Միշտ էլ ուժի մեջ է շենք-շինություններ գրավելու, պատգամավորներին ճնշելու պլանը. Վազգեն Մանուկյան

«Պլան բ»-ն այն է, որ եթե իշխանափոխություն չլինի փողոցով, ընտրություններով, կլինի պլան բ-ով: Այդ մասին այսօր մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը:

Հարցին, թե այսինքն՝ ուժի մե՞ջ է շենք-շինություններ գրավելու, պատգամավորներին ճնշելու մասին հայտարարությունը, Մանուկյանը պատասխանել է. «Դա միշտ էլ ուժի մեջ է»:

Այնուհետև հավելել է. «Մենք գործ ունենք ոչ լեգիտիմ իշխանության հետ: Իշխանության լեգիտիմությունը… Նիկոլն ու իր թիմը շատ սխալ են պատկերացնում, որ իշխանության լեգիտիմությունը ընտրություններով ընտրվելն է: Այդ ընտրվելու ժամանակ դու լինում ես սովորական, լեգիտիմ իշխանություն, հետո քո լեգիտիմությունը կարող է նվազել: Պատերազմից հետո այս իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը: Այս պարագայում ասել, որ մենք գնում ենք սահմանադրական ճանապարհով, անիմաստ է: Հիմա մենք փրկում ենք երկիրը, իսկ երկիրը փրկելու համար բոլոր միջոցները թույլատրելի են»:

Հարցին, թե ինչպե՞ս են փրկելու երկիրը, երբ շատերը կարծում են՝ Շարժումը ձախողվել է, Մանուկյանը արձագանքել է. «Երկիրը փրկելու ժամանակ բոլոր միջոցները ընդունելի են, ուղղակի մաքսիմալ մեղմ միջոցներով սկսում ես, հետո կարող ես խստացնել այդ միջոցները»: