ԵՄ-ն կարող է ամբողջությամբ դադարեցնել ռուսաստանցիներին տուրիստական վիզաների տրամադրումը․ «Իզվեստիա»

Եվրահանձնաժողովը քննարկում է Ռուսաստանի քաղաքացիներին տուրիստական վիզաների տրամադրումն ամբողջությամբ դադարեցնելու հնարավորությունը։ Այս մասին գրում է «Իզվեստիա»։

Ըստ հրապարակման՝ նման առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել Գերմանիայի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի խմբակցությունը Եվրոպական խորհրդարանում։ Առաջարկները քննարկվում են ԵՄ անդամ երկրների հետ համակարգմամբ։

Հստակ ժամկետներ դեռ հայտնի չեն, ինչպես նաև պարզ չէ՝ հնարավոր կլինի՞ արդյոք այս հարցում հասնել կոնսենսուսի։ Վիզային քաղաքականությունը ԵՄ անդամ երկրների իրավասության տիրույթում է, իսկ Եվրահանձնաժողովը կարող է միայն համակարգել կանոններն ու առաջարկություններ ներկայացնել։

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս պահին ԵՄ ղեկավարությունը իրավական հնարավորություն չունի ամբողջությամբ արգելելու ռուսաստանցիներին տուրիստական վիզաների տրամադրումը։ Ամենահավանական սցենարը, ըստ պարբերականի, վիզա տրամադրող երկրների թվի աստիճանական կրճատումն ու կանոնների խստացումն է։