«Ռուսական կողմը, որպես ճնշման գործիք, փակել է ադրբեջանական ավտոշարասյուների ճանապարհները». Արցախում դեռ գազ չկա

Արխիվային լուսանկար

Այս օրերին Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականները փակել են ադրբեջանական ավտոշարասյուների բոլոր տեղաշարժերը Արցախի տարածքում: Այդ մասին «Մեդիալաբին» տեղեկացրեց Արցախի պաշտոնյաներից մեկը, որը նախընտրեց անանուն մնալ: 

«Ադրբեջանցիներն արհեստական խոչընդոտներ են ստեղծում գազատարի վերականգնման աշխատանքների իրականացման համար, որպեսզի մասնագետները տեղում ուսումնասիրություններ անցկացնեն: Իսկ ռուսական կողմն էլ ի պատասխան, որպես ճնշման գործիք, փակել է ադրբեջանական ավտոշարասյուների ճանապարհները, ի հետևանք՝ ադրբեջանցիները չեն կարողանում հերթափոխ իրականացնել»,- «Մեդիալաբին» փոխանցեց արցախցի պաշտոնյան:

Արցախի ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանել այս տեղեկությունը՝ նշելով, որ այդ գործառույթը զինվորականների իրավասության տիրույթում է: 

Նա ասաց, որ այս պահին էլ Արցախի գազամատակարարումը դադարեցված է, և հավելեց, որ ռուսական կողմն ամեն ինչ անում է, որ «գազամատակարարումն արագ տեմպերով վերականգնվի»:

Բացի այդ, այս գիշեր ևս ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը, և մեկ հատ ականանետային արկ են գցել գյուղի վարչական տարածք՝ վարելահողի մեջ: Արցախում համոզված են՝ դա Արցախի կողմից Կիևի և Զապորոժիեի բնակիչներին հումանիտար օգնություն տրամադրելու և այդ օգնությունը տրամադրելու մասին ՌԴ ՊՆ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղ» անվանումը նշելու հետևանք է:

«Մեզ համար պատկերացնելի է, որ Ադրբեջանը նման պահվածք կդրսևորի, որևէ զարմանալու բան չկա: Դա իրենց ոճի մեջ է: Կարող ենք դիտարկել, որ հումանիտար օգնություն տրամադրելու կոնտեքստում է, բայց նրանք միշտ էլ փնտրելու են տարբերակներ, որպեսզի իրենց ուզածին հասնեն: Նման եղանակով փորձում են խուճապ մտցնել Արցախում, հնարավորինս դժվարություններ ստեղծել՝ կապի խլացման, գազամատակարարման հարցերում, որպեսզի ժողովրդի մեջ արտագաղթելու տրամադրություններ խրախուսեն»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Արամ Հարությունյանը:

Նրա խոսքով` ադրբեջանական նման վարքագիծը նոր չէ: Նա հիշում է՝ երբ խաղաղապահ առաքելության ղեկավար Վոլկովն իր խոսքում ասել էր «Արցախ» բառը, Ադրբեջանում մեծ աղմուկ էր բարձրացել: «Առանձին ռեպորտաժներ էին պատրաստվել Վոլկովի մասին, եղան կեղծ մեղադրանքներ նրա հասցեին, թե իբր նա Արցախում այլ շահեր ունի:

Նման հայտարարություններն ու առանձին շեշտադրումները չեն կարող մեզ հույս ներշնչել, թե դա ինչ-որ դրական գործընթացի առաջին քայլն է: Բայց միաժամանակ պետք է ընդգծել, որ այն որոշակի մեսիջ ունի, որովհետև նման բաներ պատահական չեն լինում»,- ասում է Հարությունյանը: 

Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական ճգնաժամի շրջանակներում ուղարկված հումանիտար օգնությանը, Արցախի ԱԺ պատգամավորն ասում է, որ անհրաժեշտության դեպքում Արցախից դարձյալ հումանիտար օգնություն կուղարկվի: 

«Դա հումանիտար քայլ է, քանի որ Արցախի ժողովուրդը այդ ամենի միջով անցել է, և մենք բոլորից լավ գիտենք՝ ինչ է դա նշանակում: Կարծում եմ՝ այս կոնտեքստում պետք է դիտարկել այդ օգնությունը»,- ընդգծում է պատգամավորը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am