ԵՄ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ին ու Ադրբեջանին հաղթահարել պատերազմի հետևանքները․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի հետ պատերազմի տխուր հետևանքները հաղթահարելու համար։

Այս մասին Ակնա՝ Աղդամ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«30 տարվա հակամարտությունը շատ խորը սպիներ է թողել։ Ելնելով նրանից, թե ինչ մենք լսեցինք այսօր, պետք է հասկանալ, որ պատերազմը սարսափելի բան է։ Սակայն նաև անհրաժեշտ է նայել ապագային։ Եվ Եվրամիությունը դրա օրինակն է»,- ասել է Կլաարը։

Նա հիշեցրել է, որ Եվրոպայի երկրներն իրենց պատմության ընթացքում ևս պատերազմների ու հակամարտությունների են բախվել, սակայն կարողացել են հաղթահարել բոլոր տարաձայնությունները։ «Եվրոպայում ևս ավերվել են եկեղեցիները, գերեզմանները, հուշարձանները։ Դրանք շատ դառը հիշողություններ են, սակայն մեր առաջնորդները Երկրորդ համաշախարհային պատերազմից հետո որոշեցին, որ մենք պետք է նայենք ապագային, պետք է վերականգնենք, կառուցենք ավելի լավ Եվրոպա։ Կարծում եմ՝ դա կարող է այստեղ կիրառման օրինակ լինել։

Եվ երկու համաշխարհային պատերազմների տխուր ժառանգության հաղթահարման փորձով ԵՄ-ն պատրաստ է կիսվել և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Մենք պատրաստ ենք աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի հետ՝ օգնելու գտնել այլ, ավելի լավ ապագա»,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Կլաարը ավելի վաղ հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ։


Աղբյուր՝ Factor.am