Մադրիդյան սկզբունքները անընդունելի են Ղարաբաղի համար. «Ազատություն»

Մադրիդյան սկզբունքները անընդունելի են Ղարաբաղի համար. «Ազատություն»
Մադրիդյան սկզբունքները անընդունելի են Ղարաբաղի համար. «Ազատություն»

Լեռնային Ղարաբաղն առաջին անգամ պաշտոնապես հայտարարում է, որ անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները:

Մինչ այդ, հիշեցնենք, Ստեփանակերտում պնդում էին, որ պաշտոնապես չեն ստացել այդ փաստաթուղթը, հետևաբար չեն կարող մեկնաբանել:

Մինչդեռ անցած շաբաթավերջին՝ սոցիալական ցանցի օգտատերերի հետ հարցուպատասխանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը առաջին անգամ հայտարարել է, որ եթե անգամ Լեռնային Ղարաբաղը կրկին մասնակցի բանակցություններին, նման փաստաթղթի քննարկումը դրական արձագանք չի ստանա:

«Իհարկե, Մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են: Այն, ինչ մենք լսում ենք՝ լսել ենք թերթերից, լրատվությունից, հայտարարություններից համանախագահող երկրների ներկայացուցիչների կողմից, և չեմ գտնում, որ եթե Արցախը բանակցող կողմ լինի, այս հարցի շուրջ քննարկումներ կիրականացնի, և […] երբ որ վերջում արդեն նման փաստաթուղթ պետք է ներկայացվի Արցախին, Արցախի բնակչությանը, իշխանությանը, որևէ դրական արձագանք կարող է ստանալ», – ասել է նա:

Օգտատերերից մեկը վարչապետին հարցրել է Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանների մասին՝ մեջբերելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի «Ալ-Վաթան» թերթին տված հարցազրույցը, որում Սարգսյանը հայտարարել էր, թե «երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե՝ պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»:

Արդյոք Ղարաբաղի իշխանությունները համաձա՞յն են այս դիրքորոշմանը․ Հարությունյանը, ուղիղ չանդրադառնալով Սարգսյանի հայտարարությանը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնել՝ մասնավորապես նշելով, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը պարզ է՝ ազատագրված տարածքներն Արցախ են, շենացվում են Ղարաբաղի կառավարության կողմից, և այլ տեսակետ լինել չի կարող:

«ԼՂՀ իշխանությունները ոչ թե յոթ տարածքներ, յոթ շրջաններ, այլ այսօրվա փաստացի մեր տարածքը համարում են Արցախ, համարում են Արցախի տարածք, և իրականացնում ենք աշխատանքներ, կապիտալ աշխատանքներ, ներդրումներ, հեռանկարային ծրագրեր այդ բոլոր տարածքներում», – հայտարարեց Հարությունյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.azatutyun.am/content/article/25472849.html