Արտահերթ ընտրությունների անցկացում միայն փոփոխված օրենսգրքով․ հայտարարություն

2018 թ․ հեղափոխության օրերին որպես հանրային պահանջ է ձևակերպվել, իսկ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո վերահաստատվել է, որ իշխող քաղաքական ուժը վերարտադրող և չարաշահումների լայն հնարավորություններ ստեղծող ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի։ Այդ բարեփոխման խոստումն ու պարտավորությունն ամրագրվել է նաև ՀՀ Կառավարության ծրագրում և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունում, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թ. նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզում։

Շուրջ երկու տարի ՀՀ Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ, արտախորհդարանական ուժեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, միջազգային կառույցներ և պետական տարբեր մարմիններ քննարկումներ են ունեցել ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ։ Այդ քննարկումների արդյունքում մշակվել է մի նախագիծ, որն անդրադառնում է ընտրական օրենսդրության գրեթե բոլոր խնդրահարույց կետերին։ Նախագիծն արդեն իսկ պաշտոնապես շրջանառվել ու հրապարակվել է ԱԺ կայքում, ինչպես նաև ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու համար:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարզ համամասնական ընտրակարգ, որը պետք է օգնի զարգացնել և բովանդակային դարձնել խորհրդարանական համակարգը, ինչպես նաև երաշխավորի ընտրակաշառքի ու քրեածին հեղինակությունների ազդեցության կանխարգելումը ընտրությունների վրա։ Պարզ համամասնական ընտրակարգի անցումը 2018 թ․ հավանության է արժանացել բոլոր այն ուժերի կողմից, որոնք այժմ ներկայացված են ՀՀ Ազգային ժողովում։ Այդ ընտրակարգը նաև եղել է փաստացի գլխավոր հստակ փոփոխությունը, որ կանխատեսվում էր բարեփոխումների համատեքստում և հավանության էր արժանացել արտախորհրդանական ուժերի կողմից։

Ընտրական օրենսգրքի և հարակից օրենսդրության փոփոխությունների ընդունումն այն կարևոր քայլն է, որով ԱԺ բոլոր խմբակցությունները կարող են ցույց տալ, որ նախընտրական պայքարում հրաժարվելու են․

վարչական ռեսուրսի օգտագործումից, որը սահմանվել և հստակեցվել է փոփոխություններով՝ սահմանելով նաև համապատասխան քրեական և վարչական պատասխանատվություն,

քարոզարշավի ապօրինի ֆինանսավորումից,  որը նախագծով ստացել է ավելի արդյունավետ կարգավորում՝ հաշվետվողականության ու թափանցիկության տեսանկյունից,

բարեգործության և այլ քողարկված միջոցներով ընտրակաշառքի բաժանումից, որի կարգավորումները վերանայվել ու բարելավվել են, այդ թվում՝ երրորդ անձանց հայտարարագրման միջոցով,

հավաքներին և հատկապես նախընտրական հավաքներին մասնակցելու պարտադրանքից,  որի համար սահմանվել է քրեական պատասխանատվություն,

կանանց ցածր ներկայացվածությունից, որի հաղթահարման համար նախագիծը սահմանել է ներկայացվածության ապահովման արդյունավետ մեխանիզմներ,

Ներկայիս քաղաքական ճգնաժամի հաղթահարման գլխավոր երաշխիքը արտահերթ ընտրությունների անցկացումն է, սակայն  վարկաբեկված ու ակնհայտորեն թերի օրենսգրքով ընտրությունների կազմակերպումն ինքնին և ի սկզբանե  կհանդիսանա ռեսուրսների, ոչ թե՝ ծրագրերի մրցավազք և կասկածի տակ կդնի նոր Ազգային ժողովի լեգիտիմությունն ու վարկանիշը։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման և կիրարկման թիվ մեկ պատասխանատուն Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն է։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների և իշխանության հավակնող քաղաքական ուժերի կողմից օրենսգրքի փոփոխությանը չսատարելը ինքնին կգնահատվի որպես վարչական և ապօրինի ռեսուրսներին ապավինելու մտադրություն և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու պատրաստակամության բացակայություն։

Արտահերթ ընտրությունները պետք է նշանակվեն միմիայն ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումից հետո՝ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ առանց ստորադասելու արտահերթ ընտրությունների հրամայականը ժամկետների վերաբերյալ միջազգային ընդհանրական կանոններին։

Հայտարարությանը միացած կազմակերպությունը ցանկը՝ ԱՅՍՏԵՂ