ՀՀԿ-Վանեցյան դաշինքը և Ռոբերտ Քոչարյանը ուզած-չուզած պայքարելու են իրար դեմ․ քաղաքագետ

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը-

-Պարո՛ն Բաղդասարյան, երեկ ուշ երեկոյան ՀՀԿ-ն հայտարարեց, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝  Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով։ Արդյոք սպասելի՞ էր նման դաշինքի ձևավորումը,  ի՞նչն է միավորում այս քաղաքական ուժերին։

– Պատճառն այն է, որ երկու ուժերի համար էլ շատ դժվար կլիներ միայնակ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հաղթահարել անցողիկ շեմը։ Իսկ այսպես, քանի որ երկուսն էլ ունեն բավականին լուրջ ռեսուրսներ՝ առաջին հերթին նյութական, նաև կառուցվածքային ու ինֆորմացիոն, քանի որ երկու ուժերի ղեկավարներն էլ նախկինում եղել են հատուկ ծառայությունների ղեկավարներ, անցողիկ շեմը հաղթահարելը հեշտ կլինի։

– Հիմնական պատճառը միայն դա՞ է, գաղափարական ընդհանրություններ, այնուամենայնիվ, ունե՞ն այս ուժերը։

– Անկեղծ ասած, Վանեցյանի ղեկավարած կուսակցության գաղափարախոսությանը ծանոթ չեմ, չգիտեմ էլ՝ գաղափարախոսություն կա, թե չկա, հետևաբար չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Գլխավոր պատճառը, այո՛, կարծում եմ դա է։

– ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու հայտարարությանը հաջորդեց Միքայել Մինասյանի վերջին գրառումը, որով վերջինս հրաժարվեց ընտրական գործընթացներին մասնակցելուց: 

– Ճիշտ որոշում է կայացրել, որովհետև նրա մասնակցությունն ավելի խոցելի կդարձներ այս դաշինքը, քան կօգներ։ Բայց նրա չմասնակցելուց շատ բան չի փոխվում, որովհետև Միքայել Մինասյանը առավելապես կարևոր է իր քարոզչական ռեսուրսներով և, կասկածից դուրս է, որ նա այդ ռեսուրսները տրամդրելու է այդ դաշինքին։ Նա գործընթացներին ակտիվ մասնակցելու է իր քարոզչական ռեսուրսների միջոցով։

– Հնարավոր ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ այս դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժի վրա, և ինչու՞ Արթուր Վանեցյանը դաշինք չկազմեց Քոչարյանի հետ։

– Կարծում եմ՝ դա ավելի խնդրահարույց կլիներ և՛ Վանեցյանի, և՛ Քոչարյանի համար։ Նրանց միջև ամեն դեպքում մրցակցություն լինելու է, որովհետև նրանք աշխատելու են նույն ընտրազանգվածի վրա։ Այսինքն՝ երկու կողմերի նպատակն էլ նույնն է՝ հեռացնել այս իշխանությանը և վերադառնալ այն ռեժիմին, որը կար մինչև 2018 թվականը։ Գաղափարական առումով դա նույնն է, հիմա նույն հարթության մեջ են երկուսն էլ, կոպիտ ասած, իրարից են ձայն փախցնելու և պայքարելու են իրար դեմ։

– Եթե գաղափարը նույնն է՝ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ երեք ուժերն էլ չմիավորվեցին։

– Եթե միավորվեին՝ շանսերն ավելի լուրջ կլինեին, չգիտեմ՝ ինչ խնդիրների պատճառով չմիավորվեցին։ Բայց, կրկնում եմ, որ պայքարելու են միմյանց դեմ, քանի որ այս ուժերին ձայն են տալու այն մարդիկ, որոնք զզվել են այս իշխանություններից, ստացվում է, որ նրանք խաղում են նույն դաշտում և ուզած-չուզած պայքարելու են միմյանց դեմ, եթե անգամ պայմանավորվեն միմյանց նկատմամբ կոռեկտ քարոզչություն իրականացնել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am