«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը
– Օրերս ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան և ապա Ադրբեջան կատարած այցը ի՞նչ ուղերձներ էր պարունակում թե՛ Երևանի ու Բաքվի, թե՛ ավելի լայն՝ տարածաշրջանային խաղացողների համար, պարո՛ն Մելիքյան։
– Ընթացիկ տարածաշրջանային ու գլոբալ ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում այդ այցը նախևառաջ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քաղաքական ու բարոյական աջակցություն ցուցաբերելու գործողություն էր: Միացյալ Նահանգներն անշուշտ ունի իր տարածաշրջանային օրակարգը, որը, առնվազն ժամանակավորապես, նախատեսում է ռազմական դիմակայության դադարեցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև և նրանցից յուրաքանչյուրի համար որոշակի դերակատարում է սահմանում առաջիկա տարածաշրջանային զարգացումների համատեքստում:
– Կարո՞ղ ենք ասել, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում իր դիրքերը վճռականորեն փորձում է ամրապնդել։
– Ես կօգտագործեի «հետևողականորեն» եզրույթը, քանի որ «վճռականորեն»-ը ենթադրում է չնախատեսված և արտառոց պայմաններում գործելու ընդունակություն, մինչդեռ պաշտոնական Վաշինգտոնը սեփական ծրագրերը մշակում է երկարաժամկետ կտրվածքով, դրանցում ներառելով նաև ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ միջանկյալ մարտավարական քայլերն ու սահմանում դրանց հաջորդականությունը: Ուստի կարծում եմ, փոխնախագահ Վենսի այցը կարելի է դիտարկել որպես լայն առումով տարածաշրջանային նոր ճարտարապետությունը կյանքի կոչելուն ուղղված միջանկյալ գործողություն, որի արդյունավետությունը, ԱՄՆ-ի շահերի ապահովման տեսանկյունից, երաշխավորված է եղել մինչ այդ արդեն իսկ կատարված լայնածավալ նախապատրաստական աշխատանքի շնորհիվ: Ի դեպ, պաշտոնական Մոսկվայի ցուցաբերած զուսպ հանդուրժողականությունը ևս կարելի դիտարկել որպես այդ աշխատանքի արդյունքներից մեկը:
– Հայաստանին ի՞նչ էական օգուտներ կարող է տալ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը։
– Կարճաժամկետ կտրվածքով ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունը կարող է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ պատերազմի վերսկսումը կանխարգելել, թեև չպետք է բացառել այնպիսի սցենարի հնարավորությունը, որի դեպքում մեր տարածքի մի հատվածը կարող է թիրախ դառնալ Իրանի համար: Տնտեսական հավանական օգուտների մասին լուրջ խոսելը դեռ շատ վաղ է, աշխարհում գերակշռում է ապակայունացնող գործոնների ազդեցությունը, որը շարունակում է ընդլայնվել: Դա կայուն տնտեսական զարգացմանը խոչընդոտող երևույթ է, իսկ մեզ հարող տարածաշրջանները կոնֆլիկտածին հսկայական ներուժով են օժտված:
– «Չպետք է բացառել այնպիսի սցենարի հնարավորությունը, որի դեպքում մեր տարածքի մի հատվածը կարող է թիրախ դառնալ Իրանի համար»․ ի՞նչ նկատի ունեք:
– Կարող է տեղի ունենալ այս կարգի մի բան․ եթե Իրանի դեմ ուղղված ամերիկյան հարվածի տարբերակը գործարկվի, ուTRIPP-ով ռազմական նշանակության բեռնափոխադրումներ իրականացվեն՝ այդ երկրի հյուսիսային սահմանի երկայնքով ցամաքային ներխուժումը կամ այլ թշնամական գործողություն նախապատրաստելու կամ դրան աջակցելու նպատակով:
– Պարո՛ն Մելիքյան, ԱՄՆ-ի օգնությամբ Հայաստանը կարո՞ղ է ստանալ կայուն խաղաղություն, հաշվի առնելով նաև այն, որ ԱՄՆ-ն հարաբերությունները Ադրբեջանի հետ։
– Հայաստանը ընթացիկ զարգացումների փուլում ԱՄՆ-ի մարտավարական բնույթ ունեցող կարճաժամկետ առաջնահերթությունները սպասարկող օղակներից մեկի դերն է ստացել: Կայուն, տևական խաղաղություն ունենալու համար Հայաստանի քաղաքական վերնախավը պետք է սովորի ոչ միայն գերտերության կարճաժամկետ շահեր սպասարկել, այլև նախատեսել սեփական մասնակցությունը գլոբալ երկարաժամկետ զարգացումների հետ կապված ծրագրերի նախապատրաստմանն ու իրականացմանը՝ որպես սեփական և այլոց շահերը գիտակցող արժեքավոր գործընկեր:
– Խոսակցությունները չեն դադարում այն մասին, որ Հայաստանը փոխո՞ւմ է իր արտաքին քաղաքական վեկտորը, եթե այո՝ դեպի ո՞ւր։
– Անկախացումից ի վեր տևական ժամանակ Հայաստանը սպասարկել է Ռուսաստանի տարածաշրջանային շահերը: 2016 թվականը ջրբաժան դարձավ այն պատճառով, որ Մոսկվան վերանայեց սեփական շահերի ու առաջնահերթությունների ողջ համակարգը: Հայաստանի իշխանությունները, մեր քաղաքական վերնախավը դրան պատրաստ չէին իրենց որակական պակասավորության հետևանքով ու չկարողացան կանխել մեզ համար աղետաբեր քաղաքական, տարածքային, բարոյական ու ռազմական կորուստները:
Կարծում եմ, որ ավելի ընդգրկուն փոխհամաձայնությունների արդյունքում Հայաստանի համար ռուսական ռազմավարական այլևս ժամկետանց շահերի սպասարկուի դերը փոխարինվեց ԱՄՆ-ի՝ առայժմ կարճաժամկետ, մարտավարական ծրագրերի սպասարկուի դերով: Կարելի է ասել, որ ոչ թե Հայաստանն է փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը, այլ նոր «վեկտորն» ինքն է հարմարեցնում Հայաստանը՝ իր ընթացիկ կարիքները հոգալու համար:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















