«Մենք կտրված ենք ինֆորմացիայից». Կորոնավիրուսային համավարակը լսողության խանգարում ունեցող մարդկանց դարձրել է կրկնակի խոցելի

Երևանի 43-ամյա բնակիչ Մարիամ Մելիքյանը և նրա ամուսինը՝ Սարիկը, լսողության խանգարում ունեն։ Համավարակն ինչպես բոլորի, այնպես էլ նրանց համար անսովոր ու ծանր իրավիճակ ստեղծեց։ Սակայն, ի տարբերություն լսողների, լսողության խանգարում ունեցողներն էլ ավելի մեծ մարտահրավերների բախվեցին ոչ միայն ստեղծված սոցիալական իրավիճակի, այլ նաև հաղորդակցման և հիվանդության մասին տեղեկացված ու պաշտպանված լինելու առումով։

Ամեն ինչ հատկապես էլ ավելի դժվարացավ, երբ ստիպված եղան պայքարել վարակի դեմ, որը մուտք գործեց նաև այս ընտանիք։ 

Մարիամին և նրա ընտանիքին 14-օրյա մեկուսացման մեջ օգնում էր 74-ամյա հարևանուհին՝ սնունդ, դեղեր և անհրաժեշտ իրեր էր փոխանցում։ Հաշվի առնելով նրա տարիքը՝ անհարմար էր զգում դիմել, որ աջակցի։ Սակայն հարևանուհին՝ տեսնելով նրանց վիճակը, մեծ պատրաստակամությամբ օգնում էր։

Մարիամը՝ հարևանուհու՝ Լյուդմիլա Եֆանովիայի հետ

Մարիամի քույրը՝ Գոհար Մելիքյանը, հիվանդությունը հաստատվելուց հետո զանգահարել էր պարետատուն, ներկայացրել Մարիամի ընտանիքի տվյալները, սակայն ոչ մի արձագանք չէր հետևել։ Հիմա նա և հարևանուհին ասում են՝ պետության մասին չեն ուզում խոսել։

Մինչ համավարակի պատճառով արտակարգ դրությունը Մարիամն աշխատում էր «Վիվասել ՄՏՍ»-ում։ Մարիամի խոսքով՝ աշխատանքը իր փրկությունն էր։ Սակայն մարտ ամսից, կորոնավիրուսով պայմանավորված, աշխատատեղը փակվել է։ Այդուհանդերձ, մինչև օգոստոս վճարվել է, ինչով էլ կարողացել է հոգալ իրենց ծախսերը։ Հիմա արդեն, ինչպես լսողության խանգարում ունեցող շատ-շատերը,  որոնք աշխատանքի հնարավորություն չունեն, ֆինանսապես ևս բարդ վիճակում են հայտնվել։ 

ՀՀ Կառավարությունը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 22 սոցիալական ծրագիր է իրականացրել։ Հաշմանդամություն ունեցող անձինք այդ ծրագրերից որևէ մեկում չեն ընդգրկվել։ 

Տարբեր տվյալների համաձայն, Հայաստանում լսողության խանգարումներ ունեցող շուրջ 3500 մարդ կա, որոնց հաղորդակցման լեզուն ժեստերի լեզուն է։ 

Կորոնավիրուսային համավարակի տարածմանը զուգահեռ, պետական աջակցությունից դուրս մնացած լսողության խանգարում ունեցողները մի շարք բարդությունների բախվեցին, ներառյալ՝ տեղեկատվության սակավությունն ու անհասանելիությունը։

Հիվանդության վերաբերյալ ժեստերի լեզվով տեղեկատվության բացակայությունը, ֆինանսական ու սոցիալական աջակցության բացակայությունը ու լսողության խանգարում ունեցողների հանդեպ առկա վերաբերմունքն իրական փորձություն դարձան Մարիամի և նրա ընտանիքի համար։ 

Մելիքյանն ասում է, որ այս առումով էլ առանց հարազատ քրոջ աջակցության հազիվ թե գլուխ բերեին իր բուժման հարցերը։ Բայց եթե ինքը հարազատ քույր ունի, որը հաղորդակցվում է ժեստերի լեզվով և օգնում է իրեն, ի՞նչ են անում մյուսները, ինչպե՞ս են հաղթահարում այս խնդիրները։

Մարիամին խիստ մտահոգում է, որ Հայաստանում գործող պետական հաստատություններում, ինչպես նաև բժշկական ու սոցիալական ծառայության այլ կենտրոններում չկան ժեստերի լեզվի թարգմանիչներ։ Ասում է, որ շատ կուզենար, ինչպես եվրոպական երկրներում է, Հայաստանում ժեստերի լեզվի թարգմանիչների կենտրոն լիներ, որը կհամակարգեր լսողության խանգարում ունեցողների հաղորդակցումը տարբեր հաստատությունների հետ։

Լսողության խանգարում ունեցող կորոնավիրուսային վարակով անձանց բուժօգնության և բուժսպասարկման մասին «Մեդիալաբի» հարցմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ որևէ հատուկ կարգ նրանց առնչությամբ չի սահմանվել:

Նախարարությունում նաև առանձնացված տվյալներ չունեն լսողության խանգարում ունեցող կորոնավիրուսային վարակով անձանց վերաբերյալ։

«Հույսի կամուրջ» ՀԿ-ի երիտասարդների շահերի պաշտպան Արևիկ Մելքոնյանի գնահատմամբ՝ լսողության խանգարում ունեցողները համավարակի ժամանակ, իրապես, կրկնակի խոցելի են դարձել։ 

Որևէ աջակցման ծրագիր հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված չէ, լսողության խանգարում ունեցողների համար նաև տեղեկատվության պակաս կա. հանրային իրազեկման նյութերը հիմնականում տեսանյութերի և աուդիոտարբերակով են՝ առանց ենթագրերի և ժեստերի լեզվով թարգմանության։ 

«Աջակցման միջոցառումներն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էր իրականացնում, ու ոչ մի հատուկ միջոցառում չի եղել ոչ մի տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ես դիմել եմ նախարարություն, ասել են, որ աջակցման ծրագրերը համակարգվում է Կառավարության հետ միասին, և ինչ կա՝ էն կա։ Ոչ մի բացառություն անել չեն կարող»,- ընդգծում է Մելքոնյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 11-ին նոր հրաման արձակեց, որով խուլ-համրություն ունեցող անձանց առնչությամբ միայն նշվում է, որ հանրային բաց տարածքներում կարող են դիմակ չկրել։ 

«Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են՝ խուլ-համրությունը (խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը)»,- նշված է հրամանում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ: