Ո՞վ է հրեշը՝ հորաքո՞ւյրը, թե՞ պետությունը

Մհեր Արշակյան

Մարդը հակված է սպանելու։ Ու որպեսզի չսպանի, խելոքները մտածում են արգելքներ տարբեր ինստիտուտների ու պատժատեսակների տեսքով։ Առաջիններից մեկը բարոյական արժեքներն են։ Եթե դրանք չեն անցնում, մտածում են օրենքները։ Կան նաև դրախտի խոստումն ու դժոխքի սպառնալիքը։ Չնայած այս ամենին՝ հորաքույրը երեխայի է սպանում։ 

Այսինքն՝ եղած պատժատեսակներից, սպառնալիքներից ու բարոյական նորմերից ոչ մեկը չի աշխատել։ Ու քանի որ կան մարդիկ, որոնց դեպքում արտաքին ոչ մի ազդակ չի աշխատելու, պետությունը մտածում է մեթոդներ, որ «քիթը խոթի» նման մարդկանց կենցաղ։ Ասենք՝ սոցիալական ինստիտուտների տեսքով։ 

Այսինքն՝ գնում, մտնում է ինչ-որ վատ հագնված կամ խեղճ հայացքով, կամ այլ նշաններով իր անօգնականությունը մատնող երեխայի մոր տուն ու ասում է՝ մենք խնդիր ենք տեսնում ձեր ընտանիքում։ Սոցիալական հաստատության աշխատողը պիտի որ նյուխ ունենա հասկանալու՝ երեխաները բռնության ենթարկվո՞ւմ են, թե՞ ոչ։ 

Կամ այդ ընտանիքում բռնությունը հնարավո՞ր է, թե՞ ոչ։ 

Խաշթառակցի բալիկի ընտանիքում սրանցից ոչ մեկը չի աշխատել։ Չի աշխատել նաև հարևանների կարեկցանքը, որի մասին ոչինչ հայտնի չէ։ Թեպետ հայ գյուղացի հարևանը սովորաբար ամեն ինչ է իմանում մյուս հարևանների կյանքի մասին։ 

Գյուղապետն ասում է, որ ինչ-որ բաներ լսել էինք։  

Ըհը՛։

Ուրեմն ո՞վ է մեղավոր երեխայի սպանության մեջ։ 

Մա՞յրը։ Ո՛չ։ Հորաքու՞յրը։ Ո՛չ։ 

Սպանության ի վիճակի են անխտիր բոլորը։ Ուղղակի ոմանք դա անում են որպես զինվոր, ոմանք՝ որպես ոստիկան, ոմանք՝ ինքնապաշտպանության տեսքով, ոմանք՝ ավտովթարի, երբ մեքենայի արգելակները չեն աշխատել կամ չի հասցրել արգելակել։ 

Սպանությունը բոլոր դրսևորումներով կա։ 

Խաշթառակցի այս երեխայի պարագան ուրիշ է։ Սպանության ուրվականը փաստորեն երկար տարիներ թափառել է այդ տան մեջ հիստերիայի ու գազանի բաց դեմքով։ Տանը իշխել են գազանությունն ու հիվանդությունը: 

Ու ոչ մեկի հեչ պետքն էլ չի եղել։ Գուցե ամենևին էլ զարգացած հասարակությո՞ւն չենք։ 

Իսկ ինչոո՞ւ գուցե։ Թվարկված ինստիտուտներից ո՞րն է աշխատում, որպեսզի լռվենք, մնանք «գուցե»-ի վրա։ Ոչ մեկը։ 

Եթե տանը երեխա կա, պետությունը պետք է որևէ ձևով ներխուժի այդ տուն՝ մանկապարտեզի դաստիարակի, որն իր աչքով է տեսել, որ երեխայի վարքը մտահոգիչ է, դպրոցի ուսուցչի, որը չի կարողացել անհասկանալի վարքով երեխայի բերանից պոկել, թե ի՞նչն է նրան մտահոգում։ 

Պետությունը պետք է լինի տան այն անդամը, անտեսանելի աչքը, որը պետք է արդեն իսկ ենթադրի, թե ինչ է հնարավոր այդ տանը։ Ենթադրենք՝ հորաքույրը և պապը (որի մասին երեխաներն ասում են, որ «պապին մեզ չի ծեծել») խելագար են։ 

7 երեխա ի՞նչ գործ ունեն այդ տանը։ Ենթադրենք՝ խելագար չեն։ Պարզ է, չէ՞, որ հորաքույրն առաջին անգամ չորոշեց ծեծել բոլորին։ Բռնությունն այդ տանը եղել է նույնքան տանուտեր, որքան այդ երեխաները անտեր են եղել հարազատների բանակի մեջ։ 

Հետևաբար ո՞վ է մեղավոր խաշթառակցի բալիկի սպանության մեջ։ Մայրը, հորաքույրը, պապը (որին նույնպես մեղադրանք է առաջադրվել) կդատվեն։ Կին եմ ասել՝ երեխաներին մկնդեղով է կերակրել։ 

Բայց խաշթառակցի բալիկը,-եկեք պատկերացնենք նրա սարսափը ծեծվելիս,-չէր էլ ենթադրում, որ գոյություն ունի մի չարաճճիություն, որի պատճառով կարելի է հայտնվել հարազատի ոտքերի տակ։ Էդ երեխան։ 

Բա մյուսնե՞րը՝ հարևանները, սոցիալական հաստատությունները, ոստիկանության անչափահասների հարցերով զբաղվող բաժինները։

Ընկերներ, կարեկցելու ենք, ցավալու ենք ու անցնի։ Ու հեչ բացառված չէ, որ հենց հիմա գյուղերից մեկում էլի խմորվում է այսպիսի մի սպանության միջավայր, որում մայրը, հայրը, հորաքույրը, քեռին, մեծ եղբայրը, պապը սոցիալական անհուսությունը շալակած (տեղեկություններ կան, որ այս ընտանիքում հրաժարվել են երեխաներից բաժանվել, որպեսզի սոցիալական ինչ-որ օգնություններից չզրկվեն) մտածում են, թե այդ բեռով ինչպե՞ս հաղթահարել ինչ-որ փոքրիկի աղմուկը, որը խաղալուց բացի այլ մտահոգություն չունի, որին ծնողը կամ խնամողը պետք է ենթադրեին նրա աշխուժությունը, մանկական այլ արարքներ, աղմուկ և այլն։ Խաշթառակում մանկապարտեզ չկա՞ր։ Եթե չկար, իմ պապը պիտի որ դրա համար պատասխան չտա։ 

Որովհետև, պնդում եմ՝ սպանելը հեշտ է, դուք մտածեք, թե ինչպես ձեր զրոյական ինստիտուտներով պահպանեք երեխաների կյանքը, որոնք առավոտից իրիկուն նույն դեմքերն են տեսնում, իսկ այդ դեմքերն առավոտից իրիկուն կյանքի միօրինակ ու բացարձակապես հաջորդ օր չենթադրող ռիթմի մեջ «տելեվիզր» են տշում։ 

Մարդիկ վատ են ապրում, ապրում են ոչ մի ուղղությամբ հույս չարթնացնող կյանքով։ Դրան գումարած՝ խելագար են կամ անգրագետ։ 

Ու փաստորեն սոված, անհույս ու առանց հեռանկարի ապրում են մի կյանքով, որը կերակրում է իրենց միջի հրեշին։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am

Խաշթառակցի երեխաները պատմում են՝ թե՛ ծեծվել են, թե՛ մկնդեղ կերել

Խաշթառակցի երեխաները պատմում են՝ թե՛ ծեծվել են, թե՛ մկնդեղ կերել

Posted by Ազատություն ռադիոկայան on Saturday, August 22, 2020