«Չենք լռելու». Նոր հայտարարություն Գանձասարի վերաբերյալ

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը այսօր նոր հայտարարություն է տարածել Գանձասարի վանական համլաիրում տեղի ունեցող շինարարության վերաբերյալ: Հիշեցնենք, որ երկու օր առաջ ղարաբաղցի երիտասարդները սոցիալական ցանցերում լուսանկարներ էին տեղադրել` ահազանգելով այն մասին, որ ինչ որ մարդիկ երեսպատում են Գանձասարի պարիսպը:
Ըստ երիտասարդական նախաձեռնության հայտարարության, «աղմկահարույց լուսանկարների հայտնվելու առաջին իսկ օրը մամուլում պարզաբանումներով հանդես եկավ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը, ըստ որի` հնադարյա պարսպի երեսպատման գաղափարը պատկանել է մոսկվաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանին»:

«Այդ տեղեկատվության հիման վրա «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ մամուլի միջոցով դիմել է Հայրապետյանին` կոչ անելով հրահանգել «կասեցնել Գանձասարում իրականացվելիք բարբարոսությունը»: «Մենք հակված ենք ենթադրելու, որ Լեւոն Հայրապետյանը, ում վստահված անձինք իր միջոցներով իրականացնում են 13-րդ դարի պարսպի «երեսպատումը», պարզապես տեղյակ չէ տեղի ունեցող խայտառակության մասին»,- ասված էր երեկվա հաղորդագրության մեջ»,- գրվածէ հայտարարության մեջ:

Ըստ այդմ, երեկ երեկոյան երիտասարդական նախաձեռնության անդամներին հաջողվել է կապվել Լևոն Հայրապետյանի հետ, ով տեղեկացրել է, թե Գանձասարը շրջապատող պարիսպը կառուցվել է ոչ թե 13-րդ դարում, այլ 20-րդ դարի 80-ական թվականներին, եւ որ ներկա պահին պարիսպն իր անորակության պատճառով սկսել է քանդվել, «ինչը կանխարգելելու համար նա որոշել է երեսպատել այն տրավերտինե (ավելի վաղ սխալմամբ նշվում էր մարմարե) սալիկներով, որոնք, այն նույն հանքից են, որտեղի քարերով 13-րդ դարում կառուցվել է Գանձասարի վանական համալիրը»:

««Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տարակուսանք է հայտնում այն առնչությամբ, որ ԼՂՀ կառավարությանն առընթեր պատմական հուշարձանների պահպանման և ուսումնասիրության բաժնի պետն իր հարցազրույցներում մի քանի անգամ հաստատել է պարսպի` 13-րդ դարի կառույց լինելը։ Իսկ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխանակ իրազեկելու, որ այն կառուցվել է ընդամենը 30 տարի առաջ, եւ լռեցնելու անիմաստ աղմուկը, լրատվամիջոցների հարմանն ի պատասխան ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից, ինչն, ըստ Արցախում շրջանառվող լուրերի, պայմանավորված է նրա ու Լեւոն Հայրապետյանի միջեւ գոյություն ունեցող տարաձայնություններով»,- նշում են հաղորդագրության հեղինակները:

© Medialab.am