«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնն ընդդեմ ԱԱԾ-ի

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնն ընդդեմ ԱԱԾ-ի
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնն ընդդեմ ԱԱԾ-ի

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

09.09.2013թ. «Նոյան Տապան» ակումբում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են շուրջ 220 կրոնական կազմակերպություններ, որոնք արտասահմանից տարեկան ստանում են մոտավորապես կես միլիարդ դոլարի ֆինանսավորում և որոնց նպատակը պետության քայքայումն ու կազմալուծումն է:
 
Կոմիտաս վարդապետ Հովնանյանի կողմից հնչեցված հայտարարության համաձայն անկախությունից հետո տարաբնույթ աղանդավորական շարժումներ են հայտնվել Հայաստանում և օգտվելով հայ ժողովրդի ծանր տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավիճակից, փորձում են «փրկչի» կերպարի մեջ մտնելով, պառակտել հայ ժողվրդին:
 
Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի պնդմամբ Հայաստան է ներմուծվել նաև «Քրիստոնեական միջազգային ընտանիք» անվամբ աղանդ, որի քարոզչության հիմնական ուղղությունը քրիստոնեության անվան տակ միասեռականության, արյունապղծության քարոզումն է, այսինքն, երբ քարոզվում են այդ սրբապղծությունները՝ մոր հարաբերությունը տղայի հետ, հոր հարաբերությունն աղջկա հետ, քրոջ հարաբերությունը եղբոր հետ, նաև քարոզվում է մանկապղծություն (պեդոֆիլիա), խրախուսվում է նաև ինքնասպանությունը:
 
17.02.2014թ. «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպությունը հարցում է ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը՝ պարզելու արդյոք Կոմիտաս վարդապետ Հովնանյանի կողմից դեռևս 09.09.2013թ. կատարված հրապարակային հայտարարությունների հիման վրա որևէ քննություն իրականացվել է, թե՝ ոչ և քննություն իրականացված լինելու դեպքում ինչպիսի փաստեր են հաստատվել կամ հերքվել:
 
Սակայն, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից որևէ պատասխան չստանալու փաստով «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ դատական կարգով հարցման պատասխանը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով:
 
24.05.2013թ. ՀՀ վարչական դատարանում դատավոր Ա.Դիլանյանի նախագահությամբ տեղի է ունեցել առաջին դատական նիստը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2014թ. սեպտեմբերին:
 
© Medialab.am