Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն 483 միջազգային և 8749 տեղական դիտորդներ

Early Parliamentary Elections in Armenia, 2021

ՀՀ ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային և օտարերկրյա 8 կազմակերպությունների 483 և տեղական 19 կազմակերպությունների 8749 դիտորդներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Այցելուի կարգավիճակով քվեարկության ընթացքին հետևելու իրավունք են ստացել 61 օտարերկրյա քաղաքացիներ։ Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել են տեղական 68 զանգվածային լրատվամիջոցների 745 ներկայացուցիչ և 50 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների մոտ 135 ներկայացուցիչ»,- ասաց Մուկուչյանը։

ԿԸՀ  նախագահը հիշեցրեց, որ ընտրական տեղամասերում տեղադրված են տեսախցիկներ և ընդհանուր 1500 տեղամասային կենտրոններից իրականացվում է քվեարկության ընթացքի, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի ուղիղ ժամանակային ռեժիմում հեռարձակում։
Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրությունների ընտրողների ցուցակներում ժամը 09։00-ի դրությամբ ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։ Քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել է 2008 ընտրական տեղամաս։