Ըստ իրավապաշտպանների՝ գործող օրենսգրքով ընտրությունների գնալը չի կարող երաշխավորել ԱԺ լեգիտիմությունը. «Սա սովորական վիճակ չէ»

Եթե իշխանությունն ու քաղաքական ուժերն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների են գնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ապա դա շատ լուրջ անպատասխանատվություն կլինի։ 

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Նրա խոսքով՝ նախ իշխանության կողմից դա կլինի անպատասխանատվություն, հետո այն քաղաքական ուժերի, որոնք մասնակցել են Ընտրական օրենսգրքի նոր նախագծի մշակման աշխատանքներին։

«Ցանկացած պատճառաբանություն, որը կարող է բերվել Ընտրական օրենսգրքի՝ արդեն իսկ մշակված փոփոխությունները չընդունելու և նոր օրենսգրքով ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ, բացարձակապես ոչ միայն անհիմն է, այլ նաև դրանով պատասխանատվություն կվերցնեն, որ առաջիկա արտահերթ ընտրությունները, որոնք էական ու բովանդակային հիմնարար նշանակություն ունեն հետպատերազմյան այս քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, անցկացվելու են միայն այնպիսի օրենսգրքով, որը չի կարող երաշխավորել ԱԺ լեգիտիմությունը»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը։

Նրա խոսքով՝ տարածքային ցուցակներով ընտրական մեխանիզմը պետք է հանվի։ Երկրորդ՝ նոր օրենսգրքի նախագծով սահմանվում են ընթացակարգեր, որպեսզի վարչական ռեսուրսների չարաշահում տեղի չունենա։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին։

«Տեղի ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- այսօր Ֆեյսբուքի իր էջում գրեց Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ներկայիս քաղաքական ճգնաժամի հաղթահարման գլխավոր երաշխիքը արտահերթ ընտրությունների անցկացումն է, սակայն վարկաբեկված ու ակնհայտորեն թերի օրենսգրքով ընտրությունների կազմակերպումն ինքնին և ի սկզբանե կհանդիսանա ռեսուրսների, ոչ թե ծրագրերի մրցավազք և կասկածի տակ կդնի նոր Ազգային ժողովի լեգիտիմությունն ու վարկանիշը։

Ըստ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարության՝ շուրջ երկու տարի Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ, արտախորհդարանական ուժեր, քաղհասարակության ներկայացուցիչներ, միջազգային կառույցներ և պետական տարբեր մարմիններ քննարկումներ են ունեցել Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ։ 

Այդ քննարկումների արդյունքում մշակվել է մի նախագիծ, որն անդրադառնում է ընտրական օրենսդրության գրեթե բոլոր խնդրահարույց կետերին։ Նախագիծն արդեն իսկ պաշտոնապես շրջանառվել ու հրապարակվել է ԱԺ կայքում, ինչպես նաև ուղարկվել Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ փորձագիտական կարծիք ստանալու համար:

Նոր օրենսդրության ընդունմամբ, ըստ քաղհասարակության ներկայացուցիչների, ԱԺ բոլոր խմբակցությունները կարող են ցույց տալ, որ նախընտրական պայքարում հրաժարվելու են վարչական ռեսուրսի օգտագործումից, քարոզարշավի ապօրինի ֆինանսավորումից, բարեգործության և այլ քողարկված միջոցներով ընտրակաշառքի բաժանումից, որի կարգավորումները վերանայվել ու բարելավվել են։ Նվազեցվել է կուսակցությունների ընտրական գրավը և արգելապատնեշը, հանվել են կոալիցիաների ձևավորման նախկին սահմանափակումները։

Նոր նախագծով ընտրություններին մասնակցելու դեպքում նաև հնարավոր է զերծ մնալ անհավասար մրցակցությունից և անձակենտրոն ապաքաղաքական գործունեությունից, որի հաղթահարման համար նախատեսվում է նախընտրական ծրագրերի պարտադիր ներկայացում, բանավեճերի և անվճար եթերաժամանակի ավելացում, կենտրոնացում կուսակցության ընդհանուր քաղաքականության վրա։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի խոսքով՝ դեռ հստակ չէ, բայց ենթադրվում է, որ իշխանությունները փորձում են առանց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անցկացնել արտահերթ ընտրությունները։

«Եթե առանց օրենսդրությունը փոփոխելու են գնալու ընտրությունների, դա շատ վատ է իրականում, որովհետև այն բոլոր արատավոր երևույթները, որոնք ընտրությունների ժամանակ տեղի են ունենում, այդ բոլորը գործող Ընտրական օրենսգրքի բացերի և ընձեռած հնարավորությունների շնորհիվ է։ Եվ նոր Ընտրական օրենսգրքի տարբերակով փորձ է արվում լուծումներ տալ այդ խնդիրներին։ Իսկ հիմա փաստորեն դրանք անտեսելով՝ պատրաստվում են գնալ այդ նույն խնդիրներով ընտրությունների իրականացմանը, ինչն անընդունելի է»,- «Մեդիալաբին» ասում է Սոնա Այվազյանը։

2018-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները ևս այս գործող Ընտրական օրենսգրքով էին անցկացվել։ Ե՛վ իշխանությունները, և՛ քաղհասարակության ներկայացուցիչներն այն ժամանակ հայտարարել էին, որ Հայաստանի պատմության մեջ դրանք բացառիկ ժողովրդավար ընտրություններ էին։

Անդրադառնալով այս հարցին՝ Սոնա Այվազյանն ասում է․ 

«Այո՛, ընտրական գործընթացն անցավ նորմալ, տեսականորեն դա էլի հնարավոր է։ Բայց այստեղ ամբողջ խնդիրը նաև հեղափոխության օրակարգի տապալման մեջ է։ Հեղափոխության ջատագովների հիմնական պահանջներից մեկը Ընտրական օրենսգիրքը փոխելն էր, որպեսզի հիմքեր ստեղծվեին նորմալ ու առողջ, մրցակցային միջավայրում՝ առանց վարչական ռեսուրսի չարաշահման, առանց, այսպես ասած, բարեգործությունների, նորմալ իրավակիրառ պրակտիկայի պարագայում ընտրություններ անցկացնելու։ 

Բայց փաստորեն այդ քաղաքական կամքն այսքան ժամանակ չդրսևորվեց, և ձգձգվեց Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը։ Եվ այսօր մեզ հրամցնում են նոր ընտրություններ, որոնք տեղի են ունենալու հին օրենսգրքով։ 

Դա շատ բացասական երևույթ է, անգամ դժվար է բառեր գտնել՝ գնահատական տալու, թե ինչքան հիասթափություն ենք մենք ապրում իշխող քաղաքական ուժից, որը հեղափոխական օրակարգը պարզապես տապալում է։ Եվ առհասարակ, անհանգստություն ունենք առաջիկա ընտրությունների կապակցությամբ»,- հավելում է Սոնա Այվազյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է․ 

«Կարող է հարց ծագել, թե 2018 թվականին այս օրենսգրքով ընտրություններ անցկացվեցին, բա ինչպե՞ս եղավ։ Պատասխանը պարզ է՝ այն ժամանակ որոշիչ էր ոչ թե Ընտրական օրենսգիրքը, այլ ժողովրդի տրամադրվածությունը»։

Ըստ Սաքունցի՝ այսօր որոշիչ են ոչ թե տրամադրությունն ու մթնոլորտը, այլ հենց ընթացակարգերը։ 

«Իրավիճակը, որում կազմակերպվում են ընտրությունները, պետք է հստակ տարբերակել, ընտրողների տրամադրվածությունը շատ որոշիչ է, որի պայմաններում ընտրական խախտումներ կարո՞ղ են տեղի ունենալ, թե՞ ոչ։ Իսկ հիմա այս քաղաքական ճգնաժամի պայմաններում խախտումներ կատարողները հնարավորություն են ստանում այդ խախտումները կատարելու։ Եվ դրա համար պետք է Ընտրական օրենսգիրքը փոխվի»,- հավելում է նա։

Արթուր Սաքունցը նաև ասում է, որ և՛ Վենետիկի հանձնաժողովը, և՛ միջազգային կառույցները, և՛ կուսակցությունները երկար ժամանակ աշխատել են պարզ համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման մեխանիզմի ուղղությամբ։

«Եվ հաշվի առնելով այս ֆորսմաժորային իրավիճակը, բոլորն էլ պետք է գիտակցեն, թե ո՛րն է Ընտրական օրենսգրքի նշանակությունը։ Սա սովորական վիճակ չէ, առնվազն 9 ամիս աշխատել են այս օրենսգրքի նախագծի վրա, և սա ընդունելն ԱԺ արտահերթ նիստով ընդամենը ժամերի հարց է։

Որևէ պատճառաբանություն ոչ միայն անհիմն է, այլև անսկզբունքային մոտեցում է։ Ընտրական օրենսգքրի նախագծի հետ կապված շատ կարևոր է, թե բովանդակային ինչ խնդիր է լուծում։ Իսկ բովանդակային էական և կարևոր խնդիրներ են լուծվում»,- նշում է Սաքունցը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am