«Չինաստանում ի սկզբանե խիստ էին կանոնները, և չհետևողները խստորեն պատժվում էին». Ըստ Մարիամ Մանուչարյանի՝ կորոնավիրուսի դեպքում այլ տարբերակ չկա

Չինաստանում չնայած կարանտինն արդեն ավարտվել է, և բաց են բոլոր աշխատատեղերը, կրթական կենտրոնները, սակայն երկրում շարունակում են խստորեն պահպանվել հիգիենայի կանոնները։

«Մի քանի թրեյնինգ կենտրոններ և մասնավոր կենտրոններ են մնացել որ բացվեն, դրանք էլ երևի հուլիսից կբացվեն։ Ցանկացած տեղ, որ մտնում եք, շարունակում են հիգիենան պահել շատ բարձր մակարդակի վրա։ Այսինքն՝ հատուկ ստուգումներ կան, եթե որևէ հիմնարկություն մաքուր չեղավ, եթե չհամապատասխանեց սանիտարահիգիենիկ նոր կանոններին, տեղում կփակեն»,- պատմում է կրթական ծրագրով Չինաստանում՝ Պեկինից ոչ հեռու գտնվող Թիենջին քաղաքում բնակվող 47-ամյա Մարիամ Մանուչարյանը։

Մանուչարյանն ասում է, որ բոլոր աշխատանքի գնացողները անպայմանորեն ամենօրյա ջերմաչափում են անցնում, նույնը կատարվում է ամենուր։ 

«Նաև առողջապահական կոդ ունեն, որը սկանավորվում է, եթե դրական է գալիս, նոր անցնում են առաջ։ Հասարակական տրանսպորոտում ոչ մի կանգնած ուղևոր չեք տեսնի, բոլորը նստած են, բոլորը դիմակներով, խիստ պահպանում են կանոնները։ 

Ցանկացած տրանսպորտ նստելիս՝ ավտոբուս, մետրո, էլի ջերմաչափվում են, ավտոբուսը կանգնում է, վարորդը ջերմությունը չափում է, այդ կոդը սկանավորում են, պատասխանը ցույց են տալիս ու անցնում առաջ։ Բոլորն այդ պրոցեսով անցնում են, կապ չունի՝ քանի մարդ է նստում»,- նշում է նա։

Մանուչարյանը ընդգծում է, որ «Չինաստանում ի սկզբանե խիստ էին կանոնները, և չհետևողները խստորեն պատժվում էին»:

«Այն ընթացքում, որ այստեղ կորոնավիրուս էր, քաղաքներ էին փակվում, մարդիկ չէին կարող քաղաքից դուրս գալ կամ մուտք գործել։ Ընտանիքի համար կարող էր առևտուր անել մեկ հոգի, 3 օրը մեկ։ Ժամ էին գրում, և չէր կարող որևէ մեկը երկար բացակայել։ Եթե որևէ մեկը համարձակվեր դիմակ չկրել, կարող էին ընդհուպ մինչև բանտ նետել։ Ամեն ինչ կանեին, որովհետև ազգային անվտանգության և մարդկանց առողջության խնդիր էր։ Հիմա էլ շատ խիստ են, այս երկիրը շատ խիստ է»,- ընդգծում է Մանուչարյանը։

Ասում է, որ հսկողությունը բարձր էր նաև տեսահսկող սարքերի միջոցով, որոնք ամենուր են, յուրաքանչյուրի քայլը հսկվում է։

«Չինաստանը տեսահսկվող, տեսախցիկներով հսկվող երկրներից առաջինների շարքում է, այստեղ 2-3 մարդուն մի կամերա է ընկնում։ Պատկերացնո՞ւմ ենք՝ ինչ վերահսկողություն է։ Այգիներում, փողոցներում, շքամուտքերում, շենքերի բակերում, տրանսպորտում, ավտոբուսներում՝ բոլոր տեղերում։ Չկա մի քայլ, որ իրենք չեն կարող վերահսկել, էլ չեմ ասում հեռախոսները, ViChat -ը, տեղորոշումը»,- նշում է Մարիամ Մանուչարյանը։

Ասում է, որ Չինաստանում հատկապես շատ խիստ են վարվում քաղաքացիների հանդեպ․ «Եթե դու օտարերկրացի ես ու կարող է չինարեն չես հասկանում, շատ բարեհամբույր գալիս, զգուշացնում են, շնորհակալություն են ասում, բայց քաղաքացիների համար մի անգամ ասվում է, զգուշացվում է, այնուհետև կարող են շատ խիստ վարվել»։

Մանուչարյանն ընդգծում է, որ Չինաստանում մարդիկ շատ կարգապահ են՝ ի տարբերություն հայերի, որ չեն սիրում ենթարկվել կանոններին։ «Իրենք գիտեն՝ եթե մի բան ասվում է, պիտի անեն, ես հասկանում եմ, որ մենթալիտետի խնդիր կա, հայերս չենք սիրում ենթարկվել կանոններին ու կարգապահ չենք›։

Մարիամ Մանուչարյանը նշում է, որ այժմ Չինաստանում ամեն ինչ հանգիստ է, որևէ լարվածություն չկա, կանոնները պահպանելով շարունակում են աշխատել, երկրի ներսում շրջագայել։

«Ես գնացել էի Չինաստանի կենտրոնական հատված՝ քույրիկիս տեսնելու, այսօր եմ եկել: Գնալուց ինքնաթիռով գնացի, ճեպընթաց գնացքով եկա։ Երկու տեղում էլ լեփ-լեցուն էր մարդկանցով, բայց կարգ ու կանոնը պահում են, չինացիները շատ կարգապահ են»,- ասում է նա։

Այժմ Չինաստանի սահմանները շարունակում են փակ լինել, որևէ երկրից Չինաստան թռիչք չի կատարվում․ «Դուրս կարող եք գալ, բայց ներս չի ընդունում։ Հունիսի վերջից կարող են թռիչքներ լինել, մի քանի օրը կամ շաբաթը մեկ, բայց շատ թանկ կլինի, գոնե մեկ թե երկու ամիս։ Ժամանողներն անպայման պետք է թեստավորվեն»:

Մարիամ Մանուչարյանը հեռվից հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և շատ է ցավում՝ վիրուսի տարածման տեմպը տեսնելով։ 

«Երեխաներս և ամուսինս Հայաստանում են, անընդհատ հետևում եմ։ Զգույշ եղեք, ուշադիր եղեք, հիգիենան, սոցիալական հեռավորությունը, դիմակ դնելը, քիչ շփվելը, քիչ հավաքվելը, տաք ջուր խմելը պահպանեք։ Այդ ամենը պետք է պահպանեք, ուրիշ տարբերակ չկա՝ մենակ ուժեղ հիգիենան և կարգապահություն կփրկեն»,- նշում է նա։ 

Արփինե Արզումանյան

MediaLab.am