Ձայներ փախցնելու, ներքին համաձայնության և այլնի մասին. Բագրատյանի հնարավոր առաջադրումն ըստ վերլուծաբանների

Ձայներ փախցնելու, ներքին համաձայնության և այլնի մասին. Բագրատյանի հնարավոր առաջադրումն ըստ վերլուծաբանների
Ձայներ փախցնելու, ներքին համաձայնության և այլնի մասին. Բագրատյանի հնարավոր առաջադրումն ըստ վերլուծաբանների

ԱԺ պատգամավոր և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրելու վերաբերյալ գրառումը, ըստ քաղաքագետ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի, ընտրազանգվածի մի հատված փախցնելու առիթ է:
Հիշեցնենք, որ երեկ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում մի գրառում էր կատարել, որտեղ նշվում է դեկտեմբերի 24-ին «Ազատություն» կուսակցության համագումարի և օրակարգում որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցի վերաբերյալ:
«Օրակարգում, այո´, կա ինձ որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարց:

Միաժամանակ տեղյակ եմ պահում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես ի վերջո կհանեմ թեկնածությունս (եթե առաջադրված լինեմ):

Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես ՀԱԿ կողմից չեմ առաջադրվում։ Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից որևիցե մեկին կաշկանդած չլինելու համար»,- ասել է Բագրատյանը գրառման մեջ:

Սաֆարյանը նշում է, որ քանի որ տևական ընտրական շրջան է, որ ՀԱԿ-ը կանգնած է դժվարությունների ու մարտահրավերների առջև.

«Բագրատյանն ուզում է առիթը օգտագործել` կանխավ իր համար էլեկտորատի մի զանգված փախցնելու համար»,- նշում է նա:

«Իսկ ասելով, թե Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում ինքը կհանի իր թեկնածությունը, հասկացնում է մեկ փաստ, որ ՀԱԿ-ից որևէ մեկը չի պատրաստվում առաջադրվել, և եթե դրվի էլ, ինքը բացառություն կարող է անել միայն Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում»,- ասում է Սաֆարյանը:

Ըստ նրա՝ Բագրատյանը կա´մ գիտի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, կա´մ պարզապես շանտաժ է անում, որ առաջադրվի:

Հաշվի առնելով վերջին շրջանում ՀԱԿ-ի անկում ապրող վարկանիշն ու ներքին մթնոլորտը` քաղաքագետները սպասելի են համարում Բագրատյանի այս քայլը:

Ըստ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի՝ ՀԱԿ-ը չէր կարող նույն ձևով ներկայանալ ընտրություններում, ինչպես 2008-ին:

Նա նշում է, որ Բագրատյանի թեկնածություն առաջադրելը կապված է ՀԱԿ-ի ներքին մթնոլորտի հետ:

«Հիմա արդեն պարզ է, որ կուսակցություններն թեկնածու առաջադրելու համար առանձին են որոշում ընդունում, ՀՀՇ-ն էլ իր համագումարում առանձին կորոշի: Վերջին ամիսներին ՀԱԿ-ում տիրող մթնոլորտից Բագրատյանի առաջադրվելն իհարկե սպասելի էր: Սակայն, իհարկե, Բագրատյանը մեկ օրում չի որոշել առաջադրվել, այս ուղղությամբ նա մտածել է, աշխատել»,- ասում է Սարգսյանը:

Ի դեպ, Հրանտ Բագրատյանի հնարավոր առաջադրումը մեծ ոգևորություն է առաջացրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Մարդիկ, ովքեր հիասթափվել են ընդդիմության կրավորական կեցվածքից, հատկապես Օսկանյան-Զուրաբյան վերջին աղմկահարույց պատմությունից հետո, ուրախ են, որ ի դեմս Բագրատյանի կլինի մի թեկնածու, ում կարող են քվեարկել:

Բագրատյանի գրառումն արժանացել է թե´ բացասական և թե´ բազմաթիվ մեկնաբանությունների, ինչպես նաև աջակցող խոսքերի:

«Ուրախ եմ, որ Հրանտ Բագրատյանը որոշել ա առաջադրվել: Ընդ որում, առաջադրվում ա ոչ թե ՀԱԿ-ի կողմից, այլ ինքնուրույն: Ճիշտ ռազմավարության դեպքում Բագրատյանը կարող ա ապահովել հասարակական լայն կոնսոլիդացիա»,- «Ֆեյսբուքում» արձագանքել է հայտնի գրող Մարինե Պետրոսյանը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am