Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարող են կարգավորվել նոր մտածողության և ակտիվ դիվանագիտության միջոցով․ Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության կարող են հասնել նոր մտածողության և ակտիվ դիվանագիտության միջոցով։ Չավուշօղլուն այս մասին ասել է ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ Լվովի համալսարանում կայացած հանդիպմանը, գրում է ադրբեջանական «Ապա»-ն։

Նրա խոսքով՝ միակ կազմակերպությունը, որը համախմբել է տարբեր խնդիրներով շատ երկրների՝ Ռուսաստանին, Ուկրաինային, Թուրքիային, Հունաստանին, Ադրբեջանին և Հայաստանին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունն է։

Ըստ Չավուշօղլուի՝ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ կազմակերպության ստեղծումը նորարարական գաղափար էր, որն այսօր էլ մեծ ներդրում ունի տարածաշրջանային համագործակցության գործում։ «Նորարարության հետ մեկտեղ՝ մենք պետք է ղեկավարվենք մեր սկզբունքներով»,- հայտարարել է թուրք պաշտոնյան։

Աղբյուր՝ Factor.am