Այսօր Բաքվում սկսվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը.Ազատություն

Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ նրանք մեղադրվում են «ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների համար»։

Ադրբեջանական դատարանի առջև կանգնած հայ ռազմագերիները գերեվարվել են 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո այդ ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդի և Հին թաղերի տարածքներից։

Ադրբեջանի զինվորական դատախազությունը, քննելով գերեվարված պահեստազորայինների գործը, եզրահանգել է, որ նրանք «ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը»` գրավելով Հադրութի հարավ-արևմտյան հատվածում անտառային և այլ դիրքեր։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը պնդում է՝ Ադրբեջանի այս գործողությունները որևէ աղերս չունեն արդարադատության հետ։

Հայկական կողմը վկայակոչում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որով կողմերը պարտավորվում են վերադարձնել բոլոր գերիներին և մյուս պահվող անձանց։

Բացի նրանցից, Բաքվում սկսվել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված երկու հայ ռազմագերներիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը, իսկ կրկին պատերազմի ավարտից հետո Շուշիի տարածքից գերեվարված հայ ռազմագերի Վիգեն Էուլջեքյանին Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել։

Հայաստանի և Լիբանանի քաղաքացուն Ադրբեջանի դատախազությունը մեղադրում է վարձկանության, ահաբեկչության և սահմանը ապօրինի հատելու համար։

Պաշտոնական Բաքուն ընդգծում է 41-ամյա Էուլջեքյանի Լիբանանի քաղաքացի լինելը՝ պնդելով, թե նա պատերազմին մասնակցել է դրամական վարձատրության դիմաց։

Այս մասին հայտնում է Ազատությունը: