«Եթե պետությունը չի աշխատում, մարդիկ փորձելու են իրենց խնդիրները սեփական ուժերով լուծել»․ Նորայր Նորիկյանը՝ Արցախում կատարվածի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր առավոտյան արձանագրված դեպքն ինչո՞վ եք պայմանավորում։

– Այս ամենը պայմանավորված է ստեղծված լարված իրավիճակով։ Բնականաբար, եթե Հայաստանը կարողանար իր ուժերն ամբողջությամբ օգտագործել ու հասնել նրան, որ մի քանի օր առաջ իրենց հայրենի հողի վրա շինաշխատանքներ կատարող մարդկանց գնդակահարած ստահակը պատասխանատվության ենթարկվեր, ու, առհասարակ, ապահովվեր ռուսական խաղաղապահ առաքելության բնականոն գործունեությունը, մենք չէինք ունենա այսօրվա միջադեպն ու ադրբեջանական կողմի տարաբնույթ ոտնձգությունները։

Մեր քաղաքացու կողմից իրականացվածը ցասումի ձայն է, սա նաև որոշակի ճիչ է՝ պետական բոլոր մարմինների ուշադրությունը հրավիրելու, և, ընդհանրապես, ստեղծված իրավիճակի վերաբերյալ սթափության կոչ է, չասեմ՝ անզորության ձայն է, այլ մի իրավիճակ է, որ բոլորին սթափեցնելու ահազանգ է, որ Հայաստանը կարողանա լրջորեն բարձրացնել իր դիմադրողականությունն ու մարտունակությունը, ինչպես նաև, ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությունը բերվի այնպիսի մակարդակի, որ այսպիսի միջադեպերն ուղղակիորեն տեղի չունենան։

– Կարծում եք, ձեր բնորոշմամբ՝ այս սթափության կոչը իր նպատակին կծառայի՞։ Ընդհանրապես, այս միջադեպն ի՞նչ է փոխելու, Ադրբեջանն ավելի զգուշավո՞ր է դառնալու, թե՞ ընդհակառակը։

– Չեմ կարող ասել՝ նպատակին կծառայի՞, թե՞ չէ, բայց ես մտահոգված եմ այն առումով, որ ցանկացած պահի, փաստորեն, ադրբեջանական կողմը կարող է փակել Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը, ինչը կարող է աշխարհաքաղաքական լուրջ զարգացումների բերել։

Ինձ համար ամենամտահոգող հանգամանքն այն է, որ ադրբեջանցիների մտքով կարող է անցնել փակել այդ ճանապարհը, սա լրջագույն բարդություններ կառաջացնի։ Այդ սթափությունը հենց դրան է ուղղված, որ հայկական կողմը պետք է լրջորեն վերաբերվի այս մարտահրավերին, որովհետև միայն այդ ճանապարհի փակման տեսլականը կարող է հանգեցնել անգամ ռազմական էսկալացիայի։

– Պարո՛ն Նորիկյան, թշնամու կողմը նռնակ նետած անձի մասին հանրային արձագանքների մասով եմ ձեր մեկնաբանությունը խնդրում։ Նրան հերոսացնելն ու նմանատիպ այլ որակումներ տալը ինչի՞ կարող են բերել։

– Շատ կարճ ասեմ՝ եթե պետությունն իր տեղում լինի, պետական ինստիտուտները կատարեն իրենց առաջ դրված պարտականությունները, անհատի վրեժի մղումների անհրաժեշտությունը չի լինի։ Եթե այդ քաղաքացին տեսներ, որ իր եղբոր նկատմամբ իրականացված գազանային հանցագործության հետևից գնում են, պատշաճ հսկողություն իրականացնում են, պետությունը կատարում է իր գործառույթները, ապա վրեժի անհրաժեշտություն չէր առաջանա։ Բոլոր դեպքերում՝ կարծում եմ, որ սա պետք է ահազանգ լինի, որ ադրբեջանցիներին թույլ չտրվի փակել Հայաստան-Արցախ ճանապարհը, ինչի ռազմաքաղաքական հետևանքներն անկանխատեսելի են։

Բնականաբար, պետք է ավելի ուժեղացնել անվտանգության ապահովումը, այստեղ ռուսական խաղաղապահ առաքելությունը լուրջ անելիք ունի։ Ինձ համար նախ ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչպես կարողացավ ադրբեջանցի զինվորը գնդակոծել շինաշխատանք իրականացնողներին, բոլորովին անհասկանալի է։

Տեսանելի է, որ մարդկանց կյանքի իրավունքը վտանգված է, ցանկացած պահի նրանք կարող են հայտնվել գնդակոծության տակ, այստեղ Հայաստանը լրջագույն անելիք ու ասելիք ունի, խնդիր պետք է բարձրացնի նաև խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմի առաջ, որպեսզի հնարավոր լինի բացառել նման դեպքերը։

Ընդհանուր առմամբ, այս տեսարանն ինձ համար ողբերգական է այն առումով, որ ինչո՞ւ պետք է մենք այս իրավիճակում հայտնվեինք։

– Ձեզ ճի՞շտ հասկացա, որ եթե չկան արդարադատություն, պետական պատշաճ գործելաոճ, մենք նման իրավիճակների ականատե՞ս ենք լինելու։

– Բնականաբար, եթե պետությունը չի աշխատում, իրավասու մարմիններն իրենց աշխատանքը չեն կատարում, մարդիկ փորձելու են իրենց խնդիրները սեփական ուժերով լուծել։

– Իսկ դա ի՞նչ հետևանքների է հանգեցնելու, պարո՛ն Նորիկյան, 21-րդ դարում արդարադատությունն ու օրենքը մի կողմ թողնել, անցնել վրեժի՞։

– Դա ոչ մի բանի չի բերելու, չեմ կարծում, որ մենք պետք է անհատի վրեժի դրսևորումներով առաջնորդվենք, պետք է իրավասու մարմիններն աշխատեն, ուրիշ ոչինչ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am