«Զարմանում եմ, որ 90-սենյականոց դղյակ է կառուցել՝ առանց թույլտվության, հույսն ինչի՞ վրա է դրել». Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգի, երգահան Էդուարդ Զորիկյանը

– Պարո՛ն Զորիկյան, ի՞նչ կարծիք ունեք առաջիկա սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ։ Որքանո՞վ է սա հասարակական պահանջ ներկայացնող խնդիր: 

Տասնյակ տարիներ ՍԴ-ն ապօրինություններին տվել է օրինականության աստառ: Պարզ օրինակ բերեմ․ Հյուսիսային պողոտայի կառուցապատման ժամանակ սեփականատերերին իրենց սեփականությունից զրկեցին, իսկ ավելի ստույգ՝ մարդկանց ուղղակի իրենց օջախներից դուրս հանեցին, շպրտեցին փողոց և ինչ-որ բիզնես ծրագիր իրականացրին, բայց ՍԴ-ն ասաց՝ օրինական է: 

Այսինքն՝ այն, որ որոշ մարդիկ ցանկություն ունեին քաղաքի կենտրոնում իրենց բիզնես շահերը իրականացնել, ՍԴ-ն համարեց օրինական, իսկ որ դու օրինական հողի սեփականատեր ես, ասում է՝ ո՛չ, դու սեփականատեր չես, տալիս ենք այսինչին, ինքը պիտի հյուրանոց կառուցի և իր թոռներին ու ծոռներին ապահովի:

Նման բազմաթիվ օրինակներ կան: Հիմա՝ պիտի՞ հրաժարական տան, թե՞ ոչ: Պատկերացրեք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո որոշ նախարարներ ասեին՝ հրաժարական չեն տալիս… Բաներ են կատարվում, որ անհասկանալի են:

– Ըստ ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ ՍԴ անդամ դատավորները նախագահի գլխավորությամբ կառչած են մնացել իրենց աթոռներից: 

Երևի շատ կարևոր մի բան կա, որ դատարանների վճիռներից հետո պիտի դիմեն Սահմանադրական դատարան, և հերթական անգամ ՍԴ-ն ձևակերպումներ տա:

Ըստ երևույթին, ինչ-որ հույսեր են կապում այս մարդկանց հետ: Ես կարծում եմ, որ եթե հնարավորություն լիներ այլ կերպ այս հարցը լուծել, իհարկե կլուծեին։ 

Հիմա ասում են՝ 3,5 միլիարդ դրամ է անհրաժեշտ սահմանադրական հանրաքվեի համար, ես մտածում եմ, որ եթե այդ ամբողջ գումարը ծախսվի, գործողությունը սկսվի, հասնի այն կետին, որ արդեն ժողովուրդը պետք է գնա իր «այո»-ն կամ «ոչ»-ը քվեարկությամբ իր կարծիքը հայտնելու, և դրանից մեկ ժամ առաջ կամ մեկ օր առաջ ՍԴ դատավորները հրաժարական տան, մենք ինչպե՞ս կգնահատենք այս քայլն իրենց կողմից, ո՞ւմ վրա կգցենք այդքան գումար ծախսելը՝ վարչապետի՞ վրա, թե՞ այն մարդկանց, որոնք դրդեցին և հասցրին այս կետին և հրաժարական տվեցին։ 

– ՍԴ-ն նախորդ իշխանության վերջին հանգրվա՞նն է, և արդյոք այս խնդրի լուծմամբ ամբողջականանում է հեղափոխությունը, ինչպես պնդում են իշխանության ներկայացուցիչները։

– Սա իշխանության թևերից մեկն է։ Եթե չենք ուզում ցնցումներ լինեն, հեղափոխությունը երկար ժամանակ է պահանջում, և փոփոխությունները, որոնք պետք է արվեն, ոչ մեկ օրվա, ոչ մեկ ամսվա, ոչ էլ մեկ տարվա գործ չեն։ 

Կարևորն այն է, որ այսօրվա իշխանությունները մտադրություն չունեն հետ կանգնելու։ Մենք ամեն օր տեսնում ենք՝ ինչ է կատարվում, այսօր ովքեր ինչի համար են բերման ենթարկվում, անցյալում ովքեր ինչի համար էին բերման ենթարկվում։ 

Ինձ, օրինակ՝ այն ժամանակ բերման ենթարկեցին նրա համար, որ ես վանկարկում էի՝ կեցցե ազատ, անկախ Հայաստանը: Հարցրի՝ դուք դե՞մ եք ազատ անկախ Հայաստանին, այս մարդիկ չէին կարողանում պատասխանել, քանի որ հրամայել են՝ բերման են ենթարկել։ 

Այսօր բերման են ենթարկում ավազակներին, կաշառակերներին, նրանց, որոնք տզրուկի պես կպել են պետական բյուջեին և ուզում են նախկինի պես շարունակել մսխել, կամ իրենց աթոռը ծառայեցնել՝ կաշառքով ինչ-որ գործեր առաջ տանելու համար։ 

– Պարո՛ն Զորիկյան, ի դեպ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Երևանում ապօրինի առանձնատներ կառուցելու հետ կապված վարչապետը հանձնարարել է արդարդատության նախարարին մեխանիզմներ գտնել։ Ի՞նչ մեխանիզմներ է հնարավոր՝ վերադարձնելու համար արդարությունը։

– Չգիտեմ՝ երբ ինչ-որ քայլի ես գնում, ընտրություն ես կատարում, ԱԺ, կառավարություն է ձևավորվել, պետք է վստահես, նրանք պետք է այդ գործն անեն։ Եվ զարմանում եմ, որ 90-սենյականոց դղյակ է կառուցել՝ առանց թույլտվության։ Հույսն ինչի՞ վրա է դրել։ Սա ավտոտնակ չէ, ինքնակամ առևտրի կրպակ չէ, հսկայական շինություն է։ Էլ չեմ ասում, որ իմանում ես, որ ընթացքում ոչ էլ հարկեր է վճարել, հոսանքն էլ առանց հաշվիչի է մտնում ներս և այլն, այսինքն՝ ոտքից գլուխ հանցագործներ են, ապօրինի դաշտում գործող մարդիկ։ 

Դղյակների հետ կապված մեկ բան հիշեցի՝ Հյուսիսային պողոտայի հետ կապված, երբ մեր տները պետք է քանդեին, մենք այդ տարածքում էլ ունեինք բնակիչներ, որոնք երկհարկանի շենք էին կառուցել՝ առանց որևէ հիմքի և թույլտվության։ 

Նրանց կանչեցին և ասացին՝ դուք փոխհատուցում չեք ստանալու։ Եվ այն ժամանակ, որպեսզի կարողանային ինչ-որ ձևով այս հարցը լուծել, ժամկետ տվեցին, որ այդ ժամկետում գնացեք սեփականաշնորհեք ձեր անշարժ գույքը։ 

Այդ ձևը գտան այն ժամանակ, հիմա չգիտեմ՝ ի՛նչ որոշում կկայացնեն։ Արդարադատության նախարարությունը թող որոշի, բայց որ այսպես չի կարող մնալ, փաստ է։ Եվ սա ընդամենը մեկ օրինակ է։ Ցանկացած ոլորտում եթե մտնես և ստուգումներ անցկացնես, կարձանագրես, որ ոտքից գլուխ ապօրինություններ են եղել։ 

Եվ մերժեցինք, որովհետև մեր աչքի առաջ տասնյակ տարիներ այդ ամենը կատարվում էր։ 

– Նոր իշխանության անելիքները շա՞տ են։

– Իհարկե շատ են։ Հիմա կան կուսակցություններ, խմբեր, որոնք գտնում են, որ դանդաղում է այս գործողությունների շարքը, որ պետք է արագացնել, և եթե օրինական ձևերը գիտեն, թող առաջարկեն։ Ես չեմ կարծում, որ Չաուշեսկուի օրինակը լավագույնն է, երբ ուղղակի տնից դուրս գալիս ավտոմատով ամբողջ ընտանիքը վերացնում ես։ 

Բայց եթե առաջարկ եք անում, օրինական ձևեր գտեք կամ ժամանակին այնքան քաղաքական հոտառություն ունենայիք, որ դուք քայլելով գայիք Երևան և ժողովրդին ոտքի հանեիք։ 

Այսօր իշխանությունը մի քանի քարի արանքում է, մի կողմից հներն են, որ կեղտ են լցնում, աղբամաններ են վառում։ Ես չեմ զարմանա, եթե վաղը քլունգներով և բահերով, լոմերով սկսեն քանդել նորակառույց ճանապարհները։ Լավ, ինչքա՞ն, ի՞նչ եք ուզում, ձեզ շատ պարզ ասվեց՝ գողացածը վերադարձրեք, մտեք օրինական դաշտ, որովհետև բոլորդ էլ սեփականատերեր եք, կանգնեք ձեր բիզնեսի գլխին, դուք քաղաքականության մեջ անելիք չունեք, որովհետև բյուջեն գրպանելը քաղաքականություն չէ։ 

Եվ այդ մարդիկ ուզում են հետ գալ, հիմա ես հարց եմ տալիս՝ ուզում եք հետ գալ, որ ի՞նչ անեք, նո՞ւյնը անեք, կներե՛ք, պարոնա՛յք, հնարավոր չէ։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am