Փորձագետներ. Հնարավոր է մայիսի 6-ին հարձակումներ լինեն կայքերի

Փորձագետներ. Հնարավոր է մայիսի 6-ին հարձակումներ լինեն կայքերի
Փորձագետներ. Հնարավոր է մայիսի 6-ին հարձակումներ լինեն կայքերի

Ավարտին մոտեցող խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին այս անգամ լրջագույն դեր խաղացին սոցիալական ցանցերն ու կայքերը:

2007-2008 թթ-ին ողջ Հայաստանում համացանցի բոլոր օգտատերերի թիվը մոտենում էր 300.000-ի, այժմ ըստ Iditord.օrg համակարգի համակարգող Սամվել Մարտիրոսյանի, այդքան օգտատեր կա միայն «Ֆեյսբուքում», իսկ ցանցերում՝ ՀՀ «բնակչության մոտ կեսն է»:

«Սոցիալական ցանցը շատ ուժեղ օգտագործվեց, այսինքն, ընտրություններից մինչև՝ մեկ տարի-վեց ամիս առաջ, բազմաթիվ լրատվական կայքեր բացվեցին, որոնց զգալի տոկոսը անհայտ, «որբ» կայքեր են. հայտնի չէ, թե ո՞վ է խմբագիրը և այլն: Ու էդ ամեն ինչը ցանցում ձևավորեց բազմաթիվ տեղեկատվական հոսքեր, քանի որ այդ ամենը տարածվում էր սոցիալական ցանցերում»,- ասում է Մարտիրոսյանը:

Նա չի բացառում, որ մայիսի 6-ին հարձակումներ լինեն կայքերի վրա, ինչպես եղավ Ռուսաստանում՝ վերջին համապետական ընտրությունների ժամանակ, երբ ընդդիմադիր կայքերի մեծ մասը չէր գործում:

«Եթե այն լինի DDOS տեսակի ինտերնետային հարձակում, ապա լրատվամիջոցների ներկայացուցիչներին խորհուրդ եմ տալիս ժամանակ չվատնել և պատվիրատուին փնտրել միայն դետեկտիվ գրականությունից հայտնի՝ «ո՞ւմ է ձեռնտու» սկզբունքով»,- ասում է Մարտիրոսյանը:

Մյուս կողմից, Մարտիրոսյանի խոսքով, սա այնքան էլ սարսափելի չէ, որովհետև ջարդված կայքերի տեղեկատվությունն անմիջապես կմիգրացվի «Ֆեյսբուք», ինչը ջարդել չի հերիքի և ոչ մի պատվիրատուի գումար:

© Medialab.am