Դպրոցական տարիքի երեխաների մոտ կարճատեսության տոկոսը կազմում է շուրջ 20%

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 2000 թվականից հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է՝ որպես Տեսողության համաշխարհային օր:

Այս տարի Տեսողության համաշխարահին օրվա միջոցառումներն անցկացվում են «Սիրե՛ք ձեր աչքերը» կարգախոսի ներքո՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել կանխարգելելի կուրության եւ տեսողական խանգարումների հիմնահարցերի վրա:ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհի բնակչության շուրջ 1,3 միլիարդն ունի տեսողության խանգարում, որից 36 միլիոնը կույր է։

Տեսողության խանգարման ամենատարածված պատճառներից են աչքի լուսաբեկման խախտումները, կատարակտը, գլաուկոման և տարիքային մակուլյար դեգեներացիան 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր

վեցերորդի և 80 տարեկանից բարձր անձանց ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվում է կատարակտ: Դպրոցական տարիքի երեխաների մոտ կարճատեսության տոկոսը կազմում է շուրջ 20%, ուսանողների շրջանում՝ մինչև 40%: Շաքարային դիաբետով տառապող յուրաքանչյուր երրորդի մոտ հայտնաբերվում է դիաբետիկ ռետինոպաթիա: Այս հիվանդությունների 75%-ը հաղթահարելի է, այսինքն` դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել, իսկ ժամանակին բուժվելու դեպքում` կուրության դեպքերի շուրջ 80%-ից հնարավոր է խուսափել:

Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի բարձր տարիքի անձանց շրջանում: Տարիքային այս խմբում տեսողության խաթարման տարածվածությունը 8.4% է, կատարակտի տարածվածությունը՝ 27%, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիայինը՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն: 50 և ավելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջություն ունեցողների ներկայացվածությունը գրեթե 3 անգամ ավելի է և կազմում է 37%:

Հիսուն տարեկանից հետո կյանքի յուրաքանչյուր լրացուցիչ 5 տարին ավելացնում է խոցելի ակնային առողջության հավանականությունը 9%-ով:Այս ոլորտում առողջապահության նախարարությունը սերտորեն համագործակցում է մասնագիտական կառույցների հետ: Մասնավորապես` Հայկական ակնաբուժության նախագծը (ՀԱՆ) 2003 թվականից ի վեր ակնաբուժական հետազոտություններ և բուժում է իրականացնում Հայաստանի մարզերի բնակչության շրջանում:

Լույս հայի աչքերին ծրագրի շրջանակներում կազմակերպությունն իրականացրել է շուրջ 500 հազար ակնային ստուգում, կատարել է 30 հազարից ավելի ակնային վիրահատություն և լազերային միջամտություն, բաժանել ավելի քան 75 հազար ակնոց: