Քաղաքի հիշողության կորուստը` Հայկ Բիանջյանի լուսանկարներում. «Անիմաստ է Էրեբունի-Երևան տոնելը, երբ չենք կարողանում պահպանել»

Քաղաքի հիշողության կորուստը` Հայկ Բիանջյանի լուսանկարներում. «Անիմաստ է Էրեբունի-Երևան տոնելը, երբ չենք կարողանում պահպանել»
Քաղաքի հիշողության կորուստը` Հայկ Բիանջյանի լուսանկարներում. «Անիմաստ է Էրեբունի-Երևան տոնելը, երբ չենք կարողանում պահպանել»

Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի լուսանկարներով ստեղծված երկու նոր ֆիլմերը անդրադարձ են Երևան քաղաքի հիշողության կորստին՝ ներկայացնելով հին պատմամշակութային շինությունների, ճարտարապետական հուշարձանների քանդման պատմությունն ու իրենց գույքից զրկված, սեփականության իրավունքը խախտված քաղաքացիների կյանքը:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» աջակցությամբ և New media Advocacy նախագծի շրջանակներում ստեղծված այս ֆիլմերը, Բիանջյանի կարծիքով, ևս մեկ փորձ են հասարակության ուշադրությունը հրավիրելու Երևանի հին, մշակութային արժեք ներկայացնող տների ու շինությունների վրա, որոնք քանդվում են ու անտերության մատնվում:
«Վերջին տարիներին մեր քաղաքում արդեն 30 մշակույթ-հուշարձան շենք ենք կորցրել: Մնացել են վերջին մի քանիսը: Բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացվել, և ցուցահանդեսներ կազմակերպվել այս թեմայով: Ես պարզապես անիմաստ եմ համարում, որ մենք նշում ենք Էրեբունի-Երևանի տոնը արդեն 2793 տարի, բայց մեր քաղաքում չենք կարողանում 100 տարվա պատմություն ունեցող շենք պահել: Այս ամենը պահպանվում է միայն լուսանկարների ու ֆիլմերի տեսքով»,- ասում է Բիանջյանը «Մեդիալաբին»:
2003-ից մինչ օրս լուսանկարելով ու արխիվացնելով Երևանի քանդվող պատմությունը, իրենց տներից քշված ընտանիքների ու մարդկանց կյանքի պատառիկները՝ Բիանջյանը կարծում է, որ այս ամենն էկրանավորելը օգնում է, որ անհատ ֆոտոլրագրողը կարողանա նաև իրեն հուզող հարցերը բարձրացնել և փորձել ինչ-որ լուծում ստանալ:

«Ամենամեծ հաջողությունն այն կլինի, եթե գոնե մի շենք կարողանանք պահպանել և փրկել էքսկավատորների ճիրաններից: Լավ կլիներ, որ այս ամենը չշարունակվեր, բայց քանի որ փակ շուկան սկսեցին քանդել, Աֆրիկյանների տունն արդեն համարակալել են, նման ֆիլմեր կշարունակեն դեռ պատրաստվել: Ցավալի է, որ մեր քաղաքում քաղաքաշինության մոդելն այսպիսին է՝ ի տարբերություն հարևան Թբիլիսիի, որտեղ հակառակն է»,- ցավով նշում է Բիանջյանը:

Ֆոտոլրագրողը նշում է, որ այս երկու ֆիլմերը նպատակ ունեն ներկայացնելու քաղաքի պատմությունը, որպեսզի նոր սերունդը այն ճանաչի ու իմանա:

«Այս շենքերը քաղաքի կենտրոնական հատվածում են եղել, և հին սերունդն ապրել է այդտեղ, տեսել է, գիտի, իսկ նոր սերունդը չգիտի, թե ինչի´ հաշվին է կառուցվել այսօրվա Հյուսիսային պողոտան: Իսկ տուրիստները, որոնք գալիս են այսօր մեր քաղաք, բնավ չեն զարմանում` տեսնելով այդ անճոռնի բարձրահարկերը, մինչդեռ փոխարենը կարող էին տեսնել քաղաքի մշակութային կոլորիտը»,- ասում է Բիանջյանը:

«Այս ֆիլմերը բարձրացնում են նաև մարդկանց սեփականության իրավունքի խախտման խնդիրը»,- նշում է Երևանի անցյալով և ներկայով մտահոգ ֆոտոլրագրողը, որի երկրորդ ֆիլմում նաև մարդկային ճակատագրերն են` հուզիչ և զայրացնող:

Ֆիլմը ներկայացնում է որպես հանրային գերակա շահ իրենց հին երևանյան տներից զրկված, ոչ համարժեք փոխհատուցում ստացած, հայաստանյան դատական գործընթացների միջով անցած և արդեն 5-6 տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած քաղաքացիների տխուր ու հուսահատեցնող պատմությունները` հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանի մեկնաբանություններով:

Նույն թեմայով Հայկ Բիանջյանի հեղինակային ֆիլմերից է նաև «Անհետացող հիշողություն» ֆիլմը, որն առաջին անգամ ցուցադրվել է 2011-ին Հյուսիսային պողոտայում, հետագայում նաև` Գերմանիայում և Կանադայում` Տորոնտոյի հայկական ֆիլմերի փառատոնի ընթացքում:

«Շուրջ 9 տարի հավաքելով մեր քաղաքի անծանոթ բնակիչների արխիվները` բազմիցս ստացել եմ այդ ամենը թվայնացնելու առաջարկներ: Այս նախագծի շրջանակներում երկու հեղինակային ֆիլմի պատրաստումը նույնպես մի հնարավորություն էր լուսանկարներով խոսելու և ցույց տալու Երևան քաղաքի հիշողության կորուստը»,- «Մեդիալաբին» ասում է Հայկ Բիանջյանը:

Հայկ Բիանջյանի երկու ֆիլմերը կարող եք դիտել այստեղ: https://vimeo.com/50667765 https://vimeo.com/50606465

Ֆոտոպատմությունն` այստեղ:

© Medialab.am