Զրահաբաճկոնների գնում, հումանիտար օգնության մաքսային ձևակերպումներ. ՊԵԿ նախագահի անդրադարձը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ պատերազմի առաջին օրերից Հայաստան ուղարկված ապրանքների մաքսային ձևակերպումների  հետ կապված խնդիրներ չեն եղել, խնդիր է եղել, օրինակ, կապված նրա հետ, որ ապրանք ներկրողը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով լուրերին, թե պատերազմի ընթացքում Ֆրանսիայից եկած հումանիտար օգնությունն իր նպատակին չի հասել, քանի որ մաքսազերծման հետ կապված խնդիրներ են առաջացել՝ Հովհաննիսյանն ասաց. «Խնդիրները մաքսային ձևակերպումների հետ չեն կապված:

Պատերազմի առաջին օրերից Հայաստան ուղարկված ապրանքների մաքսային ձևակերպումների  հետ կապված խնդիրներ չեն եղել, դրանք խնդիրներ են, որոնք կապված չեն մաքսային ձևակերպումների հետ: Մասնավորապես հիշատակված դեպքի առնչությամբ ասեմ, որ ապրանքը ներմուծվել է հասարակական կազմակերպության անունից:

Ըստ ՀՀ օրենսդրության և մաքսային ընթացակարգերը կարգավորող ԵԱՏՄ օրենսդրության՝ ապրանքի մաքսազերծման նպատակով հայտարարատուն, այսինքն՝ ապրանք ներկրողն է պարտավոր որոշակի փաստաթղթեր ներկայացնել, որպեսզի ձևակերպումների գործընթացը սկսվի: Իսկ տվյալ դեպքում հայտարարատուն այդպիսի փաստաթղթեր չէր ներկայացրել»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ավելի վաղ արած հայտարարությանը, թե պատերազմի օրերին կառավարությունը զրահաբաճկոններ է գնել բարձր գնով՝ 600 դոլարով, Հովհաննիսյանն ասաց. «Առհասարակ զրահաբաճկոնները և ռազմական նշանակության ապրանքները ներկրվում և ձևակերպումներ են ստանում համապատասխան ընթացակարգով, որը ենթադրում է գաղտնիություն»: ՊԵԿ նախագահն այս հարցին հանրային մակարդակով չի կարող անդրադառնալ:

Անդրադառնալով ներմուծման գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ներմուծման գործընթացում իրենք կոռուպցիոն ռիսկեր չեն տեսել: «Քննություն կամ որևէ գործընթաց սկսելու հիմքեր չենք արձանագրել»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Անդրադառնալով տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հնարավորությանը՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ ապաշրջափակման վերաբերյալ մոտեցումները, նմանատիպ հարցերը քննարկման ընթացքում են, դեռևս չկա վերջնական պատկեր: ՊԵԿ-ն իր մասով նույնպես մասնակից է այդ քննարկումներին: