«Իրավիճակը չի հասնի բախումների, որովհետև ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը մերժում է խնդիրները բռնությամբ լուծելու պրակտիկան». Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը

– Պարո՛ն Սաքունց, վերջին օրերին ընդդիմության ու իշխանության կողմից բռնության մասին հայտարարություններ են լինում։ Ընդդիմադիրներն իրենց ակցիաներում հայտարարում են, որ ժողովուրդը պետք է պատրաստ լինի ապստամբության։

Իշխանության ներկայացուցիչները կոշտ հակահարված տալու մասին հայտարարություններ են անում։ Մասնավորապես, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ եթե մարդիկ մտածում են, որ շենքեր պետք է գրավեն, պետք է մտածեն նաև, որ իրենց վրա կարող են կրակել։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

– Ընդհանրապես բռնությամբ քաղաքական խնդիրներ լուծելու ցանկացած փորձ անխուսափելիորեն հանգեցնելու է ճգնաժամի էլ ավելի խորացմանը, որի ծայրահեղ դրսևորումը շատ լավ գիտենք՝ դա քաղաքացիական պատերազմն է։

Չեմ կարծում, որ Հայաստանում կհասնի այդ վիճակին, բայց նման վիճակի հասցնող կոչերից պետք է զերծ մնան պետության մասին մտահոգություն արտահայտողները։ Դա այն ճանապարհը չէ, այն միջոցները չէ, որով կարելի է պետությունը փրկել։

Եվ այս առումով, իհարկե, խիստ դատապարտելի է թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչների նման հայտարարությունները։

Առավել ևս իշխանությունը պարտավոր է գործել բացառապես օրենքի շրջանակներում։ Եվ բոլոր հակաիրավական և հակապետական գործողությունները կարող են կասեցվել ոչ թե ապօրինի մեթոդներով, այլ բացառապես միայն օրինականության շրջանակներում։

Այսինքն՝ եթե մի կողմը կոչ է անում ապստամբության, այդ թվում՝ նաև բռնի մեթոդներով, ապա նման կոչով չպետք է հակադարձել։

Անթույլատրելի է նման ոճով հակադարձելը, մանավանդ քաղաքական գործիչների շուրթերով։ Ամեն մի հայտարարություն պետք է ունենա կոնկրետ հասցեատեր՝ իրավական պատասխանատվության տեսանկյունից։

Միանշանակ է, որ մենք ունենք բավական լուրջ վիճակ, համակարգային խնդիրներ, որոնց լուծումը բռնությամբ երբեք չի լինելու։

Մի հանգամանք էլ կուզեմ նշել՝ դուր է գալիս, թե դուր չի գալիս, հարյուր հազարավոր քաղաքացիներ ոչ բռնի մեթոդով հեղափոխության բացառիկ օրինակ են ցույց տվել։

Այդ թավշյա հեղափոխությունն այն եզակի օրինակներից է, երբ ՀՀ քաղաքացիները օրինակ են ցույց տվել քաղաքական դաշտի ներկայացուցիչներին, թե ինչպես պետք է լինի պատասխանատվությունը պետության հանդեպ։

Եվ այդ օրինակը նսեմացնելու կամ հաշվի չառնելու բոլոր փորձերը՝ նույնականացնելով հեղափոխությունը որևէ քաղաքական ուժի հետ, դատապարտված են, սուտ են, անհիմն ու գիտակցված կեղծիք են։

Իսկ դրա ամենավառ վկայությունն այն է, որ, ինչպես տեսնում ենք, քաղաքացիների գերակշիռ մասը որևէ աջակցություն ցույց չի տալիս բռնությամբ խնդիրներ լուծողներին։

– Այսինքն՝ այդ մեթոդով իշխանության եկած իշխանությունն այսօր սպառնում է բռնությա՞մբ։ 

– Դա անթույլատրելի է։ Ընդհանրապես, իշխանության պատասխանատվությունը կրկնակի է մեծանում այդ տեսանկյունից, որ ինքն ընդհանրապես իրավունք չունի նման կոչեր անելու։

Իշխանության պատասխանատվությունն այդ առումով շատ ավելի մեծ է, որովհետև ինքն ունի լիազորություններ, պարտավորություններ ու միջոցներ։ Եվ այդ միջոցները պետք է կիրառվեն բացառապես օրենքի ուժով ու օրենքի սահմաններում։

Ոչ թե որպես սպառնալիքի միջոց, այլ օրենքի առջև հավասար պատասխանատվության սկզբունքի տեսանկյունից, իրավունքի գերակայության սկզբունքի տեսանկյունից։

– Այս փուլում, հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները, բախումների վտանգ տեսնո՞ւմ եք։

– Ընդդիմությունը պետության փրկության մասին հայտարարություններով հանդես գալով՝ չպետք է թույլ տա այնպիսի հայտարարություններ, որոնք ոչ թե պետության փրկությանն են ուղղված, այլ պետության ոչնչացմանը։

Այնպես որ, եթե շարունակեն, դա պետք է կասեցվի։ Եվ, կրկնում եմ, իշխանությունը պետք է գտնվի կրկնակի ու քառակի զուսպ, տուրք չտա սադրանքներին։ Դրա համար պետք է լինի համբերություն, և դրա հիմքում պետք է լինի պատասխանատվություն։

Ես չեմ կարծում, որ իրավիճակը կհասնի դրան, որովհետև ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը մերժում է բռնությամբ խնդիրներ լուծելու պրակտիկան։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am