնաթանին, իրենցից մի քանի բջիջ կա իմ մեջ»,- ասում է Բադալյանը:
Վերադառնալով տոներին՝ նա նշում է, որ հայերի մոտ երեք տոն կա, որոնք պահպանվել են Գողթան գավառից. մեկը` փետրվարի 13-ին նշվող Տրնդեզն է, մյուսը` սեպտեմբերին Նախնիների հիշատակման օրը` Սուրբ խաչը կամ Սբխեչը, ինչպես ընդունված է ժողովրդի մեջ, և երրորդը՝ Վարդավառն է:
«Նախիջևան» հայրենակցական միության անդամ Վլադիմիրը, ով նաև Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միավորման գործավարն է, առաջիկայում նպատակ ունի բարձրանալու ևս երկու լեռնագագաթ և այնտեղ վառելու իր պապերից ավանդաբար եկած արիական կրակը:
«Մեծ Քիրսի գագաթը պետք է բարձրանամ` Բերձորի ու Շուշիի արանքում, մեկ էլ` Մռովի գագաթը` Շահումյանի սահմանագլխին: Պետք է բարձրանամ ու կրակով հզորացնեմ գագաթները: Առաջին անգամ միշտ մենակ եմ բարձրանում, որ բնության հետ մենակ լինեմ»,-ասում է նա:
Երազելով վերադառնալ կրկին իր հայրենի Գողթան գավառը` Վլադիմիրը, ում անունը հայրը դրել է որպես աշխարհի տիրակալ` «Владыка мира», մտածում է, որ մի օր կազատագրի Նախիջևանը ու նորից կապրի իր Գողթան գավառում:
«Մենք պետք է հույսը մեզ վրա դնենք, ոչ թե մտածենք, թե չենք կարող առանց Եվրոպայի, առանց Ռուսաստանի, ու թուրքը էնքան հզոր ա, որ մեզ մի օրում կուտի: Եթե հզոր ա, ո՞նց Ղարաբաղի պատերազմի ժամանակ մենք հաղթեցինք: Ես հիմա էլ պատրաստ եմ գնալու և նորից կռվելու»,- ասում է արիացի Բադալյանը:
Լիլիթ Առաքելյան
Լուսանկարը` Փիրուզա Խալափյանի
© Medialab.am