ՍԱՏՄ ղեկավարի հրամանով՝ այսօր վերահսկողական միջոցառումներ են սկսվել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում:
Արարատի մարզային կենտրոնի և Երևանից կենտրոնից գործուղված տեսուչները կստուգեն դպրոցների բուֆետ/ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների համապատասխանությունը սահմանված նորմերին, վաճառվող սննդամթերքի համապատասխանությունը ինչպես «Սննդամթերքի անվատանգության մասին» ՀՀ օրենք պահանջներին, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. հունիսի 6-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների» մասին թիվ 32-Ն հրամանում ներառված ցանկին, որտեղ հստակ նշված է, թե ինչ սննդամթերք չի կարելի վաճառել հանրակրթական ուսումնական հաստատություններում (ՍԱՏՄ տեսուչները ուսումնական տարվա սկզբին կազմակերպվող շրջայցերի ժամանակ այս մասին հիշեցնում ու զգուշացնում են հանրապետության բոլոր դպրոցների տնօրինությանն ամեն տարի):
Գործընթացը կլինի շարունակական, մինչև տարեվերջ վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի և Երևանի դպրոցներում:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եվ կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ սննդային թունավորում ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 23 աշակերտ: ՍԱՏՄ տեսուչները, վերահսկողական գործողությունների արդյունքում պարզել էին, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից արտադրված և մատակարարված նրբերշիկով պիցցան ուտելուց հետո: Դպրոցի բուֆետում առկա պիցցայից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Թեև մատակարարի մոտ տվյալ սննդատեսակի նմուշներ չեն հայտնաբերվել, այդուհանդերձ վերահսկողական միջոցառումներ են իրականացվում նաև մատակարարի գործունեության վայրում:
Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն շաբաթվա վերջում:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին