«Հորաքույրս մտավ սենյակ, գրկեց, ասեց՝ դու շատ պուճուր էիր էդ ցավի համար, ու էլ բան չեմ հիշում»․ 19-ամյա Արթուրը չվերադարձավ

Ժամկետային զինծառայող 19-ամյա Արթուր Գրիգորյանը 34 օր հակառակորդի դեմ պայքարելուց հետո զոհվել է պատերազմի ընթացքում։

«Հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ժամը 4-ին նստել են մեքենան, որ տեղափոխվեն Մարտունիից Ստեփանակերտ, ԱԹՍ-ի հարվածից զոհվել են»,- ասում է Արթուրի մայրը՝ 43-ամյա Կարինե Գրիգորյանը։

Մինչ այդ Արթուրը հակառակորդի դեմ կռվել է Ջրականում, Հադրութում, Կարմիր Շուկայում։ Մայրը պատմում է, որ հոկտեմբերի 27-ին որդին զանգել է և ասել, որ ապահով տեղում են, վտանգ չկա, տեղափոխվել են Մարտունի 2։

«Ասեց՝ շատ լավ տեղ ենք, շատ հարմար տեղ ա, վաղը լողանալու ենք, չէին լողացել։ Մի անգամ ասեցի՝ Արթո՛ւր ջան, գոնե գլուխդ լվա, ասեց՝ մամա՛, որ խմելու ջուր կա, էդ էլ մեզ հերիք ա, չեմ մոռանում էդ բառերը։ Մինչև հիմա, որ մտնում եմ լողանալու, էդ բառերն են մտքումս»,- հուզվում է մայրն ու ասում, որ վերջին անգամ որդու հետ խոսել է հոկտեմբերի 29-ին, երեկոյան ժամը 9-ին, որից մի քանի ժամ անց դեպքը տեղի է ունեցել։

«Շատ ուրախ խոսեց, մինչև էդ շատ անհանգիստ էր, միշտ հարցնում էր՝ ի՞նչ են ասում պատերազմից, երբ կվերջանա, ասում էր՝ մա՛մ, իմ մասին չեմ մտածում, առաջին գիծ կանգնած տղերքի մասին եմ մտածում, ինքը մինամյոտի վրա 3-րդ գծում էր։ Էդ օրը որ ուրախ զանգեց, ասեցի՝ էսօր հանգիստ խղճով հաց կուտեմ։ Ամսի 30-ին էլ չզանգ չեղավ»,- պատմում է մայրը ու հուզվում։

Զանգ չստանալով՝ մայրն սկսել է անհանգստանալ, բայց շատերը հանգստացնում էին, որ տղաները անտառներ են փախել, կապ չկա, դրա համար չեն զանգում․ «Ասում էին՝ մի՛ վախեցեք, բայց ես ասեցի՝ չէ՛, երեխես կզանգեր, աշխարհն էլ շուռ կտար, կզանգեր, գիտեր ինչ վիճակում եմ… Մի քանի օր փնտրեցինք, ամսի 3-ին արդեն գտանք»։

Կարինեն ասում է նոյեմբերի 3-ին որդու ընկերոջ մայրը հրավիրել էր իրենց տուն, երեկոյան վերադառնալիս տեսնում է, որ բարեկամները հավաքվել են տանը։

«Բոլորն արդեն գիտեին, ինձ չէին ասում, ես իմ սենյակից դուրս չէի գալիս, հորաքույրս եկավ, մտավ սենյակ, սկզբում ասեց՝ վա՜յ, Արթուրս վիրավոր ա, ես արդեն լավ չէի գիտակցում, մեկ էլ ինձ գրկեց, ասեց՝ դու շատ պուճուր էիր էդ ցավի համար, ու էդ օրն արդեն էլ բան չեմ հիշում»,- կսկիծով ասում է որդեկորույս մայրն ու նշում, որ նույն օրը նույն մեքենայում տղայի հետ զոհվել է նաև իր ընկերը՝ Վահեն։

Արթուրը Վահեի հետ։ Լուսանկարը ընտանեկան արխիվից։

Կարինեն ասում է, որ դեպքից հետո երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ, հոգեբանի այցելություններն են օգնել։ Նշում է՝ շարունակում է ապրել, բայց ամեն ինչ կիսատ է թվում։

Մոր խոսքով՝ Արթուրը շատ զուսպ ու բարի էր, շատ էր սիրում կատակներ անել, նայում էր բոլոր հումորային հաղորդումները ու նմանակումներ անում։ 

«Ինքը չէր թողնում, որ իրեն նկատողություն անեին, որ մանկապարտեզ էի տանում, կարող ա իր ընկերոջն ասեին՝ էլ ծամոնով չգաս, իրան որ սպանեիր, էլ ծամոնով մանկապարտեզ չէր գնար։ Էնքան բարություն կար մեջը, ընկերներն էլ, որ գալիս են, պատմում են, ասում են՝ ինքը մեր ընկերության մեջ խաղաղության աղավնին էր, մեր ընկերության մեջ չի թողել կռվենք, վատ բան անենք»։

Մայրն ասում է, որ որդին չէր սիրում սովորել, բայց ծնողական ժողովների ժամանակ որդու մասին միշտ գովասանքի խոսքեր էին ասում, բոլոր ուսուցիչները նշում էին, որ Արթուրը լավ ու բարի մարդ է։ «Մինչև հիմա իր դասղեկի խոսքերն եմ հիշում, ասում էր՝ մեծատառով մարդ ա ինքը, զարմանում ենք, որ էս դարում սենց տղա դուրս կգա։

Անգամ որ ես ջղայնացած էի խոսում իր հետ, ինքն էնքան հանգիստ էր ասում՝ մա՛մ ջան, «ջան»-ն անպայման ասում էր»։

Արթուրն ուզում էր ծառայությունն ավարտեր, վերադառնար, մեդիա դպրոց ընդունվեր և օպերատորություն սովորեր։

Մայրն ասում է, որդին սիրում էր երաժշտություն՝ հատկապես Գարիկ Պապոյանի ու Սոնա Ռուբենյանի երգերը։ Մշտապես լսում էր ու ընտանիքի անդամների հետ հաճախ գնում նրանց համերգներին։

«Արթուրը մոլի երկրպագու էր։ Գարիկը իրեն տոմսեր էլ էր նվիրում, պատերազմից հետո մեջս մի բան արթնացավ, գրեցի Գարիկին, արձագանքեց, շատ շնորհակալ եմ, պատմեցի, ինքը ասեց՝ խոսք եմ տալիս, որ առաջին համերգը իրեն եմ նվիրելու, էդպես էլ արեց։

Պատերազմից հետո Գարիկն ու Սոնան, որ առաջին համերգը տվեցին, նվիրեցին իմ Արթուրին։ Ես ամեն ինչ ուզում էի անեի, որ տղես լավ զգար, հանգիստ զգար»,- հուզմունքով ասում է մայրը։

Մայրն ասում է՝ կարոտը խեղդում է, ամեն վայրկյան հիշում է որդու հետ կապված ամեն մի դրվագ։

«Շատ եմ նեղվում, լացում, հատկապես հիշում եմ վերջին զանգը, որ միասին դուրս էինք եկել հագուստ առնելու։ Շատ եմ երազումս տեսնում, միշտ ուրախ եմ տեսնում իրեն, ինձ միշտ ասում ա՝ ես լավ եմ, դու մի լացի, էդպես հավատում եմ…»- ասում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am