Հայ-Ռուսական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողներն այցելել են ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է ակտիվորեն համագործակցել հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ ապագա մասնագետներին պետական կառավարման համակարգի գործունեությանը ծանոթացնելու, ուսմանը զուգահեռ նրանց տեսական գիտելիքները փորձնական հմտություններով ամրապնդելու նպատակով:

Այդ համագործակցության շրջանակում այսօր հանձնաժողովում հյուրընկալվել էին Հայ-Ռուսական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներ:

Նրանց հնարավորություն ընձեռնվեց մասնակցել հանձնաժողովի հերթական նիստին, լսել օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ ծավալվող քննարկումները, որոնք վերաբերում էին տնտեսավարող սուբյեկտների կողմից անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորումներին, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության հնարավոր խախտման այլ դեպքերի:

Նիստի ավարտից հետո ուսանողների հետ հանդիպել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:

Նա ներկայացրել է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը, պարզաբանել նորավարտ մասնագետների համար աշխատանքի անցնելու ընթացակարգը, պատասխանել ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի:

Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։