Գալիս են, հազար անգամ շնորհակալություն հայտնելով պատվաստվում և հեռանում. Իրան-Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ «վառվող» ուղղությունը

Իրանցի զբոսավար-բլոգեր Սանտա Մարիա Քարիմին Հայաստանում պատվաստվելու համար ավտոբուսներով Իրանի Ռեշթ քաղաքից երկար ու դժվար ճանապարհ է անցել։ Նրան Հայաստան են բերել Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար տևական, բայց անարդյունք հերթերը։ 

Հուլիսի 1-ին նա Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ հիասթափվել է իր երկրում պատվաստումային գործընթացից, ռիսկի է դիմել ու այցելել Հայաստան: 

Ներկայացնելով երկար ճանապարհորդությունը՝ Քարիմին ասում է, որ Երևան հասնելուն պես իր կեցավայրը գնալու փոխարեն առաջին հերթին գնացել է պատվաստվելու:

«Հայաստանում դիմակ գրեթե չեն կրում: Վարակի տարածվածությունը և մահացության մակարդակը շատ ցածր են, իսկ բնակիչներից շատերը հրաժարվել են պատվաստվելուց: Եվ Կառավարությունը պատվաստանյութեր է գնել ու անվճար պատվաստվելու հնարավորություն տվել բոլորին՝ և՛ հայերին, և՛ զբոսաշրջիկներին»,- իր հայրենակիցներին ներկայացնում է բլոգերը՝ գրելով, որ իր պատվաստումն ստացել է Հյուսիսային պողոտայի բուժանձնակազմի մոտ, «սիրալիր պայմաններում»:

Կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալու համար Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանը համարվում է առաջին ուղղությունը, որտեղ վերջին ամիսներին նույնիսկ «կորոնատուրեր» են կազմակերպվում: 

Իրանական աղբյուրների հաղորդմամբ՝ Հայաստան մեկնելու տոմսերը մինչև հուլիսի վերջ սպառվել են, գներն էլ՝ շեշտակի աճել։ Եթե նախկինում Հայաստան ճամփորդելն արժեր շուրջ 7 մլն թուման, ապա հիմա այդ գինը գերազանցում է 20 մլն թումանը, որը համարժեք է շուրջ 500 դոլարի։ 

Իրանցիների համար Հայաստան ճամփորդությունը երազանքի նման մի բան է դարձել, ասում են՝ իրենց երկրում հսկայական հերթեր են, իսկ «սև շուկայում» պաստվաստանյութի մեկ դեղաչափի գինը հասնում է մինչև 2500 դոլարի։ 

Երևանի կենտրոնում գտնվող պոլիկլինիկաներից մեկի բակում հուլիսի 6-ին բազմաթիվ իրանցիներ էին հավաքվել, որոնց երազանքը մեկն էր՝ ստանալ պատվաստանյութի բաղձալի դեղաչափը։ Խմբի ղեկավարի հետևից դիմակներով և համբերատարությամբ իրանցիները փորձում են պոլիկլինիկա մտնել, սակայն քանի որ ներսում լեփ-լեցուն է ու տեղ չկա, տեղավորվում են շենքի պատերի ստվերում՝ ամառային տոթից ու արևից չբողոքելով։ 

«Եթե հարցնեք, թե պատվաստվող 10-ից քանիսն է իրանցի, ես կասեմ 11-ը,- հոգնած աչքերով, սակայն աշխույժ ծիծաղելով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հերթական դեղաչափն է ներարկիչի մեջ հավաքում բուժաշխատողը և հավելում,- Իրանից այցելուները շատ են, գալիս են, հազար անգամ շնորհակալություն հայտնելով գնում»։

Մինչ պատվաստանյութի համար բազմամարդ հերթի շարքը անընդհատ համալրվում է, հայաստանցիների դժգոհ հայացքների և «ուֆ»-երի արանքում, իրանցիները չեն կարողանում զսպել իրենց երջանկությունն ու ժպիտը։

May be an image of one or more people, people standing and indoor

«Բարեկամներս բոլորը հուզված սպասում են,- հեռախոսով ազգականների հետ խոսելուց հետո ժպիտով ասում է փոքր աղջկան գրկած իրանցի կինը, որը ամուսնու հետ պատվաստվելու է եկել Թավրիզից: – Մերոնք հենց իմանան՝ պատվաստվել եմ, ուրախությունից պարելու են։ Սա շատ մեծ իրադարձություն է։ Լավ է, որ Հայաստանում մեզ լավ են ընդունում»։

Բացի իրանցիներից, Հայաստանում պատվաստվելու համար բուժհաստատություններում գոյացած հերթերում կարելի է տեսնել տաջիկների, ռուսների, արաբների: 

Իրանահայ լրագրող Ջորջ Աբրահամյանը օրերս է ռեպորտաժ պատրաստել Հայաստանում պատվաստումային գործընթացից, որը ցուցադրվել է Իրանի պետական հեռուստաընկերությամբ:

«Իմ ռեպորտաժում ներկայացրել եմ՝ ինչպես են իրանցիները, և ոչ միայն նրանք, պատվաստումներ ստանում: Հայաստանի այս քայլը շատ մեծ արձագանք է գտել Իրանում, իրանցիները սա դիտում են որպես մարդասիրական քայլ Հայաստանի կողմից, իսկ Հայաստանի առողջապահության նախարարը ներկայացվում է որպես հերոսուհի: Շատ սիրված դեմք է դարձել Իրանում, որի մասին հուզիչ գրառումներ են անում: Օրերս մի իրանցի գրել էր, որ այն, ինչ Անահիտ Ավանեսյանն է անում Իրանի ժողովրդի համար, ավելին է, քան կարող է անել մեր նախարարը»,- ներկայացնում է Աբրահամյանը:

Իրանի նկատմամբ պատժամիջոցները սահմանափակում են պատվաստանյութերի ներմուծումն այդ երկիր, իսկ սեփական «Իրան-Բարաքյաթը» դեռևս փորձարկման փուլում է և կիրառման համար հաստատում չունի: Իրանում չինական պատվաստանյութով կարողանում են հասցնել պատվաստել բացառապես տարեց քաղաքացիներին, երիտասարդ և միջին տարիքի մարդիկ յուրովի են գտնում պատվաստվելու ճանապարհը: 

Իրանցի Փայամը «Մեդիալաբին» պատմում է՝ 73-ամյա հայրը վարակվել է կորոնավիրուսով և այժմ հիվանդանոցային բուժում է ստանում: 

«Արդեն այնպիսի վիճակ է, որ եթե հիվանդանոցում ծանոթ չունենան, մարդիկ կամ պետք է մեռնեն, կամ այլ ելքեր փնտրեն: Բոլոր հիվանդանոցները լցված են հիվանդներով, պետությունը նորմալ չի պահում մարդկանց»,- ներկայացնելով իրենց երկրի առողջապահական համակարգը՝ նշում է նա:

Իրանագետ Տիգրան Դավուդյանը Իրանի «Ջոմհուրի Էսլամի» օրաթերթի խմբագրականից մի հատված է մեջբերել. 

«Հայաստանում պատվաստվել ցանկացողների լուրը մեր պատկան պատասխանատուների ճակատը պետք է ամոթի քրտինքով պարուրեր։ Իրանի գիտական հնարավորությունները և անցյալը էնքան հզոր են, որ Հայաստանը չպետք է հաշվի գար, բայց մարդիկ 15 ժամ պատվաստման հերթում սպասելուց հետո ձեռնունայն տուն են վերադառնում, իսկ Հայաստանում անվճար պատվաստում ստանալու պայմաններ կան, և Հայաստան ճամփորդել ցանկացողների հեղեղ է գոյացել։ 

Ավելացել են դեպի Երևան ավիաթռիչքները և ավտոբուսի երթերը, մեծ հերթեր կան։ Մեր հնարավորություններից ելնելով՝ մենք պետք է օգնության ձեռք մեկնեինք մեր հարևաններին, բայց արի ու տես, ցավոք, հակառակ պատկերն է։ Ապիկար պատասխանատուները լուրջ գործով զբաղվելու փոխարեն՝ սին քարոզչությամբ են զբաղված»:

Իրան-Հայաստան թռիչքների ավելացման մասին տեղեկությունը «Մեդիալաբին» հաստատում են նաև «Արմենիան էյրվեյզ» ավիաընկերությունից: Ավելին, ըստ աղբյուրի, մինչև հուլիսի վերջ Իրանից դեպի Հայաստան բոլոր թռիչքներն ամրագրված են, և ազատ տոմս չկա: 

Իրավիճակը կարող է փոխվել

Հուլիսի 15-ից, սակայն, Հայաստանում օտարերկրացիների պատվաստման համար կարգը կփոխվի. նրանք պատվաստանյութ ստանալու համար պետք է 10 օր ապրեն Հայաստանում և հետո միայն պատվաստվեն, այն էլ՝ միայն «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով:

«Որովհետև այսօր ապահովագրված քանակություն միայն այդ պատվաստանյութից ունենք»,- «Մեդիալաբին» բացատրում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

ԱՆ ներկայացուցիչն ասում է՝ իրենք իրենց նպատակին հասան և հիմա փոխելու են կարգերը: Իսկ նպատակն այն է եղել, որ օտարերկրացիները իրենց պատվաստվելու ձգտումով կարողանան պատվաստվելու ցանկություն, մոտիվացիա առաջացնել Հայաստանի բնակչության շրջանում:

Մոտիվացիան, իրապես կարեւոր է Հայաստանում ապրողների համար, որոնցից շատերին վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր դավադրապաշտական տեսություններով եւ ապատեղեկտվությամբ համոզել են, որ կորոնավիրուսային վարակ գոյություն չունի։

«Գոյություն չունեցող» հիվանդությունից հուլիսի 8-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  225 987  դեպք, որոնցից  217 381 -ն` առողջացած, 4536-ը` մահվան ելքով: 

Սակայն, այս դեպքերը եւս չեն կոտրել կորոնավիրուսի մասին դավադրությունների պատմությունները, այս անգամ սլաքներն ուղղելով պատվաստանյութի ուղղությամբ, ինչի հետեւանքով, մինչ օտարերկրացիները ակտիվորեն անվճար պատվաստվում են Հայաստանում, հայաստանաբնակներից շատերը հրաժարվում են պատվաստվելուց՝ համարելով, որ դրանով իրենց մի մեծ վնաս է հասցվելու։

«Պահանջարկը խրախուսելու նպատակով մենք ընդառաջեցինք օտարերկրյա քաղաքացիներին, որպեսզի մեր բնակչությունը տեսնի, որ դրսի մարդկանց մոտ պատվաստվելու պահանջարկ կա, և դա անհրաժեշտություն է։ Մենք հիմա հասել ենք այդ նպատակին, մեր քաղաքացիների մոտ ձևավորել ենք պահանջարկ, հետևաբար հիմա փոխում ենք կարգը՝ որոշակի սահմանափակումներ դնելով: Այնպես ենք անում, որ նոր իրավիճակից ավելի շատ օգտվի մեր քաղաքացին»,- ընդգծում է Գայանե Սահակյանը:

Առողջապահության նախարարությունը ներկայացնում է միայն Հայաստանում կատարվող ընդհանուր պատվաստումների թիվը, որը հասնում է մոտ 100 հազարի: Սակայն այդ վիճակագրության մեջ չի մատնանշվում՝ քանիսն են ՀՀ քաղաքացիներ, և քանիսը՝ օտարերկրացիներ: 

«Եթե երկու ամիս առաջ օրական 10 պատվաստում էր իրականացվում, մի պահ հասավ 100 պատվաստման, ապա այժմ բուն մեր քաղաքացիների շրջանում օրական 3500 պատվաստում է կատարվում»,- նշում է Սահակյանը։

Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ ավելի շատ օտարերկրացիներն են պատվաստվում, քան տեղացիները, Գայանե Սահակյանը պատասխանում է. 

«Չի կարող նման բան լինել։ Դա ակնառու է։ Այդ մարդիկ այդքան մեծ թիվ չեն կազմում։ Օրինակ՝ հուլիսի 6-ին 4100 դեղաչափ պատվաստում է կատարվել, օտարերկրյա քաղաքացիները կարող են լինել ընդամենը 200-ը։ Կոպիտ հաշվարկով՝ հուլիսի 6-ին 3900 ՀՀ քաղաքացի է պատվաստվել»։ 

Առողջապահության նախարարության սահմանած նոր կարգը, Ջորջ Աբրահամյանի կարծիքով՝ կարող է փոխել իրավիճակը, քանի որ շատ իրանցիներ աշխատելու հետ կապված խնդիր ունեն ու չեն կարող 10 օր շարունակ Հայաստանում գտնվել: Այս դեպքում նրանց այցելությունը նպատակային է և ոչ զբոսաշրջային: «Ես գիտեմ մարդիկ, որոնք չեղարկել են թռիչքը այս որոշման մասին լսելուց հետո»,- ասում է նա:

Գայանե Սահակյանը վստահ է, որ օտարերկրացիների վերաբերյալ նոր կարգը՝ 10 օր Հայաստանում մնալու և հետո միայն պատվաստվելու մասին, չի խոչընդոտի «կորոնատուրերի» անցկացումը: Հակառակը, նրա կարծիքով՝ այս նախաձեռնությունը կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը:

«Պարտադիր պետք է գան, մեկ օր պատվաստվեն ու հե՞տ գնան: Դա տուրիզմ չէ, դա նպատակային այցելություն է։ Բայց եթե գան, տասն օր մնան ու տասներորդ օրը պատվաստվեն, դա կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը, զբոսաշրջության զարգացմանը: Չէ՞ որ երբ մարդը գալիս է, հո չի՞ նստելու հյուրանոցում, պետք է դուրս գա, զբոսնի երկրում»,- ասում է Սահակյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am