«Ոչ թույլատրելի տարածքում կառուցապատելու հետեւանքը». Ըստ բնապահպանի, կիսակառույցի փլուզումը սպասելի էր

«Ոչ թույլատրելի տարածքում կառուցապատելու հետեւանքը». Ըստ բնապահպանի, կիսակառույցի փլուզումը սպասելի էր
«Ոչ թույլատրելի տարածքում կառուցապատելու հետեւանքը». Ըստ բնապահպանի, կիսակառույցի փլուզումը սպասելի էր

Այսօր Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցած կիսակառույց շենքի փլուզումը, ըստ բնապահպան Արմենակ Դովլաթյանի, «վտանգավոր ու ոչ թույլատրելի տարածքում կառուցապատելու հետեւանք է»:
Հայաստանի Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը նշում է, որ փլուզված կիսակառույց շինությունը գտնվելով Գետառի շրջակա տարածքում, կառուցվել է անցումների մոտ, ինչը շատ վտանգավոր է:
Նա նշում է, որ դեռ 2001-ին Գետառի փակման եւ շրջակա տարածքների կառուցապատման ծրագիրը մերժվել էր, սակայն մի քանի տարի անց այն իրականացվում է:

«Սա փաստացի մեր շինարարական մշակույթն է եւ կառուցողների վերաբերմունքը, որը ցածր մակարդակի վրա է»,-«Մեդիալաբի» հետ զրույցում նշեց Դովլաթյանը:

«Գետառը, որը ջրահեռացման համար կարեւոր ֆունկցիա էր կատարում, հիմա փակ է, բայց միեւնույն է նրա շրջակայքը թույլ է, այնտեղ ջրային հոսքեր կան: Ես համոզված եմ, որ կառուցողները այդ ամենը հաշվի չեն առել: Իսկ այս բոլոր պրոցեսների մասին քննարկումներ եղել են եւ ճարտարապետները, եւ քաղաքապետարանը, եւ քաղաքաշինությամբ զբաղվողները տեղեկացված են Գետառի շրջակայքի կառուցապատման հետեւանքերի մասին»,- ասում է Դովլաթյանը:

Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ տեղի ունեցած փլուզումից, ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների վարչության պաշտոնական հաղորդագրությունը, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 9 տուժածի:

Ըստ հաղորդագրության, Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Պարզվել է տուժածների ինքնությունը. Կամո Կագրամանով (50 Տ.), Արման (40 Տ.), Արման Գրիգորյան (25 Տ.), Արսեն Հայրապետյան (30 Տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյան Մաթեւոսյան, Սիրակ Թովմասյան, Էդիկ Սուքիասյան (30 Տ.) Եւ Ռոբերտ Առաքելյան (53 Տ.):

Դեպքի վայրում գտնվում է նաեւ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

© Medialab.am