«Չենք լռելու»-ի խորհրդի ներկայացուցիչը նախօրեին հանդիպել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Երեք ժամ տևած հանդիպումը տեղի է ունեցել պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ:
Փոխնախարարին են ներկայացվել մի շարք նկատառումներ` կապված բանակում տեղի ունեցող դժբախտ պատահարների պատճառների վերացման հետ: Մասնավորապես, հայտնվել է, որ չափազանց անարդյունավետ է սերժանտների պատրաստման ձևական համակարգը, և այստեղ արևմտյան երկրներում առկա փորձը փոխառելու կարիք կա: Պակաս մտահոգիչ չէ նաև ժամանակակից պահանջներին համապատասխանող սպայական կադրերի պատրաստման խնդիրը:
Սպասվող զորակոչին ընդառաջ «Չենք լռելու»-ի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել` կապված նորակոչիկների բուժզննման և ըստ զորամասերի տեղաբաշխման հետ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակի հետ կապված գլխավոր կոռուպցիոն ռիսկերն առկա են հենց այս փուլում, իսկ հանցավոր պայմանավորվածություններն, հիմնականում, իրականացվում են զինկոմիսարիատների միջոցով:
Դ. Տոնոյանը, ով, ի տարբերություն հայկական բանակի բարձրաստիճան սպայակազմի մեծամասնության, շատ կիրթ մարդու տպավորություն է թողնում, կիսել է սերժանտական և սպայական կազմերի պատրաստման հետ կապված մտահոգությունը` հայտնելով, որ այդ ուղղությամբ պաշտպանության նախարարությունը քայլեր է ձեռնարկում: Հիվանդ զինվորներին բանակ զորակոչելու, իսկ առողջներին կաշառքով ազատելու հետ կապված խնդրի վերաբերյալ Դ. Տոնոյանը նշել է, որ զինծառայությունից առողջական խնդիրներից ելնելով վերջնական տարկետումն տալիս է կառավարության որոշմամբ ստեղծվող բժշկական հանձնաժողովը, որը դուրս է ՊՆ-ի վերահսկողությունից: «Չենք լռելու»-ի ներկայացուցիչը հիշեցրել է փոխնախարարին, որ այդ հանձնաժողով հասնելու համար անհրաժեշտ է նախ ունենալ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից տրված ուղեգիր, իսկ զինկոմիսարիատները, ինչպես հայտնի է, ՊՆ-ի ենթակայության տակ են: Դրան ի պատասխան պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ոչինչ չասող և ոչ ադեկվատ պատասխան է տվել` կոռուպցիոն ռիսկերը կրկին բարդելով միայն կառավարության որոշմամբ ստեղծվող հանձնաժողովի վրա:
Անդրադառնալով բանակ զորակոչվելու հետ կապված մեկ այլ, նորակոչիկների` ըստ զորամասերի տեղաբախշման խնդրին (երբ, կաշառք տալով, կարող ես ծառայել քո նախընտրած վայրում, իսկ մնացած նորակոչիկներով համալրվում են ամենահեռավոր զորամասերը)` «Չենք լռելու»-ի ներկայացուցիչը առաջարկեց հասարակական վերահսկողություն հնարավորություն ընձեռել այդ գործընթացի նկատմամբ` «Բանակն իրականում» նախաձեռնությանը, այլ քաղաքացիական միավորումներին ու հասարակական կազմակերպություններին: Պաշտպանության փոխնախարարին առաջարկն ակնհայտորեն դուր չեկավ, և հնչեցին թեմայի հետ որևէ առնչություն չունեցող լիրիկական պատասխաններ (օրինակ` «պետք է այնպես անել, որ Ղարաբաղում ծառայելը ամեն մեկի համար պատիվ լինի» և այլն):
Ընդհանրապես, զրույցի ողջ ընթացքում Դ. Տոնոյանը պայմանավորում էր տարրական կոռուպցիոն ռիսկերի վերացումը մտածելակերպի գլոբալ, գրեթե միֆական, փոփոխությամբ, ինչը ոչ այլ ինչ է, քան կոնկրետ խնդիրների լուծումից խուսանավելու փորձ:
Ցավոք, պաշտպանության փոխնախարարի հետ հանդիպումն էլ ավելի մեծ կասկածի տակ դրեց հավատը, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը բանակի և հասարակության միջև առկա անջրպետն ընդունում է համարժեքորեն և պատրաստվում է փոխել իր աշխատաոճը:
Հանդիպման վերջում «Չենք լռելու»-ի ներկայացուցիչը սուր քննադատության է ենթարկել պաշտպանության փոխնախարարի մոտեցումները` կապված բանակում իրավիճակի առողջացման հետ` կարծիք հայտնելով, որ արատավոր երևույթների պատճառների վերացման համար անհրաժեշտ վճռականություն ու կամք նրա կողմից չի ցուցաբերվում:
Բանակում իրական բարեփոխումների միակ հույսը մնում է պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ումից բացի ՊՆ-ի որևէ այլ պաշտոնյայի հետ հանդիպելու բոլոր հրավերքները «Չենք լռելու»-ի կողմից հետայսու մերժվելու են:
Ամենավտանգավոր և անհեռանկար բանը, որ կարելի է այժմ անել, բարեփոխումների իմիտացիան է:
Medialab.am