«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը
– «Մենք ուզում ենք պրոֆեսորադասախոսական կազմի, գիտակրթական ոլորտի, ուսանողների համար այս մեր ընդհանուր «տանը» ստեղծել մի կրթական սենյակ, որտեղ իրենք կարող են կենտրոնանալ իրենց նյութի վրա, և տնտեսական, քաղաքական, սոցիալական աղմուկներն իրենց ուղղակի չխանգարեն»,- «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը ներկայացնելիս հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Իսկապե՞ս պետք է, որ գիտությամբ զբաղվողները իրականությունից կտրվեն։
– Չիմացողների համար պետք է ասել, որ համալսարաններն ու գիտական կազմակերպությունները միայն գիտելիք ստեղծելու և այդ գիտելիքը փոխանցելու համար չեն, դրանք հատկապես նրա համար են, որ նպաստեն ու դրական իմաստով ազդեն տվյալ երկրի տնտեսության զարգացման, կյանքի բարելավման ու մնացած այլ հասարակական-քաղաքական հարաբերությունների վրա։ Չէ՞ որ գիտնականը կամ դասախոսը միաժամանակ նաև մտավոր գործունեությամբ զբաղվող ու հեղինակություն ունեցող մարդ է, որը որոշակի ազդեցություն ունի հասարակական հարաբերությունների, իր շրջապատի վրա, ու դա, ըստ էության, չափանիշներ է թելադրում տվյալ հասարակությանը։
Աշխարհում չկա որևէ մայրաքաղաք, որտեղ բարձրագույն ուսումնական հաստատություն չլինի, արդյոք մենք լինելու ենք առաջի՞նը, որ մեր մայրաքաղաքում ու ուրիշ քաղաքներում չենք ունենալու համալսարան։ Չի կարելի թույլ տալ սա, որովհետև դա ազդում է ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։
Մյուս կողմից՝ այդ կենտրոնացումը շատ նմանվում է գետտոյացման, իսկ այդ ժամանակ էապես ընկնում է և՛ գիտության, և՛ կրթության որակի արդյունավետությունը, որովհետև գետտոյի մեջ դու չես կարողանում շփվել ու հասկանալ այն հիմնական թրենդները, այն հիմնական միտումները, որով հասարակությունը զարգանում է, որտեղ ձևավորվում են նոր հարաբերություններ, նոր միտումներ և այլն։ Այդ գետտոյացումը բերելու է և՛ գիտության, և՛ կրթության վատթարացմանը։
– Իսկ ինչո՞ւ է իշխանության ղեկավարը ձգտում հասնել դրան։
– Եթե նա հասկանալով է տանում գետտոյացման, ապա ուզում է, որ ընդհակառակը՝ մեր երկրում գիտությունը չզարգանա, իսկ եթե չհասկանալով է տանում՝ պետք է որոշակի դասերի գնա, ամենայն հավանականությամբ, ուսումնասիրի ու տեսնի, թե այլ երկրներում փորձն ինչպիսին է, ու գոնե դա տեսնելուց հետո նման բաներ չանեն։
– Ձեր գնահատմամբ՝ սա չիմացությա՞ն, թե՞ միտումնավորության հետևանք է։
– Սա կապրիզ է, կամակոր քայլ, ինչպես շատ մանկահասակ երեխաներ են անում։ Սա երեխայական խաղ է, ու վստահ եմ, որ այս տեսքով, որով ներկայացվում է Ակադեմիական քաղաքը, կրթության ու գիտության գետտոյացում չի լինելու Հայաստանում։ Ուղղակի բոլորս սպասում ենք, որ որոշակի ժամանակ անցնի, կրքերը հանդարտվեն, ու այդ մասին հաստատ էլ չեն խոսի, երբ երկրում իշխանությունը փոխվի։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















