«Նախկին համակարգի՝ խարիսխ դարձած մնացորդը չի ուզում, որ նավը տեղից շարժվի, այդ խարսխի շղթաները պետք է կտրել, որ նավը դուրս գա բաց ծով»․ Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը

– Պարո՛ն Զորիկյան, որոշվել է Սահմանադրական դատարանի խնդրի լուծման համար կատարվող սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնել։ Արդյոք հանրաքվեն ճի՞շտ ճանապարհն էր այս խնդրի լուծման համար։

– Կարծում եմ՝ հանրաքվեն կարևոր հարցերի շուրջ պետք է անցկացվի, երբ հասարակության կարծիքն է շատ կարևոր։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այս հանրաքվեին, դե՜, ինչ-որ կերպ այս հարցը պետք է լուծվե՞ր։ Փաստացի այսքան ամիսների ընթացքում Սահմանադրական դատարանի հարցը չէր լուծվում, այս առումով հանրաքվեին դիմելը ստիպված քայլ էր։ Տեսնենք, թե ժողովուրդն ինչ կասի։ Ես կարծում եմ՝ այդ կառույցի տված վնասն այնքան շատ էր, որ պետությունը մի պահ նույնիսկ պատրաստ էր նրանց վաղաժամկետ թոշակի ուղարկել։

– Կա կարծիք, որ այս քայլով իշխանությունը փորձում է իր վարկանիշը ստուգել, ի՞նչ կասեք։

– Չէ՛, չեմ կարծում, այսինքն՝ համոզված եմ, որ դրա խնդիրը դեռ չկա։ Վարչապետի վարկանիշը շատ բարձր է։

– Այս փուլում ընդդիմախոսների կողմից շատ է հնչում այն հարցը, թե ինչո՞ւ է իշխանությունն ամբողջ դատական համակարգի խնդիրը թողած՝ ընկել միայն Սահմանադրական դատարանի ու դրա նախագահի հետևից։ Ինչքանո՞վ է կարևոր կոնկրետ ՍԴ խնդրի լուծումը։

– Ես որպես իրացման գոտու՝ Հյուսիսային պողոտայի նախկին տարածքի բնակիչ, կոնկրետ իմ մաշկի վրա զգացել եմ թե ինչ է Սահմանադրական դատարանը։ Այն ժամանակ ՍԴ-ն փաստացի կատարվող անօրինականություններին տալիս էր օրինական աստառ։ Հիմա եթե մեր այսօրվա իշխանությունն այդ գործելաոճից հրաժարվում է, դա վա՞տ է։ Բոլորիս ուզածն այն է, որ յուրաքանչյուր կառույց իր գործառույթը կատարի, ոստիկանությունը՝ իր, ԱԱԾ-ն՝ իր, դատական համակարգը՝ իր։ Ընդհանրապես աբսուրդ է, երբ քաղաքացիների մեջ ծագած վեճը դատարանը աճուրդի սկզբունքով է լուծում՝ ով ավելի շատ կվճարի, նա էլ ճիշտ է ու կշահի գործը։

Այս աբսուրդն ինչքան շուտ վերանա, այնքան լավ։ Իսկ Սահմանադրական դատարանն այն ժամանակ, ինչպես ամբողջ դատական համակարգը, ուղղակի բռնել էր պետության պոչը, կատարում էր կոնկրետ հրահանգներ։ Այսինքն՝ իրենք չէին հասկանում, որ պետություն ասվածը ժողովուրդն էր։ Իրենց գաղափարով պետություն ասվածը չինովնիկական այն անձնախումբն էր, որն իր սեփական ֆինանսական, բիզնես և այլ հարցերն էր լուծում։ Դրա համար զարմանալի չէր, որ մեր գործերով այդպես էլ ոչ մի դրական վճիռ չեղավ՝ հօգուտ սեփականատերերի։ Բոլոր վճիռները ոչ թե նույնատիպ էին, այլ վերևից իջեցված նույն բլանկի վրա, ուղղակի անուն-ազգանունն էին փոխում։

– Եվ հիմա ճակատագրի բերումով ժողովուրդը պետք է լուծի այդ ՍԴ-ի հարցը։

– Եթե խնդիրը լուծելու ուրիշ ուղի լիներ, իհարկե կլուծեին, հանրաքվեի համար էլ այդքան գումար չէին ծախսի։ Բայց եթե ոչ մի կերպ լուծում չի գտնվում, եթե միակ ճանապարհը հանրաքվեն է, ուրեմն հանրաքվե։ Ի դեպ, ես համոզված եմ, որ հանրաքվեում «Այո»-ն հաղթելու է։ Այսինքն՝ այսպես թե այնպես, բոլոր հարցերը լուծվելու են ի շահ ժողովրդի, հանուն Հայաստանի Հանրապետության, ուղղակի այդ նախկին համակարգի՝ խարիսխ դարձած մնացորդը ոչ մի կերպ չի ուզում, որ նավը տեղից շարժվի։ Հիմա այս խարսխի շղթաները կտրել է պետք, որ նավը դուրս գա բաց ծով։

– Պարո՛ն Զորիկյան, վերջին շրջանում բանակում մահացության դեպքերն են ավելացել։ Վարչապետը հայտարարեց, որ դա քրեական ենթամշակույթի հետևանք է։ Ինչպե՞ս պետք է այս աղետի դեմն առնել, որպեսզի խաղաղ պայմաններում զոհեր չունենանք։

– Դա շատ ցավոտ հարց է։ Կարծում եմ՝ վարչապետը նկատի ուներ այն, որ այդ քրեական ենթամշակույթն այնքան էր արմատավորվել ու տարածվել, որ մեր բակերում նույնիսկ անչափահաս երեխաները սկել էին խոսել այդ ենթամշակույթին բնորոշ ժարգոնով։

Բանակում էլ վեճեր ծագելու դեպքում, ըստ երևույթին, փորձում են խնդիրն այդ ենթամշակույթի շրջանակում լուծել, իսկ դա բերում է սպանությունների։ Փաստացի ինքնադատաստան է իրականացվում։ Նման բաներ կատարվում են, երբ համապատասխան կառույցների հանդեպ վստահություն չի լինում, երբ խնդիրը լուծելու փոխարեն հարցը բարձրացնողին պատժում են։

Վերադառնանք դատական համակարգին։ Եթե մենք ունենայինք դատական համակարգ, ինչու՞ պիտի մարդիկ, ծագած վեճերը լուծելու ակնկալիքով դիմեին թաղային հեղինակություններին, «օրենքով գողերին»։ Այս երևույթը փաստացի եղել է, ինչը արդար դատական համակարգի բացակայության հետևանք էր։ Նույնը կարող ենք ասել Սահմանադրական դատարանի պարագայում։

Ոմանք գտնում են որ ես և իմ նման մտածողները ճիշտ չեն։ Հենց այս պատճառով էլ որոշում կայացվեց անցկացնել հանրաքվե։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am