«Փետրվարի 1-ին դեպի Ռուսաստան բոլոր տոմսերը վաղուց սպառված են եղել. մարդիկ ամիսներով սպասում էին, թե երբ պետք է գնան». Սոֆյա Հովսեփյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը

– Այսօր Ռուսաստանի օդային սահմանները բացվեցին, և մենք տեսնում ենք մեկնողների մեծ հոսք: Ի՞նչ քայլեր պետք է անի իշխանությունը՝ մարդկանց Հայաստանում պահելու համար: 

– Նախ՝ ամենակարևորը՝ անվտանգության երաշխիքներ ապահովելն է: Սա ամենամեծ խնդիրներից մեկն է թե՛ բանակի անվտանգության, թե՛ սահմանների անվտանգության առումով:

Որքան ես հետևել եմ, ամենամեծ խնդիրներն առաջանում են հենց սրանցից, շատերը խուսափելու են բանակ ուղարկել իրենց երեխաներին, և դա երկրից գնալու ամենամեծ մոտիվացիան է:

Երկրորդը՝ տնտեսական խնդիրներն են, որոնք միշտ եղել են և կան, և երրորդը՝ մշտական արտագնա աշխատանքի մեկնողներն են:

Պարզապես ելնելով նախորդ տարի COVID-ի հետ կապված ճգնաժամային վիճակից, մնացել էին Հայաստանում, և ընտանիքների վրա բավականին ծանրաբեռնվածություն էր առաջացել:

Հիմա հնարավորություն է առաջացել մեկնել արտագնա աշխատանքի, և մեկնում են: Այսինքն` արտագաղթը երեք կարևոր ուղղվածություն ունի, պետք է հասկանալ, թե որն է առավել շատ, և այդ առումով, այնուամենայնիվ, անվտանգության երաշխիքների հարցը առաջնահերթ լուծեն: 

– Կարո՞ղ ենք արտագաղթի տեմպերը մեղմացնելու ուղղությամբ կորսված համարել անցած 2,5 տարին: Խոսվում էր մինչև 2050 թվականը մինչև 5 մլն բնակչություն ունենալու մասին, ու հիմա այսպիսի արտագաղթի տեմպեր են: Կարո՞ղ ենք ասել, որ ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված կարևոր քայլեր չենք ձեռնարկել:

– Ժողովրդագրական առումով 2,5 տարիների ընթացքում իրականում ոչ մի քայլ չի արվել, այդ թվում` երեխաների թվի խթանման հետ կապված:

Այս առումով ևս որևէ արդյունք չեղավ: Հիմա այդ ամենին գումարվել է անվտանգության խնդիրը: Այս պայմաններում 2050 թվականին 5 մլն բնակչություն ունենալու մասին կարելի է միայն երազել, որովհետև եթե անգամ կլորացրած հաշվենք, որ պատերազմը խլեց 5 հազար մարդու կյանք, որոնցից 3-4 հազարը նոր ընտանիք պետք է ձևավորեին և ունենային 2-3 երեխա, հիմա փաստացի ունեցանք 15-20 հազար մարդու բացակայության խնդիր:

Դրան գումարվում են նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդները, որոնք ամուսնանալու հետ կապված կարող են դժվարություններ ունենալ: 

– Օդանավակայանում քաղաքացիները, խոսելով արտագաղթի մասին, ասում էին, որ Հայաստանում ապագա չեն տեսնում, ապրուստ էլ չունեն:

– Ապագա տեսնել-չտեսնելու խնդիրը միշտ է եղել, որը վերջին մեկ տարվա ընթացքում խորացել է, որովհետև մարդիկ ֆինանսական առումով անընդհատ կախված լինելով դրսից՝ մեկ տարվա ընթացքում հայտնվեցին տնտեսական ծանր կացության մեջ:

Այսօր նրանք չեն պատկերացնում, որ հետպատերազմյան երկիրը կարող է ցնցումներից դուրս գալ, շունչ քաշել ու սկսել զարգանալ: Ահա թե ինչու մարդիկ ճգնաժամից դուրս գալու միջոցը տեսնում են երկրից դուրս գալու մեջ:

Իհարկե, դա բավականին թյուր կարծիք է, որը նորից պետական աշխատանքի բացակայության արդյունք է: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Այսօր ես տեղեկացա, որ փետրվարի 1-ին դեպի Ռուսաստան բոլոր տոմսերը վաղուց սպառված են եղել: Մարդիկ ամիսներով սպասում էին, թե երբ պետք է գնան:

– Ի՞նչ պետք է արվի այս իրավիճակում: Արտահերթ ընտրությունների օրակարգը կարո՞ղ է ելք լինել մթնոլորտ փոխելու առումով: 

– Արտահերթ ընտրություններն իբր մարդկանց շեղելու ինչ-որ բան են, դա իրականում ոչ մի կապ չունի իրավիճակը շտկելու հետ, այն ավելի է խորացնելու ճգնաժամը, որովհետև միակ բանը, որ հիմա պետք է արվի, երկրի ճգնաժամային վիճակը կառավարելն է:

Իսկ այսօր կառավարում գոյություն չունի, որևէ դրական տեղաշարժ մարդկանց կյանքում չկա: Մենք նորից լսում ենք, որ Սյունիքում ադրբեջանցիները կրակում են, ինչը վախ է առաջացնում, և այդ մարդիկ կարող են այդ քաղաքներից դուրս գալ և դառնալ պոտենցիալ արտագաղթողներ:

Մենք լսում ենք, որ ճանապարհներ բացելու խնդիրներ կան, և այդ ճանապարհները չգիտենք թե ինչ են լինելու: Մենք գիտենք, որ բանակն անհասկանալի վիճակում է: Բազմաթիվ հարցեր կան, որոնք ամբողջությամբ անորոշություն են առաջացնում:

Եթե մենք այդ հարցերը չլուծած գնում ենք արտահերթ ընտրությունների, որը եղած ճգնաժամերին ավելացնելու է մեկ այլ ճգնաժամ, մինչև արտահերթ ընտրություն, մինչև նոր կառավարության ձևավորում, մինչև այդ կառավարության հունի մեջ մտնելը, այդ ընթացքում մենք բառացիորեն կկորցնենք մեր պետականությունը:

Ես զարմանում եմ, որ մարդիկ գիտակցաբար չեն մոտենում և գնում են ինչ-որ հուզական քայլերի: Առաջին քայլը, որ պետք է արվի, ընդդիմություն, իշխանություն, քաղաքացի, գյուղացի՝ բոլորը համախմբվեն, ճգնաժամից դուրս գան ու հետո մտածեն, թե քաղաքական առումով ինչ են անում: 

– Այսինքն՝ իրավիճակը հաղթահարելու ուղին բնավ էլ արտահերթ ընտրություննե՞րը չեն:

– Այս ճգնաժամը խորացնելու լավագույն ճանապարհը հապճեպ ընտրություններն են: Ընտրություն, իհարկե, կարող է լինել, բայց հապճեպությունը խորացնելու է իրավիճակը:

Նախ՝ հենց հիմա այդքան ֆինանս ընտրությունների վրա դնելու փոխարեն պետք է առաջին հերթին մտածել բանակում զինվորի անվտանգության մասին, ապա՝ բանակում զինվորի կեցության մասին, որը չի արվում:

Ու այս իրավիճակում ելնել ու խոսել իշխանություն պահելու մասին, սա խոսում է այն մասին, որ երկրում որևէ սրտացավություն գոյություն չունի անվտանգության համար, զուտ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու քայլեր են անում: 

– Սակայն իշխանությունը կարծես հապճեպ ընտրությունների մասին չի խոսում, նախ ուզում են Ընտրական օրենսգիրքը փոխել:

– Այնուամենայնիվ, այս պահին քննարկում են, որ Ընտրական օրենսգիրքը պետք է շուտով լինի, հետո Սահմանադրության փոփոխությունը լինի, կամ վարչապետի հրաժարականը լինի:

Այսինքն՝ իշխանությունն անընդհատ ընդդիմությանն առաջարկում է արտահերթ ընտրությունների գնալ, փոխանակ հակառակը լինի, ասեն՝ համբերեք, գոնե երկիրը ճգնաժամից դուրս գա:

Գոնե 6 ամիս ժամանակում իրենց առջև ռազմավարական հարցեր դնեն ու առնվազն անվտանգության հարցերը լուծեն: Հենց հիմա ընտրությունների անցկացումը միայն «ես»-ի տեսանկյունից է: «Ես»-ով երկիրն այս օրին հասցրեցին, և «ես»-ով էլ երկիրը պետք է կործանեն, ապա մենք կարճ ժամանակ անց կունենանք հենց այդ արդյունքը:

Մանե Հարությունյան

MediaLab.am