Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում

ՀՀ գլխավոր դատախազն այցելել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը հատկացված նոր վարչական մասնաշենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին, ինչպես նաև աշխատանքային խորհրդակցություն անցկացրել ոլորտը համակարգող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի, վարչության դատախազների և տնտեսագետների հետ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում սկսված և լայն թափով իրականացվող ուսումնասիրությունների վարույթների ընթացքին, աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին և դրանց լուծման եղանակներին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել մասնավորապես, ուսումնասիրության առարկա հանդիսացող գույքերի արժեքների գնահատման, անձանց ֆինանսական հոսքերի և մեխանիզմների պարզման, վերլուծության ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառման, վարչության աշխատանքների օպերատիվության, մասնագիտական ներուժի ավելացման նպատակով ներգրավված տնտեսագետների գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթացի պատշաճ իրականացման համար առանցքային նշանակություն ունեցող՝ պատկան այլ մարմիններից պահանջվող անհրաժեշտ տեղեկատվության ստացման խնդիրներին:    

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը, ի դեմս վարչության, ստանձնել է պետության և հասարակության համար առանցքային նշանակություն ունեցող և մեր երկրում նախադեպը չունեցող բնույթի և ծավալների՝ ապօրինի ծագում ունեցող գույքը, ակտիվները վերադարձնելու, իր իրական օրինական տիրոջը՝ պետությանը վերադարձնելու, այդպիսով սոցիալական արդարության վերականգնմանը նպաստելու հանձնառություն: Հետևաբար անհրաժեշտ է օրենքի պահանջներին համապատասխան, հարգելով մարդականց սեփականության իրավոււնքը, արդարացնել այդ ակնկալիքները:

Չնայած վարչության հսկայական ծանրաբեռնվածությանը՝ ՀՀ գլխավոր դատախազը վարչության դատախազներին հանձնարարել է էլ ավելի մեծ հետևողականությամբ և ակտիվությամբ իրականացնել իրենց գործառույթները՝ բավարար ապացուցողական բազայի հիման վրա հնարավորինս շուտ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հացեր ունենալու և դատարան ուղարկելու համար: